Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքներ.  ե՞րբ իրականություն կդառնան թղթի վրա մնացած միջազգային պարտավորությունները

Օգոստոս 08,2015 23:47

Հունիսի վերջին  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցը Հայաստանի վերաբերյալ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների նոր պարտավորություններ, սակայն թե դրանք,  երբ կյանքի կկոչվեն՝ լավատեսական սպասումները  քիչ են՝ հաշվի առնելով նախկին տարիների փորձը ու թղթի վրա մնացած բազում պարտավորությունները:

Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ) մի եզակի ու կարևոր գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետություններում, որոնք 4.5 տարին մեկ անգամ կանչվում են հաշվետվության:

Այս անդամակցության հիմքում ընկած է կամավորության սկզբունքը: Պետությունը պատրաստակամություն է հայտնում վերցնել իր վրա պարտավորություններ մարդու իրավունքների ոլորտում առկա որոշակի խնդիրների շտկման առումով և իրականացնել համապատասխան քայլեր այդ ուղղությամբ:

Դիտարկումը տեղի է ունենում ազգային զեկույցի, մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա:

Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին: Երկրորդ զեկույցը դիտարկվել է 2015-ի հունվարի 22-ին, իսկ հունվարի 27-ին ընդունվել է նախնական զեկույցը տրված հանձնարարականներով։

Հայաստանն, ընդհանուր թվով, ստացել է 189 հանձնարարական: Հունիսի 25-ին Ժնևում
Հայկական պատվիրակությունը ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ,  տեղեկացրեց, որ 189 հանձնարարականներից Հայաստանն ընդունել է 155-ը, 20-ն ընդունվել է մասամբ, 4-ը՝ չի ընդունվել, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներկայացված 10-ը առաջարկներ էլ մերժվել են:

Չնայած հանձնարարականների մեծ մասն ընդունվել է, որոնք հիմնականում վերաբերում են արդարադատությանը, երեխաների և կանանց իրավունքների, արտահայտվելու ազատության, սոցիալական ապահովության ու խտրականության հարցերին, սակայն հենց կառավարության ձեռնարկվող քայլերն ու այդ հանձնարարականների կյանքի կոչելն են հայ իրավապաշտպանները համարում վերջնական արդյունք՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նույնիսկ 2010-ի ՀՊԴ մեխանիզմով ստանձնած պարտավորություններից որոշները, որոնք  մինչև 2014-ը պետք է կատարվեին, դեռևս չի իրականացրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, ով ԲՀՀ համակարգած արդարադատության խնդիրների ուսումնասիրման խմբի մասնակից է եղել, ողջունելի է համարում այդքան մեծ թվով հանձնարարականների ընդունումը, սակայն ասում է, որ այժմ հարկավոր է լինել հետևողական, որպեսզի դրանք չմնան միայն փաստաթղթերում:

«​​Եթե նայում ենք նախկինում ընդունած հանձնարարականներին, դրանք ևս բավականին շատ էին, բավականին լավը և կարևոր մեր երկրի համար, սակայն եթե նույնիսկ դրանք օրենսդրական մակարդակով ընդունվել են, դա չի նշանակում, որ դրանք կիրառվում են առօրյայում, գործնականում»,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ հարկավոր է հանձնարարականներ տված երկրներն ավելի հետևողական լինեն նաև իրենց հանձնարարականները կատարելու առնչությամբ:

Ըստ իրավապաշտպանի՝ կան երկրներ, որոնք իսկապես հետևողական են, հարցնում են, թե ինչ է կատարվել, օրինակ` Ուրուգվայը, ԱՄՆ-ն, Եվրոպական երկրներ էլ հիմնականում միասին են կոորդինացնում իրենց հանձնարարականներն ու ըստ այդմ հետևում դրանց ընդունմանը:

«Սակայն քանի որ ամեն բան բավականին քաղաքականացված է, շատ դժվար է հետևել, որ այն երկրները, որոնք հանձնարարականներ են տալիս, իրենք էլ հետևողական լինեն դրանց ընդունման հարցում, բայց շատ հաճախ երկրի հետ հարաբերությունները չփչացնելու համար տեղի են տալիս»,-ասում է Գրիգորյանը:

Վարդինե Գրիգորյանն ասում է, որ իրենց աշխատանքային խմբի առաջնահերթությունն  արդարադատությունն էր, ոստիկանության կողմից խոշտանգումների բացառումը, դրանց արդյունավետ քննությունը, ինչպես նաև այն, որ խոշտանգումներով ձեռք բերված ցուցմունքները ոչ մի դեպքում չհամարվեն ընդունելի:

«Սակայն այս հարցերը դեռևս խնդիր են, նշել էինք նաև խտրականության բացառումն ու հավաքների ազատության իրավունքի ապահովումը, բացառվում էր և՛ լրագրողների, և՛ ակտիվիստների նկատմամբ բռնությունը»,-ասում է Գրիգորյանը:

Ու թեև մինչ առաջարկներն էլ բազմիցս խոսվել էր այս խնդիրների մասին, սակայն 2015-ի հունիսի 23-ը հերթական անգամ «ջուրը գցեց» տարված աշխատանքները՝ ցույց տալով, որ խոսքը դեռևս գործ չի դարձել, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի կենտրոնում պայքարող քաղաքացիներին ոստիկանությունն, այդ թվում նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները, բռնի ուժով, ջրցան մեքենայի կիրառմամբ բերման ենթարկեցին ոստիկանական բաժիններ և ժամեր շարունակ այնտեղ պահեցին նրանց: Այդ օրը բռնության ենթարկվեցին նաև հայաստանյան լրատվամիջոցների մոտ տասը լրագրող:

Իրավաբան, հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի ներկայացուցիչ Լուսինե Ղազարյանը, ևս ողջունելի է համարում հանձնարարականների ընդունումը, սակայն նույնպես կարծում է, որ սա դեռևս ոչինչ չի նշանակում:

«Մենք ակտիվ մասնակցում էինք նաև նախորդ՝ ՀՊԴ միջանկյալ զեկույցի պատրաստմանը,  որտեղ Հայաստանը բազմաթիվ առաջարկներ ստացավ մասնավորապես Խտրականության դեմ օրենքի ընդունման հետ կապված և հայաստանյան պատվիրակությունն ասաց, որ քննարկում են առանձին օրենքի նպատակահարմարությունը, սակայն նման օրենք առ այսօր չունենք»,-ասում է իրավաբանը:

Հայաստանը պարտավորվել էր ընդունել նաև ընտանեկան բռնության մասին օրենք, սակայն օրինագիծը մերժվեց 2013 թ. ՀՀ Կառավարության  կողմից:

Ըստ Ղազարյանի, մինչև գործնական քայլեր չձեռնարկվեն ու համագործակցություն չնախատեսվի այն կազմակերպությունների հետ, ովքեր հենց այս խմբերի հետ են աշխատում, արդյունք չի լինի:

«Կոմպլեքս միջոցառումների շարք է պետք նախատեսել այդ խնդիրների դեմն առնելու համար, միայն օրենքի ընդունումն էլ բավարար չէ, հարկավոր է մի շարք այլ մեխանիզմների՝ և՛ վարչական, և՛ կրթական միջոցառումների իրականացում»,-ասում է Ղազարյանը՝ հիշեցնելով, Վրաստանի փորձը, որտեղ ըստ Ղազարյանի,  թեև օրենքն ընդունվել է, սակայն գործնական կիրառություն դեռևս չունի:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով էլ,  ՀՊԴ-ն այնքան էլ արդյունավետ իրավապաշտպան մեխանիզմ չէ:  Ըստ Բարսեղյանի՝ զեկույցում մեր երկրի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ հարցեր հավուր պատշաճի չեն ներկայացվում։Levon-Barseghyan

«Օրինակ,  2010-ը շատ ծանր տարի էր, մենք ունեինք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, դրանից առաջ 10 հոգի էր սպանվել մարտի 1-ին, և մերոնց զեկույցում շրջանցվում էին այդ թեմաները և ջանում էին քաղբանտարկյալներին ներկայացնել որպես քրեական հանցագործներ»,-ասում է Բարսեղյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ) գրասենյակը դեռևս 2009-ից համակարգել է հայաստանյան շուրջ 10 հասարակական կառույցների կողմից այլընտրանքային զեկույցի պատրաստումը, 2012-ին՝ միջանկյալ զեկույցի պատրաստումը, իսկ 2015-ի երկրորդ փուլի համար համակարգել է քաղաքացիական հասարակության կողմից երկու այլընտրանքային զեկույցը, որին մասնակցել է 60 կազմակերպություն: Ձևավորվել է 6 խումբ,  ըստ ոլորտների և հենց ըստ ոլորտների անդրադարձ է կատարվել խնդիրներին:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասում է, որ իրենց ակնկալիքները ու սպասումները ոչ լիովին արդարացվեցին:Davit Amiryan

«Նախ, մենք ակնկալում էինք, որ ՀՀ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող քայլերը տեղ կգտնեն հետագայում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում, ակնկալում էինք նաև, որ պետությունն ակտիվ կհամագործակցի քաղաքացիական հասարակության հետ, և դա կլինի ոչ թե ձևական համագործակցություն, այլ հաշվի նստել ու հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարողություններն ու հնարավորությունները»,-ասում է Ամիրյանը՝ հավելելով, որ այս երկու մակարդակում էլ ակնկալիքները առավելագույնս չեն իրականացել:

«Այս ամբողջ ընթացքում քաղաքացիական հասարակությունն ուզում էր լինել օգտակար, ոչ միայն ցույց տալով խնդիրներն, այլ նաև հստակ առաջարկելով լուծման տարբերակներ,-ասում է Ամիրյանը՝ շեշտելով, որ քաղաքացիական հասարակությունն այս ընթացքում միայն քննադատողի դերում չէր և բոլոր արված առաջարկություններն իրենց հետևում ունեին լուրջ վերլուծություններ, ուսումնասիրություններ, զեկույցներ, մշտադիտարկման հաշվետվություններ.

-Ամբողջ մեկ տարի կառավարության համապատասխան մարմիններին փորձում էինք հրամցնել հստակ ձևակերպված խնդիրներն ու լուծումները, նույնը փորձում էինք անել արդեն հանձնարարականների ընդունումից հետո, սակայն այս համագործակցությունը չեմ կարող համարել շատ արդյունավետ և այդ փոխշահավետ համագործակցության չստացվելը քաղաքացիական հասարակության մեղքը չէր»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Մարինե Մալխասյանն ասում է, որ սեպտեմբերին պատրաստվում են հանդիպում անցկացնել Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և կառավարության միջգերատեսչական խմբի հետ, որի ընթացքում կքննարկվեն հանձնարարականները, ինչպես նաև համագործակցության ոլորտները և ուղղությունները:Marina Malkhazyan

«Թեպետ հանձնարարականների կյանքի կոչվելու գործընթացին հետևելու այդպիսի պարտականություն չունենք, սակայն հետևում ենք մեր աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով. դուրս ենք բերում առաջնահերթություն ունեցող հանձնարարականները, որոնցով էլ իրականացնում ենք ծրագրեր: Նաև կառավարության և քաղհասարակության հետ երկխոսության միջոցով փորձում ենք հասկանալ, թե ինչպես են իրականացվում հանձնարարականները, և ինչպես կարող ենք օգնել մեր ծրագրերի միջոցով դրանց առավել արդյունավետ իրականացմանը»,- ասում է Մալխասյանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31