Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Հեռուստաընկերություններում իշխանամետ քաղաքական ուժերի գերակայությունը երեւում է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2015 17:04 Share

Երեւանի մամուլի ակումբի այսօր կազմակերպած «Հանրաքվեների լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ հոկտեմբերի 10-ից մշտադիտարկում են արել, եւ այս պահին չեն արձանագրել որեւէ խախտում:

Անդրադառնալով նույն քննարկման մասնակից Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռուի՝ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանրային հեռուստատեսությամբ վարող քաղաքական հաղորդման մասին բացասական կարծիքին, ասաց. «ՀՌԱՀ-ը պետք է ղեկավարվի Սահմանադրությամբ կամ օրենքով, տվյալ պահին մենք օրենքի խախտում չենք արձանագրել: Այսինքն, եթե փորձագետի համար տվյալ սուբյեկտը որպես կառավարության անդամ է դիտվում, ապա մեզ համար ՀՀ քաղաքացի է, որն ունի աշխատանքային պայմանագիր կոնկրետ հեռուստաընկերության հետ եւ կատարում է վճարովի աշխատանք: Հաղորդումից բողոքող սուբյեկտներ չեն եղել, մասնակիցներն էլ չեն բողոքել, որ իրենց արգելվել է իրենց կարծիքն արտահայտել»:

Պարոն Մկրտչյանի խոսքերով՝ նույն հաղորդմանը կար շատ հեղինակավոր քաղաքական լրագրող, որը հայտնեց, թե ինչ է անելու այդ օրը, կարծիք հայտնեց Սահմանադրության փոփոխության մասին. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ստացվում է, իրեն էլ պիտի թույլ չտանք այլ հեռուստաընկերությամբ հաղորդումներ վարել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատեց՝ արդյոք բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություն է տրվել. «Կարող ենք ասել, որ հանրաքվեների մասին օրենքով նախատեսված է, որ հեռուստատեսությամբ քարոզչություն անելու հիմնական սուբյեկտները խորհրդարանական խմբակցություններն են: Սա որոշակի անհավասարակշռություն է արդեն ստեղծում, քանի որ ոչ խորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագիտական հանրության ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում չեն: Սա երեւի այս քարոզարշավի խնդիրներից մեկն է՝ օրենսդրական կարգավորման առումով: Մի կողմից նշվում է, որ քարոզարշավին կարող են մասնակցել եւ քաղաքական ուժերը, եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, եւ նաեւ անհատ քաղաքացիները, բայց հեռարձակվող լրատվամիջոցները առանձնացնում են միայն խորհրդարանական խմբակցությունները, այն դեպքում, երբ մենք լավ հասկանում ենք, որ սկզբունքորեն բոլորը պիտի հավասար լինեն»:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄԱ-ի մոնիտորինգին, պարոն Նավասարդյանն ասաց, որ հեռարձակվող լրատվամիջոցների դաշտում իշխանամետ քաղաքական ուժերի գերակայությունը երեւում է, քանի որ հեռարձակվող լրատվամիջոցները հիմնականում պատկանում են օլիգարխներին, իսկ օլիգարխները բոլորը իշխանամետ են. «Պարզ է, որ այստեղ վերահսկողությունը իշխանության կողմից մեծ է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ը ՀՌԱՀ ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանից եւ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ կարող են անկողմնակալ, հավասարակշռված լուսաբանել քարոզարշավը այն հեռուստաընկերությունները, որոնք իշխանամետ մի սեփականատիրոջն են պատկանում: Արմեն Մկրտչյանը ապշեց մեր հարցից եւ նույնիսկ զարմացավ, որ մեր երկրում կա մեկ անձ, որին պատկանում է մի քանի հեռուստաընկերություն: Նա նշեց, որ դա օրենքով արգելված է:

Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ իրոք Հայաստանում կա այդ երեւույթը, այս երեւույթը քողարկված է, եւ հակառակ օրենսդրության, այդ անձը կարող է ավելի քան մեկ հեռուստաընկերություն ունենա: Իսկ ինչ վերաբերում է հավասարակշռված ու անկողմնակալ լուսաբանմանը, այս մասին մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30