Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Իմ մեջ տեսնում են հակառակորդի». «Հրապարակ»

Հունվար 19,2016 11:00
Azat Arshakyan

Գերագույն  խորհրդի նախկին  պատգամավոր  Ազատ  Արշակյանը, որը հանրաքվեից առաջ մասնակցում էր «Այո-Ոչ» ռեալիթի շոուին,նշում է, որ քաղաքականությամբ ինքը միշտ է զբաղվել եւ դա սիրով է անում եւ կարծում է, որ մասնագիտացել է այդտեղ, բայց որեւէ քաղաքական կարիերա չի հետապնդում։ Հետեւաբար, քաղաքականությամբ զբաղվում է որպես քաղաքացի։ Ռեալիթի շոուին մասնակցությունն  էլ համարում է մասնակցություն պետականաշինությանը՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք ստացանք։ Այդ շոուն նա ներկայացում է համարում, որին ինքը մասնակցել է եւ իր դերը կատարել ու լավ կատարել։ Ի դեպ, նա սովետական տարիների քաղբանտարկյալներից է, բայց նրա հանդեպ հալածանքներ եղել են նաեւ մեր օրերում՝ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ նա երկու տարի բանտարկվել է, զրկվել ունեցվածքից, ընտանեկան բիզնեսներից։ Դրանց մի մասից էլ զրկվել է վերջին տարիներին:

– Դուք խորհրդային տարիներին 10 տարի քաղբանտարկյալ եք եղել։ Դրանից հետո, օրենքով, ԽՄ տարիների քաղբանտարկյալներին որոշակի արտոնություններ եւ փոխհատուցում սահմանվեցին՝ միանվագ օգնություն, բնակարան, հողատարածք եւ այլն։ Դուք դրանից օգտվեցի՞ք, ստացաք այդ փոխհատուցումը։

– Չեմ օգտվել։ Արդեն 25 տարի է՝ ես արդարացվել եմ Գերագույն դատարանի վճռով, բայց փաստաթղթերս ստացել եմ միայն վերջերս՝ 2011 թվականին։ 23 տարի անց՝ 2012 թվականին, ես ստացել եմ տրամվայ-տրոլեյբուսով անվճար երթեւեկելու մշտական տոմս։ Դա էլ տվել է ինձ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը՝ որպես ընկեր։ Բայց դրանից ես հրաժարվել եմ։ Դիմումներ, իհարկե, գրել եմ, որ ինձ օրենքով սահմանված կարգով տան փոխհատուցում։ Տիգրան Սարգսյանն ինձ ասել է, որ Սովետական Միությունն ինձ դատել է, Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ պիտի ինձ փոխհատուցում տա, թող Սովետմիությունն էլ տա։ Իհարկե, կարծում եմ՝ կատակ արեց։ Իսկ Հովիկ Աբրահամյանն ինձ իր նշանակման առաջին օրվանից խոստացավ ամեն ինչ անել՝ սահմանված կարգով, դեռ մի բան էլ ավել, բայց ես առայսօր ունեմ մի հատ պատասխան սոցապնախարարությունից, որ իրենք այդ հարցով զբաղվում են։

Բայց իրենք հիմա իրենց զգում են մի քիչ Սովետական Միություն, Սովետական Հայաստանի իրավահաջորդը, եւ Սովետական Միության նախկին քաղբանտարկյալների նկատմամբ կա սովետական վերաբերմունք, այսինքն՝ նրանք հիմա էլ համարում են, որ մենք իրենց համար վտանգավոր ենք։ Ինձ այդ փոխհատուցումը չտալը ես դրանով եմ բացատրում, որ ինձ համարում են հակասովետական, հակաեվրասիական, հակաԵՏՄ-ական, հակաիմպերիական ուժ։ Իսկ իրենք, որ իմպերիայի դրածոներն են, իմպերիայի շահերը պաշտպանողն են, նրանք չեն համարձակվում դա անել։ Խոսքը Հայաստանի իշխանական համակարգի մասին է, որն իրեն չի համարում անկախ Հայաստանի իշխանություն, այլ համարում է Սովետմիության ժառանգորդի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դրածո։ Իմ մեջ տեսնում են հակառակորդի, որովհետեւ ես ուզում եմ, որ իմպերիան չլինի, այլ Հայաստանը լինի անկախ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031