Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք «ներսից» եւ «դրսից»՝ կրթական համակարգի իրավիճակի վերաբերյալ

Դեկտեմբեր 28,2015 13:30

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի 6 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն արդեն առկա է: Նա վերջերս դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Ֆրանսիայի Դեկարտի համալսարանում՝ «Բարձրագույն կրթության կառավարումը եւ որակի ապահովումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում. Խորհրդային ժառանգության՝ Բոլոնիայի գործընթացի վերջին ռեֆորմի համատեքստում» թեմայով: Հանձնաժողովը աշխատանքը գնահատել է «շատ լավ»: Հեղինակը նշում է, որ աշխատանքի գնահատման ժամանակ առավելություն է համարվել դասական ագլիական, ֆրանսիական եւ ռուսական գրականության կիրառումը մեկ կոնտեքստի համար, իսկ որպես թերություն նշվել է պրակտիկ բաղադրիչի որոշ չափով գերակշռելը: «Դա էլ պայմանավորված էր նրանով, որ ներսից եղած մարդը չէր կարող դիստանցիա վերցնել: Այնպես որ, դա միաժամանակ եւ առավելություն էր, եւ թերություն»,-հայտնեց Նավոյանը:

Գիտական աշխատանքի հեղինակը փաստում է, որ տարողունակ թեման միավորում է մի քանի կոնցեպցիա՝ բարձրագույն կրթության կառավարումը, բարձրագույն կրթության որակը, որակի ապահովումը եւ որակի ապահովումը որպես կանոնակարգման գործիք: Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը նշում է, որ Հայաստանում նման կտրվածքով հետազոտություն, որքանով ինքն է տեղյակ, չկա: Ասում է՝ ի թիվս այլ հարցերի, իր գիտական թեզում շեշտադրված է՝ որակի ապահովումը որպես պետական կանոնակարգման քաղաքականության բաղադրյալ, որակի ապահովման խնդիրները, դիտարկվել է, թե ինչ գործիքակազմ պետք է պետությունն օգտագործի, որպեսզի առավել արդյունավետ կանոնակարգի բարձրագույն կրթությունը:

Պարոն Նավոյանը նշում է. «Ստեղծվել է Որակի ապահովման մեր կենտրոնը, սակայն ի սկզբանե չեն հստակեցվել նպատակները, գործիքակազմը, եւ ստացված արդյունքներն ի՞նչ պետք է արվեն»: Նա հավելում է՝ հավատարմագրման կարգը վերջին երեք տարում մոտ 50 անգամ փոփոխվել է, ինչը ի սկզբանե քաղաքականության մոտեցումների չհստակեցված լինելու արդյունք է, ու ստացվել է մի վիճակ, երբ բուհական համակարգը չի կարողանում կամ չի վստահում որակի ապահովմանը, մինչդեռ ինչ-որ իմաստով պետք է կոնսենսուս լինի:

Հետազոտության հեղինակն ասում է, որ հակասություններ կան նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքի» եւ հավատարմագրման կարգի միջեւ: Օրենքով ամրագրված է, որ բուհերը հավատարմագրվում են, եթե 75% մասնագիտությունները հավատարմագրվում են, իսկ հավատարմագրման կարգում մասնագիտությունների եւ ծրագրերի հավատարմագրումը պարտադիր չէ:
Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ կառուցվածքային իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության վիճակը լավ է, սակայն այլ է պատկերը՝ բովանդակային իմաստով: Հենց այդ մտայնությամբ Արայիկ Նավոյանը աշխատանքում կենտրոնացել է կոնկրետ ծրագրերի ներկայացման, ձեւավորման եւ ծրագրերի վերջնարդյունքների վրա:

Աշխատանքի հեղինակը փաստում է, որ կրթական համակարգի իրավիճակի վերաբերյալ մինչ այժմ եղած հետազոտությունները հիմնականում միջազգային կառույցների պատվիրած հաշվետվություններն են ռեֆորմներից առաջ, կան հետազոտություններ էլ, որ գրվել են՝ առանց խորամուխ լինելու, հայերենով որակի ապահովման միջազգային տեսությունները շատ քիչ են:
Մեր զրույցի ժամանակ խոսք գնաց նաեւ պետական եւ ոչ պետական բուհերից: Արայիկ Նավոյանը փաստում է՝ 74%-ով պետական բուհերը ֆինանսավորվում են ուսման վարձերից, եւ անկախ բուհի հիմնադրողից, պետք է լինեն հստակ ձեւակերպված ու ամրագրված չափանիշներ եւ պայմաններ. «Այսօր չկա չափորոշիչ, թե որն է համալսարան կամ ինստիտուտ, երբեմն հանդիպում ենք 150 հոգանոց ակադեմիաների: Ունենք շուրջ 35 ոչ պետական բուհ՝ մոտ 10000 ուսանողով, ու մեր ուսանողների միջին թիվը արդեն շատ քիչ է»: Վկայակոչելով միջազգային փորձը, մեր զրուցակիցն ասում է, որ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում բուհերը կենտրոնացվում են, միավորվում: Խոշորացումը բխում է ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ արդյունավետ կառավարման պահանջից, այնպես որ, շռայլություն է շրջաններում ունենալ ե՛ւ մասնաճյուղեր, ե՛ւ տեղական բուհեր, որոնք նույն մասնագիտություններն են առաջարկում:

Խոսելով Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի մասին, Արայիկ Նավոյանը կարծիք հայտնեց, որ այն Երեւանում հյուրընկալելը շատ կարեւոր էր մեր երկրի համար. «Այդպիսով, ամփոփվեց մեր գործունեությունն այդ ուղղությամբ: Փաստորեն, կառուցվածքային իմաստով օրակարգը Հայաստանում սպառված է, Հայաստանն առաջամարտիկներից մեկն է… Իմիջիայլոց, մեզ նման փոքր երկրներում մարդկային ռեսուրսն է ամենամեծ կապիտալը, եւ ինչքան շատ ինտեգրվենք միջազգային կրթական տարածքին, այդքան ավելի շատ կվերցնենք»:
Դառնալով իր գիտական աշխատանքին՝ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը հավելեց, որ թարգմանությունից հետո այն կներկայացվի ակադեմիական հանրության քննարկմանը, եւ ինքն էլ հակված չէ պնդելու, թե բացարձակ ճշմարտություններ է ասել, ուղղակի աշխատանքը որոշակի ներդրում է՝ ուղղորդելու իմաստով, իսկ այնտեղ ներկայացված մոտեցումների մի մասը Ֆրանսիական համալսարանում վաղուց հաջողությամբ կիրառվում է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031