Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել

Մարտ 28,2024 16:05

«Պատկերացնո՞ւմ եք էս գաղափարի հեղինակի տրամաբանությունը. բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի եւ պետության պատմությունից եւ առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ գործունեություն»,- Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսի հիմնավորումներով մի օր վեր կացան ու որոշեցին, որ աշակերտները հայոց եկեղեցու պատմությանը կարող են ծանոթանալ Հայոց պատմության նոր՝ 7-րդ դասարանի դասագրքից: Հետո պարզվեց, որ այդ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը որոշել է կրճատել մեր եկեղեցու պատմությունը, իսկ հայոց պատմությունը ներկայացնել յուրովի:

Գիտնական պատմաբանները տեւական ժամանակ է՝ բողոքում են, պահանջում են խոտանել այն եւ մատնանշում խայտառակ պատմագիտական, ժամանակագրական եւ այլ սխալներ:

Դասագիրքը խոտանելու փոխարեն, պատմաբանները վստահեցնում են՝ իրենց գաղտնի նկարահանում են, խոչընդոտում գործունեությանը, ահաբեկում, կարճ ասած՝ լռեցնում:

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց. «Ամենացնցողն այն է, որ մարդիկ՝ գիտնականները եւ մանկավարժները, ովքեր ունեցել են էդ խիզախությունը բարձրաձայնելու, խոսելու, գրելու, նրանց դեմ իրականացվում են վարչական եւ ոչ վարչական ճնշումներ, այդ թվում՝ նաեւ ոստիկանության մասնակցությամբ: Սա այլանդակություն է, այլասերվածություն է, ուրիշ բառ չեմ կարող ասել: Այսպիսի այլանդակ, այլասերված բարքեր, էն էլ դասագրքի շուրջ, որտեղ պետք է շատ արագ հարցերը հարթեցվեին, լուծվեին, լիներ փոխհամագործակցություն, խնդիրը ոչ միայն տարվել է փակուղի, այլեւ հնարավորինս բոլոր բացառիկ մեթոդները այլանդակության կիրառվում է»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հարցադրում է անում. «Էս գիտնականներն ի՞նչ են արել, գնացել են նախարարության դեմը կանգնել են, իրանց մայկանե՞րն են ճղել, գոռացե՞լ են, ինչ-որ մեկին բա՞ն են արել: Ոչ, արտահայտել են մասնագիտական կարծիք»:

Նրա խոսքով՝ «դասագրքում սխալները մի հատ չի, երկու հատ չի, երեք հատ չի: Էդ դասագիրքը գրեթե էջ չունի, որտեղ սխալ կամ վրիպակ կամ անճշտություն չլինի»:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գեւորգյանը նշեց. «Այս դասագրքում կասկածի տակ է առնվում հայ ժողովրդի տեղաբնիկ լինելու փաստը: Բալկանյան տեսությունն է առաջ քաշվում, ըստ որի հայերը գաղթել, եկել են Բալկանյան թերակղզուց»:

Ըստ պատմաբանների, դասագրքում հայ ժողովրդին ուզում են հլու-հնազանդ ներկայացնեն, մեր հերոսական պայքարի, պատերազմների, վերելքների մասին անթույլատրելի մոտեցումներ կան: «Վախենում ենք ասել, որ եղել է Վարդանանց պատերազմ, եղել է Վահանանց պատերազմ, պատերազմը վերածում ենք ապստամբության: 3 տարի հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, պայքարել է պարսկական տիրապետության դեմ, Վահանանց պատերազմի ընթացքում: Մեր պատմիչները 5-րդ դարի իրենց աշխատանքները այդպես էլ վերնագրել են՝ Վարդանանց պատերազմ, Վահանանց պատերազմ եւ այլն, հիմա մենք եկել ենք, ասում ենք՝ դե ինչ էր, մի հատ ապստամբություն էր, էլի, ոտքի կանգնեցինք, բան, հետո էլ խելոք-խելոք ինչ-որ մի պայմանագիր կնքվեց, թե տեսեք, խաղաղության օրակարգը լավ բան է: Մենք վախենում ենք այսօր նշել, որ հայ ժողովուրդը թե՛ պարսկական, թե՛ արաբական տիրապետության դեմ ազգային ազատագրական պայքար է մղել: Վախենում ենք այդ բառն օգտագործել՝ պայքար ինքնության համար, չգիտեմ, Նվարսակի պայմանագիրը բերում ենք, փորձում ենք համեմատել Խաղաղության օրակարգի հետ: Ծիծաղելի է: Եթե էս բոլորով փորձում ենք հիմնավորել որոշակի խնդիրներ, դա պատմությունը կանի, ժամանակը կանի»:

Իսկ Ադրբեջանն այս ընթացքում իր դասագրքերում հիմնավորումներ է մոգոնում, թե ինչքան հին ազգ են, ինչ հարուստ պատմություն ու հերոսական անցյալ ունեն: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասաց. «Մեր բոլոր սկզբնաղբյուրները, որոնք արդեն չես կարող չընդունել կամ մերժել, փորձում են ներկայացնել յուրովի: Արցախ բառը արդեն չեն մերժում, բայց ասում են, որ դա Արսակ բառի դրսեւորումն է, դա սակերի հետ է կապված, իրենց նախնիներն են, եւ անունը հայերը փոխառել են: Եթե ունենք նման խեղաթյուրումների դրսեւորում այսօրվա ադրբեջանական դասագրքերում, ինչո՞ւ ենք մենք շատ կարեւոր փաստեր մի կողմ թողնում»:

Հայ ժողովրդի պատմությունն ու եկեղեցաբանությունը տարբեր թեմաներ են, բայց իշխանություններն ամեն կերպ փորձում են խառնել այդ երկուսը, արդյունքում՝ ձախողել ամեն ինչ:

Պատմաբաններն ասում են, որ դասագրքում անտեղի միֆեր կան, թե Ադամը հայ էր, Աստված դրախտում հայերեն էր խոսում: Փոխարենը՝ չկան հայոց եկեղեցու հազարամյա պատմության կարեւորագույն դրվագներ: Եղածներն էլ խեղաթյուրված են: Հեղինակը գրել է, թե Քրիստոնեության դեմ հալածանքի պատճառը Հռիփսիմեն եղավ:

 

Մասյացոտն թեմի առաջնորդ, Մայր աթոռի կրթական հանձնախմբի անդամ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի դիտարկմամբ՝ «կարող էր ասել, որ ըստ Ագաթանգեղոսի, այո, Տրդատ արքան սիրահարվեց Հռիփսիմեին, բայց ասել, որ Հռիփսիմեն եղավ հիմնական պատճառը հալածանքի և ամեն ինչ կապել Հռիփսիմեի անձի հետ, դա գիտականորեն այդքան էլ ընդունելի չի»:

Դասագրքում նվիրապետության հետ կապված նույնպես լուրջ սխալ կա. «Տեսեք ինչ տող ունի՝ Նվիրապետություն՝ հայ առաքելական եկեղեցու հոգեւոր աստիճանակարգը: Պիտի ասեմ, որ մեր եղբայրը ամեն բան խառնել է իրար: Նրա ներկայացրած նվիրապետությունը հետևյալն է՝ «կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս» – չկա այստեղ, իհարկե, եպիսկոպոսը, այն բացակայում է, ապա – «վարդապետ, քահանա, սարկավագ, դպիր»: Սմբատը շփոթել է եկեղեցական նվիրապետությունն ու պաշտոնները: Գիտեք, առանց մանրամասների մեջ մտնելու կարող եմ ասել, որ հեղինակը չի օգտվել դասականներից, զորօրինակ՝ Մաղաքիա արքեպս. Օրմանյանի հանրամատչելի «հայոց եկեղեցին» աշխատությունը: Եթե նա կարդար այս գիրքը, հավատացեք, այդ շփոթի մեջ չէր հայտնվի: Օրմանյանը երկու տարբեր թեմաների է բաժանում նվիրապետությունն ու եկեղեցական պաշտոնները: Նվիրապետությունը մեկ բան է, եկեղեցական պաշտոնները մեկ այլ բան»:

Գեւորգ սրբազանը վեր է հանում դասագրքի մեկ այլ մոլորեցնող դրվագ եւս. «Եկեղեցական խորհուրդների մասին, տեսեք թե ինչ է գրում՝ «Ձեռնադրություն- կրոնական կարգ, հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգեւորական եւ լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր եւ արարողություններ»: Շատ ընդհանուր ձեւակերպում է: Ունենք դպրական աստիճաններ, որը շնորհում ենք եկեղեցու ծառայողներին, նրանք էլ են ձեռնադրվում, հասկանո՞ւմ եք, բայց նրանք շատ սահմանափակ իրավունքներ ունեն, օրինակ, այդ աստիճաններից մեկը վերաբերում է երգեցողությանը, նրանք կարող են երգել, մյուսը վերաբերում է դռնապանությանը, մյուսը՝ եկեղեցին մաքրելուն: Հասկանո՞ւմ եք, սա էլ է ձեռնադրությամբ տեղի ունենում: Բայց առաջին կարդացողը ի՞նչ պիտի մտածի, պիտի մտածի, որ դպիրը իրավունք ունի եկեղեցում մկրտությո՞ւն անել: Իհարկե, ոչ»:

Սրբազանը հարց է տալիս. «Ինչի՞ ենք մենք կառչել այն մտքից, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան անպայման պիտի տարրալուծվի: Եղբայր, չի ստացվում, չի տարրալուծվում: Մենք ունենք էդ դասագրքերով մեծացած սերունդ, որոնք ավելի մոտ են այսօր իրենց զգում հայ եկեղեցուն, դրանով իսկ նաեւ իրենց արմատներին, իրենց ինքնությանը: Պետք չէր ձուլել: Ի՞նչ է նշանակում Հայ ժողովրդի պատմություն ենք անցնում ու այնտեղ սովորում ենք ձեռնադրության մասին, որքանո՞վ է նպատակահարմար ձեռնադրության թեման բերել, մտցնել Հայ ժողովրդի պատմության դասագրքում: Ես կարծում եմ՝ բացարձակ անտեղի է: Հիմա օրինակի համար Ֆինլանդիայի դպրոցներում անցնում են «Ֆին եկեղեցու պատմություն»: Հիմա ի՞նչ, ասենք հետամնա՞ց են նրանք, ասենք, որ ոչ, անհնար է դա, չի կարելի, պետք է ձուլե՞լ: Էդ ոնց է ֆինները կարողացել են էդ հարցը լուծել: Ինչի՞ց ենք մենք վախենում կամ ինչի՞ց ենք խուսափում, ո՞րն է խնդիրը»:

Պատմաբանները հորդորում ու պահանջում են՝ խոտանեք դասագիրքը: Հարցին՝ հնարավոր չէ՞ վերամշակել, խմբագրել, պատասխանեցին. «Դասագիրքը դիակ չի, որ դիմափոշի անես ու տանես թաղման»:

Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031