Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճակատագրի Կերկապորտ դուռը

Դեկտեմբեր 12,2015 17:00

Եվ երբ սուլթան Մուրադի եղբայրասպան որդի Մուհամմեդ Երկրորդ տաղանդավոր զորավարն ու նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոնստանդնուպոլիս արևելյան քրիստոնեության մայրաքաղաքը, կարելի է ասել՝ աշխարհը միանգամից փոխվեց: Այլևս ոչինչ չարժեին Հռոմի պապի ուշացած հորդորները, եվրոպական տերությունների ճառերն ու հայտարարությունները, ինչպես նաև ոչինչ չարժեր վենետիկյան ապաշնորհ նավատորմը, որ եկել էր քաղաքին օգնության:

Ուշ էր: Քրիստոնյա թագուհին արդեն բռնաբարվել էր սուրբ Սոֆիա տաճարում, և այո, աշխարհը փոխվել էր:

Եվ շարունակվում է փոխվել մինչև այսօր, երբ Մուհամմեդի անունով ոչնչացվում են հին ու նոր կրոնների բոլոր արժեքները՝ մեր Ջուղայի խաչքարերից մինչև Բուդդայի հնագույն արձանները:

Հայտնի չէ՝ ով էր բաց թողել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ դարպասներից ամենափոքրը՝ Կերկապորտ կոչված դուռը, որտեղից ներս խուժեցին թուրք սելջուկները, և ամեն ինչ ավարտվեց: Չքնաղ Բոսֆորն ու իր հզորությունը արդեն մոռացած Բյուզանդական կայսրությունը այնուհետև մտան ընդամենը պատմության գրքեր, հետագայում, իհարկե, նաև դասագրքեր:

Սուլթան Մուհամմեդ Նվաճողը մայիսի 29-ին գրավելով արևելյան քրիստոնեության մայրաքաղաքը՝ տարօրինակորեն իշխեց քսանինը տարի. հետաքրիր զուգադիպություն. սուլթանն ապրեց իր կյանքն ու անցավ, անցան նաև Հռոմի պապեր այդ ընթացքում, եվրոպական հզոր տերությունների թագավորներ, բոլորն անցան, բայց Կոնստանդնուպոլիսը մնաց, մնաց թուրքական Ստամբուլ անունով, հիմա էլ է թուրքական և մեծ ու հրաշալի քաղաք է:

Այդպես ժամանակին մեր եկեղեցու կողմից երևելի հռչակված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ որպես Կերկապորտ դուռ, Անին վաճառեց Բյուզանդիային, քաղաք, որ չկարողացավ գրավել նույնիսկ Արևելքի մեծ զինվոր Լենկ-Թեմուրը, զորավար, որի առաջ սասանվում էր ամբողջ Արևելյան աշխարհը: Երբ Բյուզանդիան փողով գնում էր Անին՝ չհասկացավ, սակայն, որ թուլացնելով Հայաստանը՝ սելջուկների դեմ ճանապարհ բացեց դեպի Կոնստանդնուպոլիս:

Եվ դա տեղի ունեցավ ընդամենը հինգ հարյուր տարի առաջ, այնինչ Կոնստանդնուպոլիսը հազարամյակների պատմություն ուներ, և քաղաքակիրթ աշխարհը այդպես էլ չհասկացավ իր մեծ կորուստը։

Ցավոք, այսօր էլ չեն հասկանում, ինչպես որ չեն հասկանում Հայոց Կիլիկիայի վերջին արձագանք Քեսաբ քաղաքի ողբերգությունը: Չհասկացան և կորցրեցին Բյուզանդիան, Արևմտյան Հայաստանը, հունական Պոնտոսը, Հայոց Կիլիկյան թագավորությունը:

Այնինչ, կարծում եմ, եթե քաղաքակիրթ աշխարհը իրեն հռչակում է արդարության և իրավունքի պաշտպան, պիտի այսօր ձայն բարձրացնի և Կոնստանդնուպոլիսը հռչակի Թուրքիայից անկախ քաղաք-պետություն՝ նեղուցներին տիրելու իրավունքով, ինչպես անկախ է Վատիկանը:

Այդպես կարծում եմ, մտածում եմ, սակայն, որ քաղաքակիրթ աշխարհի հետնամուտքում մի ճակատագրական դուռ կա Կերկապորտ անունով, որտեղից ներս է հոսում մեծ տերությունների մշտական շահը՝ թուրքերի կերպարանափոխված տեսքով:

Այդպես մտածում էի ու վախենում մեր մեծ ժողովրդի ու մեր փոքր երկրի համար։ Տեր Աստված, զգույշ լինենք ու փակ պահենք մեր երկրի Կերկապորտ դուռը, քանզի ամեն երկիր իր Կերկապորտ դուռն ունի…

Մերուժան Տեր-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031