Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Պատրիարք Կիրիլի հայտարարությունն անլուրջ է եւ երկակի»

Հունվար 14,2016 16:38

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանը անլուրջ է որակում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունն  այն մասին, թե Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել, բայց մյուս կողմից էլ կոչ է անում հարցը շատ չսրել, քանի որ այն միայն հայերին չէ, որ վերաբերվում է:

«Պատմաբանի հայացքով դիտարկելով խնդիրը՝ նշենք, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը կամ հարցազրույց- մեկնաբանությունը մի քիչ անզգույշ է եղել:

Երբ մանրամասն ծանոթանում ենք, տեսնում ենք, որ այնտեղ նաեւ երկակիություն կա: «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցում նա փորձում է ներկայացնել, որ իբր Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք է եղել: Նա կրկնում է թուրքական պատմագրության մոտեցումը, որ տարիներ շարունակ ներկայացվել է՝ սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից, երբ ասվում էր, թե բարեփոխումների կարիք ունի ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ ամբողջ Օսմանյան կայսրությունը: Փաստորեն, այս տեսակետը զարգացնում է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Բայց մյուս կողմից, չդիմանալով պատմության անողոքությանը, պատմական արդարությանը, երբ արդեն կոնկրետ դրվում է հարցը, թե ցեղասպանություններ են իրականացվել եւ խոսք է գնում մասնավորապես հայկական հարցի մասին, նա ասում է, որ հայկական հարցի վերաբերյալ մեր տեսակետը ներկայացրել ենք»:

Պարոն Գեւորգյանը փաստում է, որ ՌԴ պետդուման առաջիններից մեկն էր, որ դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայերի ցեղասպանությունը, իսկ պատրիարքը, նրա ձեւակերպմամբ, անտեսում է ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների ջարդը Օսմանյան կայսրությունում: «Այս համատեքստում արվել է հոգեւոր առաջնորդին ոչ վայել եւ մի քիչ անլուրջ հայտարարություն, որից հետո բնական էր մեծ աղմուկի բարձրանալը՝ նաեւ ռուս-թուրքական փոխհարաբերությունների վերջին զարգացումների ֆոնի վրա: Կարծիքներ եղան, որ Ռուսաստանը երկակիություն է խաղում… Այնուամենայնիվ գտնում եմ, որ չարժե թեմայի շուրջ այդքան բարձրաձայնել, մանավանդ իրենք արդեն խառնվել են իրար եւ փորձում են հերքումներ տալ: Այո, համարում եմ, որ անլուրջ հայտարարություն է արվել պատրիարքի կողմից, բայց չարժի այդքան խորանալ, մանավանդ այստեղ միայն հայկական հարցը չէ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ocdn.eu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031