Aravot.am-ն այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում իրենց ընդդիմախոսների այն կարծիքին, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին ՀՀԿ-ն օգտագործում է բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի ռեսուրսները, մասնավորապես «Ոչ»-ի կողմնակիցները մատնանշում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությունը քարոզարշավին, այդ շրջանակներում նրա մասնակցությամբ տեսաուղերձը եւ այն համարում պաշտպանության նախարարի հրաման:
«Իհարկե «Այո»-ի ճակատի բոլոր անդամները, ճակատներն օգտագործում են իրենց ռեսուրսները, ինչպես նաեւ՝ «Ոչ»-ի ճակատը: Մենք վարչական ռեսուրս չեն մոբիլիզացրել: Ցանկացած պաշտոնական անձ նաեւ քաղաքացի է, եւ իր պաշտոնական ծառայություններն իրականացնելուց հետո իր տեսակետը կարող է արտահայտել: Չկա մի օրենսդրական սահմանափակում, որը հակառակն է ասում: Այս պարագայում քաղաքացի Սեյրան Օհանյանն է հայտարարությունն արել, ինքը իր պահվածքով այնտեղ չի մարմնավորում պաշտպանության նախարարություն»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Մեր դիտարկմանը, որ տեսանյութում կադրեր կան բանակից, նա կրկին ասաց. «Ինքը որպես պաշտպանության նախարար հանդես չի եկել, հանդես է եկել որպես քաղաքացի»:

Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ի՞նչ արդյունք է ակնկալում հանրաքվեից, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես առավել քան համոզված եմ, որ «այո» կքվեարկի ժողովուրդը, որովհետեւ այն դրույթները, որ այս փաստաթղթի մեջ ամրագրված են, բխում են մեր պետության ընտանիքների, մեր պետության լայն շահերից»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































