Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալյանը պատշգամբի դուռը բացում ասում էր՝ Սոֆիկ, գնա տուն, վաղը կգամ դասի»

Դեկտեմբեր 11,2015 17:29

«Համո Բեկնազարյանից հետո հայկական ազգային կինոյի մեծագույն կինոռեժիսորը Հենրիկ Մալյանն է»,- կարծում է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ թեև այսօր «սերիալային հանդիսատես» ունենք, բայց Մալյանը կա. հանդիսատեսը կարիք ունի ճշգրիտ, համամարդկային կինոարվեստի. «Վերջերս «Հայաստան» կինոթատրոնում նշեցինք Հենրիկ Մալյանի 90-ամյակը: 400 տեղանոց դահլիճ էր, և մտածում էի՝ տեսնես այսօրվա հանդիսատեսը կարո՞ղ է գնահատել նրան: Ի զարմանս ինձ, դահլիճը լեփ-լեցուն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Մաթոսյանը՝ նկատելով, որ հիմա կարծես թե քիչ-քիչ «վերականգնվում է» հանդիսատեսը. «Մեղավորը մենք էինք, որ հանդիսատեսին կաթիլ-կաթիլ «թունավորեցինք»՝ էժանագին ամերիկյան ֆիլմեր ու սերիալներ մատուցելով, ու կորցրինք նրան»…

Robert Matosyan 1

Եթե Ռոբերտ Մաթոսյանին հարցնեն, թե ով է իր համար Մալյանը, նա կպատասխանի. «Ինձ համար Մալյանը «Եռանկյունու» Մկրտիչն է, «Մենք ենք, մեր սարերի» հովիվներն են, «Կտոր մը երկինքի» կապույտ երկինքն է, Մալյանը նույնիսկ իր չնկարահանած «Կոմիտասի» Կոմիտասն է:

Ի դեպ, չնկարահանված «Կոմիտասի» մասին: Ռ. Մաթոսյանն ասաց, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչու դադարեցվեցին «Կոմիտասի» նկարահանումները: Այն ժամանակ էլ նույն հարցով բազմաթիվ նամակներ են ստացել: Ռ. Մաթոսյանի փոխանցմամբ՝ դրանցից մեկին Մալյանը պատասխանել է, թե ավելի լավ է ինձ ասեն՝ ինչու չնկարահանեցիր «Կոմիտասը», քան ասեն՝ ինչու նկարահանեցիր:

«Մալյանն արդեն սկսել էր «Կոմիտասի» նկարահանումները, բայց հանկարծ հրաժարվեց: Փոքր տարիքի Կոմիտասն ընտրված էր, մեծը Սոս Սարգսյանն էր, միջին տարիքինը չկար: Բյուջեի հարցն արդեն լուծված էր: Մոսկվան ֆինանսավորել էր, որ ֆիլմը նկարահանվեր Գերմանիայում, և հանկարծ Հենրիկն ասում է, որ չկա միջին տարիքի Կոմիտաս: Այդ ժամանակ Արթուր Մեսչյանին հիշեցի և առաջարկեցի նրան: Մի քանի օր հետո նրանք խոսել էին: Երբ հարցրի նրանց հանդիպման մասին, Մալյանն ասաց, որ ամեն ինչ լավ էր, բայց ձեռքը տանելով սրտին՝ ասաց, որ այստեղ Կոմիտաս չէ»,- պատմեց Ռ. Մաթոսյանը:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի պատմությունը Հ. Մալյանի մասին ուրիշ պատմություն է: Սա պատմություն է ուսուցչի մասին. «Նա մտնում էր լսարան, ու սկսվում էր հիպնոսը,- այսպես է իր ուսուցչին հիշում դերասանուհին:- Մինչև հիմա նրա արվեստի հիպնոսի ազդեցության տակ եմ: Իմ կյանքը երկու հատվածի է բաժանված՝ Մալյանից առաջ ու Մալյանից հետո… Երբեք չեմ ամաչել խոստովանել, որ սիրահարված էի նրան, ավելի ճիշտ՝ նրա արվեստին, բայց միայն ես չէ, ամբողջ կուրսն էր սիրահարված: Չէի կարողանում սպասել մինչև մյուս օրը լույսը բացվեր, նա մտներ լսարան, ու ես նորից խելագարվեի: Գնում կանգնում էի նրա տան դիմացի մայթին: Այնքա՜ն էի կանգնում: Իսկ նա զգում էր: Մեծ հոգեբան էր, ու զգում էր, որ ես այնտեղ «տնկված» եմ: Պատշգամբի դուռը բացում ասում էր՝ Սոֆիկ, գնա տուն, վաղը կգամ դասի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031