Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Եթե չշտապենք, ավելի շատ բան կհասցնենք

Նոյեմբեր 16,2015 16:30

Ինչ են առաջարկում «սլոուլայֆերները»

Երբ հեղափոխական Ժորժ Ժակ Դանտոնին նրա հեղափոխական ընկերները ձերբակալեցին ու դատապարտեցին մահապատժի, նա սկսեց խորությամբ ուսումնասիրել լատիներենը: «Մի՞թե դրա ժամանակն է»,- տարակուսած հարցրեց բանտապահներից մեկը: «Ես ա՛յլ ժամանակ չեմ ունենա»,- այդպիսին էր Դանտոնի պատասխանը:
Դանտոնն այլեւս շտապելու տեղ չուներ, բայց մենք, սովորաբար չիմանալով, թե երբ պիտի հրաժեշտ տանք այս կյանքին, մշտապես շտապում ենք: Ընդ որում, շտապում ենք ոչ միայն աշխատելուց, այլեւ հանգստանալուց: Երբ երիտասարդները գնում են, ասենք, սրճարան, նրանց հիմնական խնդիրն է՝ անել որքան հնարավոր է շատ լուսանկարներ եւ որքան հնարավոր է՝ արագ «քցել դրանք ֆեյսբուք»: Երբ զբոսաշրջիկները գնում են այլ երկիր, նրանց առաջնահերթ նպատակն է՝ որքան հնարավոր է արագ դուրս թռնել ավտոբուսից, լուսանկարվել հերթական տեսարժան վայրում, այնուհետեւ վազելով վերադառնալ ավտոբուս եւ շտապել դեպի նոր տեսարժան վայր: Երբ նույն զբոսաշրջիկը գնում է Լուվր կամ Էրմիտաժ, նա երկու ժամում անցնում է մոտ տասը դահլիճով, որից հետո դուրս գալիս թանգարանից՝ իբր «տպավորություններով հագեցած»:

Բայց մարդիկ գնում են սրճարան՝ իրար հետ շփվելու, իրար աչքերի նայելու, իրար ջերմությունը զգալու: Արդյոք դա հնարավո՞ր է 40 անգամ «սելֆի» անելու պարագայում: Ի՞նչ ենք մենք հասկանում տվյալ վանքից կամ տաճարից, եթե միայն 3 րոպե ենք դրա մոտ կանգնում: Կարո՞ղ ենք մենք պատկերացում կազմել որեւէ կտավի մասին՝ դահլիճներում վազվզելով: Գուցե պետք է գնալ թանգարան մե՞կ կտավ նայելու համար:
Հանգստի, ժամանցի օրինակներն առավել ցայտուն են, բայց այդ դիտարկումները վերաբերում են մեր ամբողջ կյանքին: Մենք մեր առաջ դնում ենք ինչ-որ նպատակներ (ենթադրենք, դա փող աշխատելն է), շտապում ենք դրանք իրականացնել եւ որեւէ հաճույք չենք ստանում դրանց իրագործման գործընթացից: Եվ ստացվում է, որ նույնիսկ հասնելով մեր նպատակին՝ մենք ոչինչ, բացի դատարկությունից, չենք զգում: Մենք ուտում ենք՝ կշտանալու համար, այդպես չէ՞: Բայց ուտելու ընթացքում առանձնապես չենք խորանում՝ ուտելիքը քա՞ղցր է, դա՞ռն է, մի՞րգ է, բանջարեղե՞ն է: Ծամելու ընթացքում մենք մտածում ենք մեր առօրյա հոգսերի մասին ու ինքնաբերաբար շտապում ենք ամեն ինչ կուլ տալ: Ի դեպ, այդպես մենք շատ ուշ ենք կշտանում:

1980-ականների վերջից Արեւմուտքում առաջացել է մի շարժում, որը կոչվում է Slow Life` դանդաղ կյանք: Ամեն ինչը սկսվեց հենց ուտելիքից: 1986 թվականին Հռոմում ցույցեր էին կազմակերպվել «Մաքդոնալդսի» եւ ընդհանրապես «արագ սննդի» օբյեկտների դեմ, եւ այդ շարժման ջատագովները Fast Food-ին հակադրում էին Slow Food-ը: Խոսքը էկոլոգիապես մաքուր, բազմազան, տվյալ կլիմային հարիր եւ, ինչպես մենք կասեինք, տնական կերակուրների մասին է: Տարիների ընթացքում «սլաուլայֆերների» շարժումը ներառել է կյանքի ամենատարբեր ոլորտներ՝ աշխատանք, արվեստ, տուրիզմ: Վերջինիս դեպքում կառուցվում են հատուկ «դանդաղ» հյուրանոցներ: Այդտեղ ամեն ինչ պատրաստված է տեղական եւ բնական նյութերից, հյուրերը շարժվում են միայն բոբիկ, եւ ամեն հյուրանոցում կա փոքրիկ աստղադիտարան:

«Դանդաղ ապրելը» չի նշանակում պառկել ամբողջ օրը բազմոցին եւ չկատարել ամենօրյա պարտականությունը: Խոսքն այլ բանի մասին է. երբ անում ենք որեւէ գործ, կենտրոնանանք այդ գործի վրա եւ ստանանք գործընթացից առավելագույն հաճույք, ոչ թե մտածենք հազար ու մի այլ գործերի եւ հոգսերի մասին: Աշխատանքից դուրս էլ՝ ուտելուց մտածենք՝ ուտելու, մեր ափսեում դրված ուտելիքի մասին, քայլելուց կենտրոնանանք քայլելու վրա: Կարդալուց կարդանք դանդաղ՝ տեքստը կուլ տալուց մեր ուղեղը չի զարգանում: (Ահա թե ինչու է գերադասելի կարդալ գրքեր, ոչ թե համացանցային տեքստեր, որոնք մենք պարզապես աչքի ենք անցկացնում): Լուրջ երաժշտություն լսելիս էլ պետք չի մտքերով «թռչել» վաղվա խորհրդակցության թեմաներին: Եթե այդպես ապրենք, ավելի շատ բան կհասցնենք:
Ի վերջո, օրվա ընթացքում պետք են րոպեներ, երբ մենք ոչ մի բանի մասին չենք մտածում. երբ «դատարկում» ես գլխիդ տարողությունները, դրանից հետո այնտեղ ավելի շատ բան կարելի է «լցնել»: Թե ինչպես դա անել, թող ամեն մեկն իր համար որոշի:
Դե, վերջ՝ ավարտեմ այս հոդվածը: Լիքը ուրիշ գործ ունեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30