Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի վարկի տակ ենք ընկնում. այս անգամ մոտ 130 միլիոն դոլարի

Նոյեմբեր 11,2015 20:50

Կառավարության նիստի օրակարգում է ներառված Ասիական զարգացման բանկի հետ այս տարվա հոկտեմբերի 19-ին արդեն ստորագրված 88,8 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին հավանություն տալու նախագիծը: Մյուս վարկային համաձայնագիրը 40 միլիոն դոլարանոց է, այն կնքվելու է Եվրասիական զարգացման բանկի հետ:

Արդեն ստորագրված  88,8 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն է՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն»: Այս վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման եւ նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների եւ համակարգերի բարելավում, ծրագրի իրագործման եւ իրականացման կարողությունների բարձրացում:

Վարկի պայմաններն են՝ մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի, տոկոսադրույք՝ ֆիքսված՝ տարեկան 2%:

40 միլիոն դոլարի վարկն էլ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար է, այն տրամադրվելու է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից:

Ըստ կառավարության, այս վարկային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում  ոռոգման համակարգերի արդիականացումը եւ ջրօգտագործողների միավորումների՝ ՋՕՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաեւ բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը, եւ այլն:

Ծրագրի բաղադրիչներն են՝ Մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոսով, հիմնական եւ միջտնտեսային ջրանցքների վերականգնում, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում, ծրագրի կառավարում:

40 միլիոն դոլար վարկի մարման ժամկետն է 20 տարի, արտոնյալ ժամկետը՝ 10 տարի, տոկոսադրույք՝ ֆիքսված՝ տարեկան 2%, եւ նախնական միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.5%:

Կառավարությունն ասում է, որ առաջնահերթ խնդիրներից` գյուղատնտեսության եւ նրա ենթակառուցվածքների զարգացումը էական նշանակություն ունի Հայաստանի  տնտեսական ակտիվության եւ աճի համար. «Գյուղատնտեսական նպատակների համար կայուն եւ որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30