Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ քեզ հրաշք». Տիգրան Մանսուրյանը՝ Նշան Աբասյանի նոր գրքի մասին

Հոկտեմբեր 29,2015 23:00

«Ինֆորմացիոն հոսքերի և թեժ բանավեճերի պակաս չունեցող մեր ժամանակներում ես շատ եմ կարոտում այն մաքուր լռությունը, որտե՛ղ միայն կարելի է հանդիպել Աստծուն՝ համբերատար, անոխակալ, սպասող: Այդ լռության իմ ձգտումն եմ ցանկանում արտահայտել բանաստեղծություններումս: Եվ գիրքս էլ մի փորձ է՝ կիսել մարդկանց հետ իմ ապրումները»,- ասում է բանաստեղծ Նշան Աբասյանը:

Լույս է տեսել ժամանակակից բանաստեղծի երրորդ՝ «Ուրիշ լռություն» ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

«Շատ հաճախ նույնիսկ արդարության համար կուրծք ծեծելով՝ մենք իրականում մեր շուրջն աղմուկ ենք ստեղծում, և այդ աղմուկի մեջ ոչ մեր փափագած արդարությունն է գտնվում, ոչ էլ մենք ենք հանգստություն գտնում: Իսկ իմ ստեղծագործելը իմ ներսում աղմկող մարդուց հրաժարվելու մի փորձ է ինձ համար: Թերևս, այդ փորձի արտահայտությունն են բանաստեղծություններս»,- ասում է Ն. Աբասյանը:

Նոր ժողովածուն ամփոփում է շուրջ ութ տասնյակ բանաստեղծություն՝ 2010-2015 թթ. գրված:

«Ներշնչանք միշտ կա,- ասում է բանաստեղծը.- որոշակի դադարից, մի պահ կանգ առնելուց հետո մեկ էլ հանկարծ նկատում ենք մեր շուրջը եղած այն փոքրիկ, բայց առատ գեղեցկությունները, որոնց մեջ ապրել ենք տարիներ շարունակ, բայց չենք նկատել: Ստեղծագործական դադարները, թերևս, ներշնչանք կուտակելու համար են»:

Aravot.am-ի հարց-դիտարկմանը, որ բանաստեղծը կողմ է կառուցողական քննադատությանը, արդյոք եղե՞լ է այնպիսի քննադատություն, որը լուրջ փոփոխություններ է մտցրել նրա ստեղծագործության մեջ, Ն. Աբասյանը պատասխանեց. «Ինձ հաճախ ասում են, որ շատ եմ ռոմանտիկ գրում, ասում են՝ ուտոպիական է, իրականությունից կտրված է, իրականում խնդիրները շատ ավելի լուրջ են, տեսանելի, ի՞նչ ես երեխայություն անում, «օդերից իջիր»… Այս քննադատությունն իմ մեջ հակազդեցություն է առաջացնում՝ ապացուցելու, որ այդպես չէ, ես ռոմանտիկ չեմ (ձեր իմացած իմաստով): Եվ դա ապացուցելու մղումը պնդացնում է բանաստեղծությունս: Այսինքն՝ հակադրությունների հանդիպումը մի նոր վիճակի ծնունդ է տալիս, ու գրականությունը միշտ շահում է դրանից»…

«Նշանի գրքում հայոց լեզուն շատ գեղեցիկ է ներկայացված: Գրքում ընթացք, շարժում կա: Երաժշտության մեջ շատ կարևոր է ընթացքը: Այն կարևոր է նաև գրական աշխարհում: Շատ զարմացած եմ բաղաձայնների յուրահատկությամբ: Նշանի բանաստեղծություններում բաղաձայնները շատ են: Բայց այնպես չէ, որ իրար նման բաղաձայններն են կողք կողքի շարված, այլ, ճիշտ հակառակը, իրար ժխտող, իրար չկապվող  բաղաձայններն են: Թվում է՝ առանց ձայնավորների անհնար է, բայց նրանք չէ, որ գունավորում են ամբողջությունը: Նշանի գործերի հյուսվածքի թափանցիկությունն է նաև շատ գեղեցիկ. որևէ երկրորդ իմաստ, երկիմաստություն չկա. պարզ բաներ են, բայց այդ պարզությունն այնքան լավ է… Այ քեզ հրաշք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը, որը նույնպես ներկա էր շնորհանդեսին:

«Նշան Աբասյանը խոսքի հանդեպ պաշտամունք ունի, որը արարչագործության հետ խոսքի կապից է ծնվում կամ մարդու գիտակցությունից»,- նկատեց գրականագետ Հայկ Համբարձումյանը: Եվ դա, ըստ գրականագետի, ստիպում է բանաստեղծին զգույշ լինել յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր պատկերի հետ. «Հենց այստեղից է գալիս նաև գողտրիկությունը, պարզությունը, պարզության մեջ գեղեցկությունը, ինչը բնորոշ է Նշանի պոեզիային: Այդ պարզությունը հուշում է, որ Նշանի ակունքները գուցե կապված են Սահյանի հետ, Բակունցի արձակի հետ, քանի որ բնության հետ երկխոսության մեջ մտնելու ձգտումը կա, ինչը մեր գրականության մեջ այսօր քիչ է, որովհետև պոեզիան ձգտում է հրապարակախոսության՝ կորցնելով իր բուն նշանակությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031