Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ասել, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվել է ագրեսիա, կնշանակի ոչ կոռեկտ գնահատել իրավիճակը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 09,2015 12:09

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

   -Հայաստանյան որոշակի շրջանակներ չեն դադարում շրջանառել, թե Ադրբեջանը, լարվածություն ստեղծելով, նպատակ ունի ԼՂ հարցում Ռուսաստանից պոկել որոշակի համաձայնություններ, միաժամանակ ինքն էլ խոստումներ է շռայլում Մոսկվային, ինչի գինը Ղարաբաղն է: Նաեւ կանխատեսումներ են արվում, թե ուր որ է՝ Մոսկվան Երեւանին զիջումների է պարտադրելու: Որքանո՞վ են իրատեսական սրանք:

 
-Ծիծաղելի մոտեցում է, ներկայումս այս կանխատեսումներն անհնարին են, անիրականանալի: Դրանք դիտում եմ որպես տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մաս. այդ մտքերը միտումնավոր շրջանառում են այլ պետությունների շահերի պաշտպանները: Անընդունելի եմ համարում նման միտումը, որի նպատակն է կասկած, թերահավատություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում: Ի դեպ, հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելը նաեւ Ադրբեջանի նպատակն է, ինչն այդ երկիրն անում է հենց Ռուսաստանում՝ իր լոբբինգի միջոցով:
Բացի դրանից, Ադրբեջանը մշտապես է խոստումներ տվել Մոսկվային, որ եթե վերջինս օգնի իրեն վերադարձնելու ազատագրված տարածքներն ու Շուշի քաղաքը, ապա ինքը կհամաձայնի իր տարածքում ռուսական ռազմակայան տեղակայել, սահմանը համատեղ պահպանել, կվերանայի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը, Կասպյան ավազանում էլ կանի այն, ինչը կբխի Ռուսաստանի շահերից:

Սա ամենեւին նոր բան չէ, այս մարտավարությունը Ադրբեջանը մշտապես գործադրել է: Բայց մի բան հստակ է՝ առանց Հայաստանի համաձայնության Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց հնարավոր չէ լուծել: Իսկ մենք շատ լավ գիտենք՝ Հայաստանը նման զիջման երբեք չի գնա:

Նաեւ հիշեցնեմ 2010-ին կնքված հայ-ռուսական բազային պայմանագիրը, ուր նշված է՝ ՌԴ-ն պարտավորվում է ապահովել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը: Ի՞նչ է սա նշանակում. Ռուսաստանը Հայաստանը դիտում է դաշնակից երկիր, իսկ Ադրբեջանը՝ որպես հնարավոր հակառակորդ:

Ռուսաստանի ստորագրությունը նշանակում է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, իրականացնի ագրեսիա, ապա Ռուսաստանը կմտնի պատերազմի մեջ: Նման պայմանագրի առկայությունից հետո խոսել այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունները կարող են փոխարինվել ռուս-ադրբեջանականով, մեղմ ասած, անիրատեսական է:

Չմոռանաք, որ եթե ռուս-ադրբեջանական հարաբերությունները գործընկերային կամ տնտեսական շահ հետապնդող են, ապա հայ-ռուսականը՝ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են՝ հիմնված լրջագույն փաստաթղթերի վրա:

-Ժամանակը չէ՞, ուրեմն, որ գործեն այդ ռազմավարական փաստաթղթերը, մենք զգանք ռազմավարական գործընկերոջ աջակցությունը, գուցե նաեւ տեղին է հիշեցնել բազմիցս հնչած հարցը՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ պարտավորություններ չունի՞: Չէ՞ որ Ադրբեջանն այսօր ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ հենց Հայաստանի հանդեպ է ագրեսիա իրականացնում սահմանային գյուղերի ուղղությամբ կիրառելով անգամ խոշոր տրամաչափի հրազեն: 

– Ասել, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվել է ագրեսիա, կնշանակի ոչ կոռեկտ գնահատել իրավիճակը, քանի որ ագրեսիա չի եղել: Իսկ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետում գրված է՝ պետություններն աջակցում են, ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերում միայն ագրեսիայի դեպքում, եւ այն ժամանակ, երբ ագրեսիայի ենթարկված պետությունը, օգնության ակնկալիքով, դիմում է ՀԱՊԿ-ին:

Սակայն, կրկնում եմ, ագրեսիա չի կատարվել, Ադրբեջանի կողմից եղել է զինադադարի պայմանագրի կոպիտ խախտում:

Բացի դրանից, ՀՀ պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ մենք չենք դիմում ՀԱՊԿ-ին, որովհետեւ մեր բանակի ուժերը բավարար են կանխելու ադրբեջանական ոտնձգությունները: Այսօր մեր բանակում տագնապ չի հայտարարված, ու այն ուժերը, որոնք տեղակայված են շփման գծում, լիովին իրականացնում են անհրաժեշտ մարտական ծառայություն, նրանց գործողությունները բավարար են ադրբեջանական կողմին զսպելու համար:

Իսկ այսօր կարող է միջամտել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես հակամարտության կարգավորման միջնորդ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930