«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պնդում է, որ Հայաստանին պետք է եվրոպական ալիք: Այսօր անցկացվող «Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին. առկա տնտեսական ու քաղաքական հետեւանքները» թեմայով կլոր սեղանին տիկին Սեդրակյանը նշեց, որ անհրաժեշտություն է տեսնում՝ գոնե մեկ հեռուստաալիքի ներքո գոյություն ունենա եվրոպական նորությունների համարժեք լուսաբանում: Նա պատճառաբանեց. «Միայն տեղեկատվական գիծն ի զորու է փոխել Հայաստանի միջին ստանդարտ մտածողությունը, որ ցրվի այն իլյուզոր մակարդակը, որը կա հայ հասարակության մեջ: Միայն մի օրինակ բերեմ ռուսական OPT ալիքից: Մի ռեպորտաժում նախադասություն հնչեց, թե նախագահ Պուտինը հրաման է տվել տիեզերքում հաստատել կարգուկանոն: Ահա տեղեկատվական նման հոսքերի պարագայում էլ հայ հասարակության մեջ ձևավորվում են այդ իլյուզիաները»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մտահոգություն ունի, որ անգամ սահմանադրական փոփոխությունների՝ ԱԺ-ում քննարկման ժամանակ հնչում են մտահոգություններ, որ Եվրոպայի մատը խառն է:
Իսկ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ մտահոգիչ է այն, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ թիրախը ընտրություններն եմ: Ըստ նրա՝ այս փոփոխությունները ժամանակավրեպ են:
Պակաս մտահոգիչ չէ իրավիճակը նաև Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո: Aravot.am-ի հարցին՝ արդյոք տապալված կարելի՞ է համարել այդ գագաթաժողովը Հայաստանի համար, մանավանդ, որ ստացվեց այն տպավորությունը, որ ՀԱՊԿ գագաթաժողովում ԼՂ հիմնախնդիր չկա, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Որքան տնտեսական բաղադրիչ չունի ԵՏՄ-ն, այնքան էլ անվտանգության բաղադրիչ չունի ՀԱՊԿ-ը: Երկու կառույցներն էլ զուտ քաղաքական խնդիրներ են լուծում, և երկուսն էլ չեն աշխատում»:
Կարդացեք նաև

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































