Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Մշակութային նոր մոդել փնտրելիս

Սեպտեմբեր 21,2015 15:30

Հայկականը պետք է տարբերվի ռուսականից, եվրոպականից եւ ամերիկյանից

«Դու հեչ կուլտուրա չունես»՝ երբեմն ասում են մարդիկ, երբ ուզում են ցույց տալ դիմացինի սխալ, ոչ բարեկիրթ վարքը: Այդ արտահայտությունը ճշգրիտ չէ, որովհետեւ իրականում «կուլտուրա» (մշակույթ) ունեն բոլորը. այս մոլորակում ապրող 7 միլիարդ մարդիկ որոշակի մշակույթի կրողներ են: Օրինակ՝ երբ Շմայսը ընդդիմադիր պատգամավորին սպառնում է բռնաբարությամբ, դա այն մշակույթն է, որն ընդունված է իր միջավայրում կամ գուցե իր կուսակցությունում: Երբ տաքսիստը մեքենայում ծխում է, «ռաբիս» երաժշտություն է միացնում եւ հաճախորդին խոսացնում է քաղաքական թեմաներով՝ իր փառահեղ, «ոչ վարորդական» անցյալը շեշտելով, դա կազմում է հայ տաքսիստների մշակույթի անբաժանելի մասը: Իմ պատանեկության տարիներին տարածված էր գիրք կարդալու մշակույթը, այսօր ընդունված է կարդալ համացանցում դրված, ընդհանուր առմամբ՝ պակաս բանական ու պակաս մշակված տեքստերը: Այս տեկտոնիկ մշակութային փոփոխությունը բերել է մարդկանց ինքնուրույն մտածողության նվազման եւ մարդկանց վերահսկելիության. ինձ համար ակնհայտ է, որ on-line գտնվող մարդուն ավելի հեշտ է վերահսկել:

Պետրոս Առաջինը կտրել էր տալիս բոյարների մորուքները եւ ստիպում, որ նրանք դանակ-պատառաքաղով ուտեն: Եվրոպական մշակույթ ներմուծելու հիրավի հերոսական ջանքեր էին: Ռուսաստանում, սակայն, բարեփոխումների եւ արդիականացման փորձերն ավարտվում են հետադարձ շարժմամբ եւ «արմատներին վերադարձով»: Մշակութային որոշակի կարծրատիպեր շատ խորն են նստած այդ ժողովրդի մեջ:

Հայաստանը կանգնած է նոր մշակութային մոդելներ ստեղծելու անհրաժեշտության առջեւ: «Ինչպե՞ս,- գուցե կզարմանան ոմանք,- մենք՝ մեր դարավոր մշակույթով, առանց այդ էլ բոլորից լավն ենք»: Բայց մեր դարավոր մշակույթը չի ստեղծել քաղաքական եւ տնտեսական կյանքի մոդելներ: Իսկ վերջիններս չպիտի կապկեն ոչ եվրոպականը, ոչ էլ, առավել եւս՝ ամերիկյանը, բայց պետք է հնարավորինս հեռանան այսօր գերիշխող ռուսական մոդելներից: Խոսքը, ինչպես հասկանում եք, ոչ թե Տոլստոյի կամ Չայկովսկու մասին է. այդ արժեքները, հակառակը՝ պետք է փայփայել: Բայց մշակույթ է նաեւ հասարակական կյանքի կազմակերպումը, որտեղ մենք պետք է մշակենք մեր՝ հայկական մոդելները:

Ինչպիսին դրանք պետք է լինեն՝ իհարկե, չեմ կարող ասել, դա մասնագետների գործն է: Բայց որոշ մտքեր այդ առումով ուզում եմ կիսել: Արեւմտյան, ինչպես նաեւ ռուսական հասարակական մշակույթը հիմնված է քանակական չափանիշների վրա՝ այս մարդն ունի ավելի շատ փող, այդ մեկն ավելի շատ գրքեր է կարդացել, այս միտքը շատ like-եր է հավաքել, ՀՆԱ-ն աճել է կամ կրճատվել է այսքան տոկոսով: Վազել այդ ամենի հետեւից, չափվել քանակական չափանիշներով երկրի ներսում կամ այլ երկրների հետ՝ թերեւս Հայաստանի դեպքում այնքան էլ արդյունավետ չէ: Գուցե պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկանց անկրկնելի հատկանիշների, այսպես ասած՝ «մեկ հատանոց» դրսեւորումների վրա: Իսկ դա անհնարին է առանց էթիկական որոշակի համոզմունքների, առանց առճակատման եւ կոնֆլիկտի, մրցակցության հոգեբանությունից հրաժարվելու: Փոքրաքանակ ազգի ներսում համագործակցությունը, սերը, հարգանքը պետք է այլ մակարդակի վրա լինեն: Բնականաբար, չեմ վախենում միամիտ երեւալուց: Ինչո՞ւ մեր դրվածքը չպիտի տարբերվի «աշխարհի դրվածքից» (եթե այդպիսի ընդհանուր դրվածք իրականում կա):

Բայց եթե կառավարման, քաղաքականության, տնտեսագիտության ոլորտներում մենք՝ լրագրողներս, չենք կարող առաջ ընկնել քաղաքագետներից, տնտեսագետներից եւ մարդաբաններից, ապա մեր՝ տեղեկատվության ոլորտում (նույնպես, կարծում եմ, շատ կարեւոր) նոր մշակույթի ստեղծումն, այսպես ասած, «մեր ձեռքին» է: Եվ դրա հիմքը, իմ կարծիքով, շատ պարզ է: Այստեղ կա երկու հիմնական թեզ. 1/ Ցանկացած «ջղային», «ցասումնալից» բառ բնութագրում է այդ բառն արտասանողին, ոչ թե դրա «օբյեկտն» արտահայտող մարդուն կամ իրավիճակը, եւ վնաս է հասցնում հենց դրա հեղինակին: 2/ Ճիշտ կամ սխալ կարող է լինել տեղեկատվությունը՝ իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող: Կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը չեն կարող ճիշտ կամ սխալ լինել՝ դա պարզապես կարծիք է, մեկը հազարից կամ, եթե ոզում եք, մեկը երեք միլիոնից: Դա պարզապես կարծիք է, որի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, պետք չի դրա կապակցությամբ ցասում արտահայտել, նեղվել, պետք չէ նաեւ առանձնապես հրճվել: Կարծիքը չի կարող լինել հեղինակավոր եւ ոչ հեղինակավոր, ցանկացած մարդու՝ բոմժի, ակադեմիկոսի, սրբի, մարդասպանի տեսակետ կարող է գոյություն ունենալ եւ հրապարակվել:

Կարեւոր է միայն, որ ոչ մեկն այդ կարծիքը վերջնական ճշմարտություն չդիտի: Այդ թվում՝ կարծիքի հեղինակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ «Ոչմրցակցության» ուրվականը…)))..

  2. Հրանտ Պապիկյան says:

    Հարգելի հեղինակ, ես չգիտեմ թե այս հոդվածը գրելիս ինչ տրամադրության մեջ եք եղել, բայց արժեզրկելով կուլտուրա և հեղինակություն հասկացությունները, լավ բան չեք անում:
    Այ այդպես եք անում, որ ամեն միջակություն իր պրիմիտիվ կարծիքը դնում է վաստակ ունեցող մեծերի կարծիքի հետ նույն նժարին, և ամեն ԹԵՅՆԻԿ իրեն ՇՈԳԵՔԱՐՇ է պատկերացնում…
    Պետրոս առաջինի ավանդը և ընդհանրապես Ռուսաստանի ետընթացը դնենք մի կողմ: Տեղի անտեղի այդ երկիրը չարիքի բույն ներկայացնելը այս էջում արդեն բարի ավանդույթ է դարձել, և վերապահումով դա համարենք հենց այն սուբյեկտիվ կարծիքի օրինակ, որը ՛՛իրավունք ունի գոյություն ունենալ՛՛:
    Բայց ՛՛եվրոպական արժեքների ներմուծման հիրավի հերոսական փորձ՛՛ հանդիսանում է հենց Ձեր այս քարոզը, որը միտված է վարկաբեկել արժեհամակարգերը և հավասարության նշան դնել ազատության և ամենաթողության միջև: Ավելի ճիշտ՝ դա այն է, ինչ մնացել է այդ եվրոպական արժեքներից, մոտավորապես մի չինական պատենտ, որը ներմուծվում է այսօր ողջ աշխարհում, այդ ԲՐԵՆԴԻ անվան տակ:
    Ո՞նց թե շմայսությունը կուլտուրայի տեսակ է, ո՞նց թե չեն լինում հեղինակավոր կարծիքներ… էս ի՞նչ եք ասում: Ո՞նց թե սխալ կարծիք չի լինում, բա հենց այս հոդվածը Ի՞ՆՉ Է)))))))
    1) Շմայսանմանությունը կուլտուրայի տեսակ կամ արժեհամակարգ չէ ամենևին, այլ մարդկային կուլտուրայի և արժեքների բացակայություն` համեմված պաթոլոգիկ և կենդանական բնազդների փնջով: Դա պետք է մերժել, այլ ոչ թե հանդուրժել որ նրա կարծիքը գոյություն ունենալու իրավունք ունենա: Պետք է լինի տարրական կուլտուրայի այն մինիմալ շեմը, որից հետո միայն կարող է կարծիքը արժեք ունենալ: Ցենզ պետք է լինի:
    2) Հեղինակավոր կարծիքներ ոչ միայն լինում են, այլ նաև ԱՆՀՐԱԺԵՇՏ են որպես ուղենիշ: Ես հավատացած եմ, որ հենց անձամբ Ձեզ համար կան խիստ հեղինակավոր կարծիքներ՝ ելնելով այս կամ այն որորտում տվյալ անձի ավանդից, գրաված դիրքից, տարիների փորձից, ունեցած հաջողություններից, գիտելիքների մակարդակից և այլն: Հաճախ հեղինակություն վայելողը ազնվորեն խոստովանում է, որ մեկ այլ ոլորտի մասին իր կարծիքը սիրողական մակարդակի է, և դա ավելի է բարձրացնում նրա մարդկային արժեքը:
    3) Սխալ կարծիքը նույնպես գոյություն ունի: Դա այն է, որը այնքան ակնհայտ ախմախություն է, որը կարելի է որպես սխալ որակել առանց հակառակը ապացուցելու և թքած ունենալով նրա գոյություն ունենալու իրավունքի վրա: Հո կրակը չե՞նք ընկել, որ քանի գնում, մոդայիկ է դառնում տարբեր էշություններ անելը և ասելը՝ մյուսներից տարբերվելու համար: Հիմարների մի մեծ խումբ չի հասկանում, որ տարբերվելու մոլուցքը գնալով ծածկում է իրենց այլ առանձնահատկությունները,վերածելով իրարից չտարբերվող մոխրագույն մի մասսայի, մի մոդայիկ և ՛՛կրեատիվ՛՛ հոտի:
    4) Օրինակ Լոս անջելեսում գրանցվել և բացվել է աթեիստական եկեղեցի, որի պաշտամունքը մսամթերքն է: Կոչվում է ԲԵԿՈՆԻ ՄԻԱՑՅԱԼ ԵԿԵՂԵՑԻ: Այն ունի արդեն 12000 հետևորդ , կատարում է ծեսեր, որոնցում անվճար բեկոններ են բաժանում, կատարում է ամուսնության արարողություններ և կնունքներ: Աղոթքը սկսվում է բառերով՝ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԸ ԲԵԿՈՆՆ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ….
    Աթեիզմը դա տեսություն է, որը շատ վաղուց գոյության իրավունք ունի, բայց չալաղաջին աղոթելը ԱՆԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ???? Դա է՞լ է արժեհամակարգ, որը պիտի գոյությու՞ն ունենա: Նմանատիպ բոլո՞ր ՛՛ազատությունները՛՛ (մի մեծ շարք կարելի է նշել) պարտավոր ենք ընդունել, որ բաղձալի արևմուտքը մեզ լավը համարի…, միայն բոլորը մի փաթեթո՞վ…, ընտրել և մեզ ոչ հարիրը մերժել չե՞նք կարող, արևմուտքի կարծիքը ԱՆՔՆՆԵԼԻ՞ է…, բա մեր կարծիքի գոյության իրավու՞նքը…. Չէ, լավ չեք անում, հաստատ լավ չեք անում… չեմ հասկանում:

    • Հրանտ Պապիկյան says:

      Շառլի հեբդոի լրագրողները չգիտեմ ինչ զիբիլ են ծխում, որ համարձակվում են մարդկանց դժբախտության կամ սրբությունների վրա ՛՛կայֆեր բռնել՛՛: Դա խոսքի ազատությու՞ն է, դա կարծիք է, որ ինչ որ բանի իրավու՞նք ունի: Սիրիացի խեղդված երեխայի հայրը ՑԱՍՈՒՄ չպե՞տք է ունենա իր զավակի դիակի մասին ծաղրանկարից: Որ շանսատակ անի էդ նկարողին՝ նորի՞ց կգոչեք ՛՛ԵՍ ՇԱՌԼԻՆ ԵՄ:
      Ռադիկալ իսլամիստները անկեղծորեն հավատում են, որ պետք է կոտորել բոլոր անհավատներին: Դա է՞լ է կուլտուրայի տեսակ ու արժեհամակարգ: Վաղը մյուս օր Պետդեպը կարող է հայտարարել, որ չնայած որոշ տեղ գտած սխալների, բայց ԻՊ-ն արդեն ձևավորված միավոր է, որը բռնել է դեմոկրատական հասարակություն սարքելու ուղին և պետք է նրան գոյություն ունենալու իրավունք տալ: Պետք է հաշվի՞ նստեն հետը:
      Ազատությունը՝ լինի դա խոսքի, տեղաշարժվելու կամ այլ, պետք է ունենա սահմաններ: Անչափ և անսահման ազատությունը ավելի վտանգավոր է, քան բռնապետությունը, քանի որ տարբեր կուլտուրայի մակարդակ ունեցող մարդիկ դա յուրովի կմեկնաբանեն և ի վերջո կտուժվեն բարեկիրթ ու անպաշտպան մարդիկ: Ազատ եվրոպայում պատեր են արդեն կառուցում՝ ազատության մասին հեքիաթները լուրջ ընդունածներից ազատվելու համար… Ի՞նչ ազատություն, Ի՛նչ կարծիքի իրավունք: Դե ընդունեք Ղրիմի ու դոնբասի բնակիչների կարծիքի իրավունքը… Ինչու՞ եք քլնգում այդ մարդկանց, որոնք համաձայն չեն իշխանության հետ և այլ ուղի են բռնել: Ինչու՞ նրանց կարծիքը, որի անկեղծությունը իրենց տոկունությամբ և արյունով են ապացուցում, գոյություն ունենալու իրավունք չունի… Պուտինը նրանց զոռո՞վ է պահում…. Իրաքի և Լիբիայի փախստականներն է՞լ են Ասադի ռեժիմից փախնում: Գոնե Սիրիայում այդքան հայրենակից ունենք՝ բա ինչու՞ մինչև այս դեպքերը մեկը չէր փախնում ռեժիմից, ինչու՞ են հայկական ջոկատները հերոսաբար կռվում Ասադի կողմից, իրենց լավն ու վատը չեն ջոկու՞մ, Օբաման ա իմանու՞մ, նրանց օգուտը…. ազատություն, դեմոկրատական արժեքներ..՝ բառեր, միայն բառեր…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930