Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրահարույց խողովակը (Պատմվածք)

Նոյեմբեր 01,2015 23:56

-Ա`յ, Անդրանիկ, հանգիստ քնել ես, խոհանոցը կեղտաջրով է լցվում, է՛:

Քնի մեջ ամուսինը լսում էր կնոջ ձայնն ու չէր կարողանում արթնանալ:

Երբ վերջապես կինը կոպիտ կերպով բոթեց նրա կողը, Անդրանիկը խայթվածի պես վեր թռավ ու արագ վազեց խոհանոց:  Խոհանոցի լվացարանը լցվել էր ջրով ու  բարակ, նեղ շիթը արագորեն ցած էր հոսում` ողողելով խոհանոցի հատակը: Անդրանիկը իսկույն գլխի ընկավ, որ կոյուղատար խողովակը խցանվել է և ջուրը հետընթաց է կատարում: Լվացարանի ջուրը արագ դատարկեց դույլի մեջ, այնտեղից էլ` զուգարանակոնքի մեջ, որը կրկնեց մի քանի անգամ, ապա փութով հագնվեց ու մի շնչով վազեց համատիրության գրասենյակ, մինչև լվացարանը նորից կլցվեր:

Համատիրության գրասենյակը փակ էր, որովհետև դեռ ժամի 10-ը չկար: Փոշմանած ետ վերադարձավ, մտավ տուն, հավաքեց ջրմուղկոյուղու գրասենյակի կարճ հեռախոսահամարը և բարևելուց հետո, հայտնեց տեղի ունեցած վթարի մասին: Հեռախոսը սպասարկող աշխատակցուհին նրանից պահանջեց վթարված շենքի հասցեն, զանգահարողի հեռախոսահամարը և ասաց, որ հայտը ընդունված է, համապատասխան բրիգադ կգա, կոյուղատարը կմաքրի: Բայց մինչև բրիգադի գալը Անդրանիկը վերցրեց  համապատասխան գործիքները, իջավ շենքի ներքնահարկ և փորձեց փակել մաքուր ջրի հոսքը:

Ներքնահարկը, բնականաբար, հեղեղված էր հազար ու մի հնոտիքով, իսկ մթան մեջ կողմնորոշվելը այնքան էլ դյուրին գործ չէր: Նորից տուն բարձրացավ, ձեռքի լուսավորիչը վերցրեց և ցած իջավ: Մի կերպ գտավ սառը ջրի փականը, բայց այն այնպես էր ժանգոտված, որ հազիվ կարողացավ մի քանի պտույտ պտտել՝ թուլացնելով սառը ջրի հոսքը դեպի վերևի հարկեր: Ջուրը մի փոքր դադարեց, իսկ ինքը ցեխակոլոլ, ջրակոլոլ տուն վերադարձավ:

-Փնթի ես, էլի,-նկատեց կինը,-գործ անել չգիտես, շորերդ էլ չես փոխել, բա եղա՞վ:

-Շոր փոխելու ժամանակ էր, այ, կնիկ,-արդարացավ Անդրանիկը ու կեղտոտված, թաց հագուստը փոխեց, անհանգիստ սրտով ուշացած աշխատանքի գնաց, բայց տեղ հասնելուն պես զանգահարեց համատիրություն:

-Ես ոչինչ անել չեմ կարող, շեֆը դեռ չի եկել, մի քիչ ուշ զանգեք,-ասաց աշխատակցուհին:

Անդրանիկը որոշ ժամանակ աշխատանքային գործերով զբաղվեց ու կրկին զանգահարեց համատիրություն:

-Բարև ձեզ,-ասաց նա,-լսելով տղամարդու մելամաղձոտ ձայնը, հասկացավ, որ շեֆը տեղում է,-մեր շենքի կոյուղատար խողովակը խցանվել է, կեղտաջուրը լցվում է բնակարանները:

-Ցավոք սրտի, մենք հաստիքային  մասնագետ չունենք, որ այդ գործով զբաղվի, պետք է զանգահարեք ջրմուղ կոյուղի կամ էլ գաք, ես ձեզ հեռախոսահամար տամ, զանգեք, կանչեք համապատասխան մասնագետի, նա գործը կանի, դուք էլ` կվճարեք:

-Իսկ այդ խողովակը հո միայն իմը չէ, որ ես վճարեմ,-նեղսրտեց Անդրանիկը:

-Խողովակի էդ մասը ոչ մեկինն  էլ չէ, ըստ գործող օրենքի այն ընդհանուր է, ոչ համատիրության իրավասության տակ է և ոչ էլ ջրմուղ կոյուղու, հարևաններով պետք է գումար հավաքեք, վճարեք,-հանգիստ տոնով ասաց համատիրության կառավարիչը:

-Իսկ որ ամսեկան վարձ ենք վճարում, դա ինչի՞ համար է,-զարմացավ Անդրանիկը:

-Ախպեր ջան, գնա վարձ նշանակողներին հարցրու,-նորից հանգիստ տոնով պատասխանեց կառավարիչը:

Անդրանիկը խորը շունչ քաշեց ու հեռախոսի ընկալուչը դրեց իր տեղում, մի պահ մտազբաղ նայեց գրասենյակի առաստաղին, կրկին վերցրեց լսափողը, զանգահարեց տուն` նոր տեղեկատվություն ստանալու համար: Կինը, իհարկե մի փոքր դժգոհեց, բայց ասաց, որ ջրմուղկոյուղուց մարդիկ եկան իրենց ավտոմեքենայով, բացեցին դրսի հորատանցքը, ինչ-որ լարով պտտեցին խողովակի մեջ, մի փոքր անցք բացեցին, կոյուղաջրի հոսքի համար, այդպես էլ լիարժեք գործը չավարտեցին, բայց ասացին, որ այն ժամանակի ընթացքում կլավանա, իրենից էլ որոշակի գումար պահանջեցին, վերցրին ու գնացին:

Հաջորդ օրը կոյուղու խողովակը նորից խցանվեց ու նորից Անդրանիկը մի քիչ զայրացած զանգահարեց ջրմուղկոյուղի:

Նորից եկան ջրմուղ կոյուղուց, նորից մի փոքր բացեցին ու գնացին: Այս անգամ Անդրանիկը ավելի զայրացած էր և գումար չտվեց նրանց:

Հաջորդ օրը շաբաթ էր և  Անդրանիկը աշխատանքի չէր գնալու, ուստի հավաքեց իրենց մուտքի ակտիվ և շահագրգիռ բնակիչներին, կարճ բացատրեց իրողությունը և առաջարկեց միասին գնալ համատիրություն և պահանջել խողովակի ոչ թե մասնակի մաքրում, որը գրեթե օգուտ չի տալիս, այլ վերանորոգում: Մինչ գնալը հեռախոսով տեղեկացան, որ կառավարիչը տեղում է:

Տեղ հասան, մտան գրասենյակ, հարգալից բարևեցին, կառավարիչն էլ` դարակներում փնտրեց ու գտավ արտահաստիքային սանտեխնիկների հեռախոսների համարների ցուցակը:

-Գարիկը այնքան էլ լավ գործ չի անում, էս Թորիկն էլ` փնթի է, Վալոդն էլ թանկ է վերցնում, ամենահարմարը Ապսպրամն  է,-ինքն իրեն խոսեց կառավարիչը, ապա բարձր ձայնով դիմեց Անդրանիկին,-գրի համարները,-և թելադրեց Ապսպրամի քաղաքային և բջջային հեռախոսների համարները:

-Հա, մի դիմում էլ գրիր ձեր մուտքի բնակիչների անունից, գուցե կարողանամ ձեր հավաքած գումարի գոնե մի մասը վճարեմ տնավարձերից:

Բնակիչները մի փոքր ուրախացան, որ գոնե քիչ կվճարեն, իսկ Անդրանիկն էլ գրեց Ապսպրամի հեռախոսի համարները, ապա` կառավարչի հրահանգով շարադրեց բնակիչների կողմից գրված դիմումը՝ ուղղված կառավարչին և հարևաններով տուն վերադարձան:

Անդրանիկը տուն հասնելուն պես, նախ զանգահարեց Ապսպրամին, բայց քանի որ նա էլ ուրիշ տեղ գործ էր անում, խիստ զբաղված էր,  խոստացավ կամ երեկոյան այցելել կամ էլ` հաջորդ օրը առավոտյան աշխատանքներին ծանոթանալու և այն իրականացնելու համար:

Հաջորդ քայլը դրամահավաքն էր: Անդրանիկը հերթով ծեծեց իրենց մուտքի հարևանների դռները, բացատրեց եղելությունը, իսկ հարևանների գերակշռող մասը անտրտունջ հատկացրեց համապատասխան պահանջվելիք գումարը, նախապես ստորագրելով դիմումի ներքևում գրված իր անվան դիմաց:

Սակայն եղան նաև բողոքողներ: Իհարկե, առանց դրա մեր կյանքը այնքան էլ հետաքրքիր  չէր լինի:

-Ախր, էս խողովակը վերջիվերջո տեր պիտի ունենա, թե չէ, բա, ինչի համար է էդ ջրմուղ-կոյուղի կոչվածը,-դժգոհեց ամենավերևի հարկի Սաշիկը:

-Եվ թաղապետարանում և համատիրությունում ինձ ասացին, որ խողովակի այդ մասի պատկանելիությունը եկող տարի միայն օրենքով կսահմանվի, նույնիսկ որոշում ցույց տվեցին, որ ջրմուղը միայն սպասարկում է, վերանորոգում չի իրականացնում, իսկ մեր խողովակը ենթակա է փոխման, քառասունհինգ տարի ծառայում է, որը առայժմ բնակիչների իրավասության տակ է,-ասաց Անդրանիկը,-ես երեկ այդ հարցով հատուկ թաղապետարան եմ գնացել, քանի որ ամենաշահագրգիռ անձը ես եմ, որ ապրում եմ առաջին հարկում:

Անդրանիկը որոշ գումար հավաքագրելուց հետո, տուն մտավ, կրկին զանգահարեց իրենց ջրամատակարարման տեղամաս ու բացատրեց, որ կոյուղատար խողովակը նորից խցանվել է:

-Ընկեր ջան, մենք միայն սպասարկում ենք ջրախողովակը, մենք վերանորոգում չենք իրականացնում, իսկ ձեր խողովակը այնպես է խցանվել, որ ենթակա է փոխարինման, դրա համար էլ այն արագ խցանվում է, երբ մի փոքր անցք ենք կարողանում բացել-պատասխանեց տեղամասի աշխատակիցը,-հա, ասեմ, որ եկող տարվանից  որոշակիացվելու է խողովակի այդ մասի պատկանելիությունը և վերանորոգման հարցը, իսկ մինչ այդ դրա տերը շենքի բնակիչներն են:

Էս ինչ անկախ երկիր է,

Սրտացավ ղեկավար չկա…

Չգիտես զայրույթից, թե հեգնանքից սկսեց երգել Անդրանիկը` հարմարացնելով երգի բառերը ստեղծված իրավիճակին:

-Դու քո ղեկավարներով հիացիր, իսկ ջուրը ճաշասենյակին է արդեն հասնում իր գարշահոտով,-խայթեց կինը:

Անդրանիկը ճաշասենյակ մտավ, նայեց ջրահոսքի պատճառով դուրս ցցված փայտե սալիկներին ու մտքում հաշվարկեց, թե ինչքա՞ն կարժենա իր ճաշասենյակի ու խոհանոցի վերանորոգումը` ներկայիս շինանյութի բարձր գներով:

Բայց մի հարց անընդհատ խցկվում էր այդ հաշվարկների արանքում ու խառնում նրա վերջնական ընդհանուր գումարի չափը, վերջապես ինչու պետք է  բնակիչը իր ծախսերով վերանորոգի կոյուղատար խողովակի մի հորատանցքից մինչև մյուսը ընկած հատվածը:

Կարևոր խնդիր է, չէ՞:

Ապսպրամը այդպես էլ այդ օրը չեկավ: Հաջորդ առավոտյան, մինչև Ապսպրամի գալը, Անդրանիկը ծեծեց վերևի հարկերում գտնվող հարևաններից մի քանիսի դռները, հորդորեց նրանց իրեն օգնելու և միահամուռ ուժերով քանդեցին կոյուղատար կերամիկական խողովակը ծածկող հողի սկզբնամասը, բացեցին այն և կոտրելով խողովակի մի որոշակի մաս՝ ազատություն տվեցին այնտեղ խցանված կոյուղու կեղտաջրերին: Հո չէին սպասելու մինչև երկուշաբթի, որ համատիրության արտահաստիքային վարձու մասնագետը գար, ապամոնտաժեր հին ու խցանված, արդեն շարքից դուրս եկած խողովակաշարը փոխարիներ նորով, իսկ մինչ այդ  կոյուղու խցանումը իր չար գործը կատարեր իրենց մուտքի առաջին հարկի բնակարաններում:

Կոյուղու կեղտաջրերը ազատություն ստացած, բացված անցքից լցվեցին քանդած հողափոսի մեջ՝ գարշահոտություն տարածելով շրջապատում:

Դե, ավելի լավ է դրսում տարածվի այդ գարշահոտը, քան սեփական բնակարաններում, որոշեցին բնակիչները:

Իսկ երեկոյան համատիրության կառավարիչը զանգեց Անդրանիկին և ասաց, որ Ապսպրամը գալու է երկուշաբթի: Սակայն,  ինչպես գիտեք ըստ հին ասացվածքի, երկուշաբթին դժվար է օրերիցն է լինում: Ինչպիսի երկուշաբթի է գալու, կապրենք, կտեսնենք: Բա, որ երկուշաբթի էլ անձրև գա: Ուրեմն, էլի պիտի սպասենք…

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30