Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է տեղի ունեցել ռեկտորի եղբոր սպանությունը. ամբաստանյալ Արման Կատունյանի ցուցմունքները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2015 19:49

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է նրա հարեւանը՝ Արման Կատունյանը, որը զբաղեցնում էր ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետի պաշտոնը:

datavorԱրման Կատունյանը հրաժարվեց դատարանին ցուցմունք տալ, որի պատճառով էլ դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալն իր ցուցմունքում նշում է, որ Հարություն Գրիգորյանին ճանաչում է փոքր հասակից, նրա ընտանիքի հետ ունեցել է նորմալ, հարեւանական հարաբերություններ, իսկ վերջին 2-3 տարում շատ մոտ ընկերական հարաբերություններ: «2014 թվականի փետրվարից սկսած Հարություն Գրիգորյանը մեր ընտանիքի, ավելի կոնկրետ իմ ու կնոջս կյանքը վերածել էր իսկական դժոխքի: Մեր ընտանիքների մտերմանալուց հետո Հարությունը սիրահետել է կնոջս: Կնոջս՝ ինձ տեղեկացնելուց հետո ես որոշակի գործողություններ եմ ձեռնարկել պարզելու համար, թե արդյոք կինս ամբողջ ճշմարտությո՞ւնն է ինձ պատմում: Արդյունքում պարզվեց, որ նրանց միջեւ որեւէ իրական կապ չի եղել, Հարությունի կողմից դրսեւորվել է առողջ ու բանական մարդուն ոչ վայել վարքագիծ, անգամ այն բանից հետո, երբ ես իմացել եմ ամեն ինչ: Հանդիպել ու զրուցել եմ նրա հետ, սաստել, որպեսզի նա դադարեցնի այս ամենը: Նա շարունակում էր տարբեր հեռախոսահամարներից զանգել կնոջս, եղել են դեպքեր, երբ հետեւել է նրան աշխատանքի գնալուց կամ աշխատանքի վայրում: Բոլոր դեպքերում կինս ինձ տեղյակ է պահել այդ մասին», -նշել է ամբաստանյալը:

Lusine SahakyanԸստ նրա, ինքը հայտնվել է անելանելի վիճակում. կատարվածի մասին բարձրաձայնել չէր կարող, քանի որ ամեն մեկը կարող էր տարբեր կերպ ընկալել: «2014 թվականի հուլիսի 24-ին առավոտյան, ժամը 10-ի սահմաններում իր բջջային հեռախոսով իմ հեռախոսին է զանգահարել Հարությունը եւ հանդիպման է հրավիրել գյուղ Աղին՝ ասելով, թե ապացուցելու է իր ու կնոջս կապը: Հեռախոսով մեր մեջ վիճաբանություն տեղի ունեցավ, որի ընթացքում Հարութը հերթական անգամ սպառնաց, թե այսօր մեզանից մեկն է կենդանի մնալու: Չուզենալով հասնել գյուղ Աղին եւ մի փոքր վախենալով, քանի որ նա ադեկվատ չէր խոսում, ասացի, որ Աղին չեմ հասնելու: Ասացի՝ արի Գյումրի, ես կգամ քեզ ընդառաջ, կհանդիպենք Գյումրիի սկզբնամասում: Կնոջս ասացի՝ արի գնանք, տեսնենք էս հիվանդը ի՞նչ է ուզում ու միասին դուրս գալով իմ անձնական «Օփել» մակնիշի մեքենայով՝ գնացինք հանդիպման: Գետք գյուղի տարածքում նկատեցի, որ Հարությունի ավտոմեքենան, հանդիպակած երթեւեկելով, անցավ դեպի Գյումրի: Զանգահարեցի նրան, ասաց՝ ինչ-որ անձնավորություն կա իր հետ, ճանապարհի նրան ու կգա: 5 րոպե անց նա եկավ՝ հենց սկզբից տարօրինակ վարքագիծ դրսեւորելով: Եկավ, ծխախոտն ու կրակայրիչը ձեռքին՝ հարվածեց մեքենայիս դիմապակուն, ասելով, թե պիտի ապացուցի..

Մոտեցավ իր մեքենային, բացեց հետեւի ձախ դուռը, ես հետեւեցի նրան ու տեսա, որ հերթականությամբ դրված էին, ինչքան հիշում եմ, կիլոգրամանոց փաթեթով աղ, հաց, որոնք դրված էին պոլիէթիլենային թափանցիկ տոպրակի մեջ, հացի վրա դրված էր ոսկեգույն փոքրիկ արձանիկ, դրված էր հեղուկի տարայի նման առարկա, որ կարծեմ թափանցիկ էր: Դուռը բացելուց հետո նստատեղից վերցրեց մի պտղունց աղ, սկսեց ցփնել իմ վրա՝ ասելով ընտանիքով ընկած եք հետեւիցս, ինձ թուղթուգիր եք արել, ինձանից կաշիս ու ոսկորս է մնացել: Հետո ցույց տալով արձանիկը, ասաց՝ ահա թուղթուգիրը, մեր տնից եմ գտել, կինդ է ինձ տվել», -գրված էր Արման Կատունյանի ցուցմունքում:

Yervand VarosyanԸստ ամբաստանյալի, ինքը փորձել է արձանիկը նետել Հարություն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ ու հանկարծ նկատել է ատրճանակի կոթ: Այդ պահին Հարություն Գրիգորյանը մոտեցել է իր ավտոմեքենային, սակայն Կատունյանը չի թողել, մի կողմ է հրել նրան: Ամբաստանյալի պատմելով, Հարություն Գրիգորյանը շարունակել է ոչ ադեկվատ պահվածք դրսեւորել, շարունակել է գոռալ, որ իրեն թուղթուգիր են արել, որ նիհարել է, բացել է որովայնը, բռնել ու ուժեղ քաշել է կաշին, իջեցրել ու վերեւ է քաշել անդրավարտիքը, ասել է՝ կաշիս ու ոսկորս են մնացել:

Այնուհետ, Հարություն Գրիգորյանը շարժվել է դեպի իր մեքենայի ձախ դուռը, սակայն, ըստ Կատունյանի, ինքը նրան մի կողմ է քաշել ու անձամբ է բացել նրա մեքենայի դուռը: Ու համոզվելով, որ իր տեսածը իրոք ատրճանակ է, վերցրել է այն ու դրել գոտկատեղին, որպեսզի հանկարծ Հարություն Գրիգորյանը չվերցնի ու չկրակի:

Այնուհետ, ըստ Արման Կատունյանի, Հարություն Գրիգորյանը գոռացել է, որ նրանք մարդ չեն, չպիտի ապրեն, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ՝ հայհոյելով թե՛ Կատունյանի մորը, թե՛ կնոջը:

Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն, այդ պահին իր կինը՝ Ջեմմա Խաչատրյանը, կանգնած է եղել իրենց մեքենայի վարորդի կողքի դռան մոտ, Հարություն Գրիգորյանը փորձել է վազել դեպի Ջեմմա Խաչատրյանը, սակայն Արման Կատունյանը ոտքով պահել է նրան ու վերջինս վայր է ընկել: «Ապա վեր կենալով, միաժամանակ վերցնելով մի մեծ քար ու գոռալով՝ մինչեւ հիմա կնոջդ չեմ կարողացել անել, անելու եմ, մորդ էլ եմ անելու… այդ պահից սկսած ես այլեւս չեմ հիշում ինչ կատարվեց: Միայն հիշում եմ, որ կինս ինձ ուշքի էր բերում», -նշում է Արման Կատունյանը: Նա նաեւ նշում է, որ դեպքից որոշ ժամանակ անց է հասկացել ու նկատել, որ ատրճանակը իր մոտ է ու այն թողել է Աշոցքի գյուղի հատվածում, գերեզմանների մոտ:

Լրացուցիչ ցուցմունքում Արման Կատունյանը նշում է, որ իր կինն անչափ խանդոտ է, որի պատճառով իրենց միջեւ վեճեր են տեղի ունեցել, ու այս ամենի մասին տեղյակ է եղել իրենց մտերիմը՝ Հարություն Գրիգորյանը: Կինը սկսել է հետեւել ամուսնու գործողություններին, որին օգնել է Հարություն Գրիգորյանը:

Արման Կատունյանի ասելով, իր մտքով չի էլ անցել, որ այդ ամենի հետ Հարություն Գրիգորյանը կարող է կապ ունենալ: Սակայն մի օր Ջեմմա Խաչատրյանը իր ամուսնուն՝ Արման Կատունյանին ասել է, որ Հարություն Գրիգորյանը առաջարկություն է արել իրեն: Երբ Արման Կատունյանը հաշիվ է պահանջել Հարություն Գրիգորյանից, վերջինս հրաժարվել է, թե նման բան չկա: Արման Կատունյանը սկսել է հետեւել նաեւ կնոջը, կասկածները փարատելու համար գաղտնի ձայնագրող ծրագիր է տեղադրել կնոջ հեռախոսում ու ամեն անգամ լսելով կնոջ ու Հարություն Գրիգորյանի խոսակցությունը՝ ավելի է համոզվել, որ կինն անմեղ է: Կինը հեռախոսազրույցների ընթացքում պահանջել է այլեւս չզանգել իրեն, իսկ Հարություն Գրիգորյանը սպառնացել է խայտառակ անել:

Արման Կատունյանի ցուցմունքի համաձայն, մի անգամ էլ Հարություն Գրիգորյանի խնդրանքով Արման Կատունյանն ու նրա կինը դուրս են եկել Գյումրիից, որտեղ Հարություն Գրիգորյանն ասել է. «Ես սիրում են Նանային, չեմ կարող ապրել առանց նրա, արի ես ինձ խփեմ, դու քեզ, ո՛չ իմը լինի, ո՛չ քոնը»:

Այնուհետ, Արման Կատունյանի ասելով, իր ձեռքն է ընկել կնոջ նոթատետրը, որտեղ նա գրել է, որ պիտի կյանքին վերջ դնի: Արման Կատունյանը նաեւ ասաց, որ ընտանիքով հանգստից վերադառնալուց հետո կնոջն է զանգահարել անծանոթ մի տղամարդ ու ասել, որ հետաքրքրված է իր երեխայի թղթերը դպրոցից վերցնելու հարցով: Հիշեցնենք, որ Ջեմմա Խաչատրյանն աշխատում էր դպրոցում՝ որպես ուսմասվար: Վերջինս խորհուրդ է տվել դիմել դպրոցի մյուս ուսմասվարին: Քիչ անց նորից է հնչել հեռախոսազանգը ու տղամարդը Ջեմմա Խաչատրյանին ասել է, թե մյուս ուսմասվարը՝ Արտակն է ձեր հեռախոսահամարը տվել՝ ասելով, որ թեթեւ կին է Նանան, կարող եք զանգել ու խոսեցնել:

Ամբաստանյալը, որ հրաժարվել էր ցուցմունք տալ դատարանում, ձայն խնդրեց ու ասաց, որ ըստ իր համոզման, այդ տղամարդը եղել է վարսավիրը, որը մոտ էր Հարություն Գրիգորյանի հետ: Նա նշեց, որ վարսավիրի ձայնից է հասկացել, որը եկել էր ցուցմունք տալու դատարանում:

Ինչեւէ, Արման Կատունյանը իր լրացուցիչ ցուցմունքներից մեկում նշում է, որ ինքը դեպի օրը շշմած, շոկային վիճակում է եղել, չի հիշել ինչ է կատարվել, իրեն ուշքի բերող կնոջն է հարցրել, թե ո՞ւր է Հարությունը, տեսադաշտում չկա, ի՞նչ է կատարվել, կրակե՞լ է , սպանե՞լ է նրան: Կինը՝ Ջեմմա Խաչատրյանն ասել է, որ կրակոցներ է լսել: Արման Կատունյանը, մտածելով, որ ինքը ամենայնն հավանականությամբ հանցագործություն է կատարել, մեքենայով հասնելով Գյումրի, որոշել է հեռանալ Հայաստանից: Սակայն նախքան Վրաստանի սահման հասնելը, զանգահարել է աներոջը ու խնդրել, որ կնոջն ու երեխաներին ճանապարհի Կրասնոդար, նա արդեն պայմանավորվել էր իր ընկերոջ հետո, որպեսզի նրանց դիմավորեր ու տեղավորեր հյուրանոցում:

Ըստ ամբաստանյալի, ինքը ինտերնետով է տեղեկացել, թե ինչ է կատարվել: «Ցավում ու զղջում եմ կատարվածի համար, ես չեմ ուզել սպանել Հարությունին: Երեք օր մնացի Վրաստանում, այնուհետ վերադարձա, եկա ոստիկանություն ու պատմեցի կատարվածը»,-նշում է Արման Կատունյանը:

Նրա հարցաքննությունների մի մասը կատարվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930