Լրահոս
Օրվա լրահոսը

Հերն էլ անիծած, թե չեն քանդում Երևանը

Հունվար 19,2016 15:13

Երևանի խանության նոր տիրակալներն անխնա քանդում են Երևանը:

Քանդեցին նաև Արամի-Աբովյան անկյունի կարմիր շենքը:

Երևանի կենտրոնի մի քարե գույն ևս՝ արդեն պատմություն է: Ասպատակության դրվագ:

Մեր անդեմ կենսաձևի հերթական տխուր պատմությունը:

Ճարտարապետական գլուխգործոց չէր, գուցե: Գուցե, փառահեղ մշակութային կոթող չէր, բայց գիծ էր Երևանի դեմքին, շունչ էր, գույն, մթնոլորտ: Երևանի մասն էր: Մշակութային շերտ էր, ի վերջո, որ քաղաքին անհրաժեշտ է ինչպես օդը:

Arami pogoc

Եվ, այնուամենայնիվ, երեսպաշտություն չանենք. խանության նոր տիրակալների համար ի՞նչ տարբերություն: Ռաֆո Իսրայելյանի տունը չքանդեցի՞ն: Աբովյան փողոցի մշակութային արժեքները չքանդեցի՞ն: «Սևան» հյուրանոցի շենքը չքանդեցի՞ն: «Զվարթնոց» օդանավակայանի շենքը չեն քանդո՞ւմ: Թամանյանական Երևանը չեն քանդո՞ւմ: Քանդում են: Քանդում են «մթության քողի տակ», որովհետև Շուրա Բալագանովի հոգևոր շառավիղներն են:

Ինչո՞ւ են ատում Թամանյանին: Ինչո՞ւ են վերացնում Թամանյանական միջավայրը, Թամանյանական մթնոլորտը: Ինչո՞ւ Թամանյանի փառքը հանգիստ չի տալիս անփառունակ հոգիներին: Թամանյանական «ցածրահարկ» Երևանի փոխարեն հառնող տձև, գերեզմանաքարային շենքերը՝ նույնիսկ թամանյանական կամարները կապկած, ճարտարապետություն չեն, միևնույն է: «Ամեն սև բան Օթելլո չէ». Փափազյանն էր ասում: Այդ շենքերն այդպես, իրենց մեռելային կերպարներով որպես ամոթ՝ մնալու են այսօրվա հայ ճարտարապետական մտքի «գանձարանում»: Գանձարան իրենք շատ են սիրում: Այնպես, ինչպես «Հյուսիսային» կոչվող ուրվականային «քաղաքն» է դրոշմվել Երևանի սրտում:

Գիտե՞ք ֆրանսիացիներն ի՜նչ հմտությամբ ու արագությամբ կարող էին գետնի երեսից ջնջել «ցածրահարկ» Փարիզը՝ նույնիսկ ցերեկով: Ու գիտե՞ք Փարիզի տեղում ի՜նչ փառահեղ ու ոչ տձև, բնականաբար, բարձրահարկեր կարող էին շարել, որովհետև գավառականությունը չէ նրանց առաջնորդողների հոգեկերտվածքի աղյուսը: Իսկ ֆրանսիացիները Փարիզի արվարձանում մի հսկայական «Նյու Յորք» կառուցեցին՝ հանրահայտ «Դեֆանսը», աշխարհին ասելու, որ իրենք կարող են նաև «Նյու Յորք» կառուցել, բայց պահեցին իրենց պաշտելի Փարիզը: Ինչո՞ւ: Որովհետև Ֆրանսիայի պատմության մեջ Փարիզի խանության ժամանակներ չեն եղել: Որովհետև Ֆրանսիան առաջնորդողների արժեքը եղել է Ֆրանսիայի Վեհությունը, իսկ մենք գնում-գնում ու չենք հասնում Սասուն, Մուշ ու Արդահան, որովհետև… երգելով ենք գնում: Վատ երգելով: Որովհետև վաստակաշատ օպերային Գեղամ Գրիգորյանն անընդհատ վերադառնում է ու անընդհատ հեռացնում է. մեկ հանճարեղ Օհան Դուրյանին, մեկ առաջացող Կարեն Դուրգարյանին: Կասեք կապ չունի՞ նյութի հետ: Ունի:

Հին Երևանցու կերպար հագած որքա՜ն մարդ ծերացավ «իմ վարդագույն քաղաք» երգի նոտաները ծամծմելով: Ու դեռ ծերանում են: Որքա՜ն մարդ տուն-տեղ դրեց: Ավտո առավ:

Երևանը քանդում են ու հին Երևանցու կերպարով ապրող տղերքը լռում են: Լռում են, որովհետև լռությունը տարածք արժի, մեդալ, պատվոգիր, աշխատավարձ, տոնածառի տակ նվագելու արտոնություն:

Մեռած-չթաղած ստեղծագործական միությունների նախագահները լռում են, որովհետև մեռած-չթաղվածը մի ապագա ունի միայն. թաղվել: Իսկ ո՞վ կուզի սեփական թաղումը: Մեռած գոյությունն ավելի գերադասելի է: Լույսի փող կա, որ պիտի ստանան, տարածքի վարձակալության պայմանագիր, որ փող է բերում ու փոխվող վարչապետների հետ առանց փողկապի նկարվելու հնարավորություն:

Բազմատեսակ վաստակավորները լռում են, որովհետև ժողովրդականի հեռանկարը դեռ չի մեռել նրանց անհանգիստ հոգիներում: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն էլ դեռ հնարավոր է կպցնել: Ու կպցնելու լիքը բան կա. պետպատվերով համերգ, ֆիլմ, ասմունքի երեկո, բանկետ: Վեհ է հնչում, այնպես չէ՞. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

Ժողովրդականները լռում են, որովհետև կյանքը կարճ է: Կառավարական հանձնաժողովը, կամերային երաժշտության տունը, պանթեոնը կարող են չբացառվել: Իրենց կարծիքով, համենայնդեպս: Եթե ոչ՝ գոնե հոգեհացը պետության հաշվին: Ինչի՞ տեր են:

Նույնիսկ շոու բիզնեսի անձնազոհ, մահապարտ շոումեններն են լռում, որոնք անգամ երթուղային տաքսիների թանկացման դեմ պայքարում են պատրաստ նահատակվել, բայց ոչ՝ քանդվող Երևանի համար:

Ու այսպես՝ լռություն է: Ավագանիների, հանրային խորհուրդների, պատվավոր քաղաքացիների ու այլոց լռություն:

Այսպես լռել են նաև այն ժամանակ, երբ քանդել են Երևանի Պողոս­-Պետրոս եկեղեցին, Գեթսեմանի մատուռը, Մլեր գերեզմանատունն ու մատուռը և այդպես շարունակ: Ու ոչ միայն լռել են, այլև մատնություններ են գրել, անկասկած: Որովհետև լռել են նաև, երբ Չարենցին են սպանել:

Չարենցին սպանողների շառավիղները՝ Չարենց չկարդացած, Չարենց մեծարող լինել չեն կարող, Չարենցով առաջանալ ու առաջացնել չեն կարող: Փառք տանք, որ Չարենցի տունը չեն քանդում: Թեև, ի՞նչ իմանաս, դեռ լուսաբացներ կան, որ գիշերներին պիտի հաջորդեն:

Մի հանրային պահանջ մեր պոռոտախոս պատգամավորներից, այնուամենայնիվ, գուցե ձևակերպենք: Սահմանադրական մի օրենք ընդունել, որ Օպերայի, Մատենադարանի, Մարզահամերգային համալիրի շենքերը, Ծիծեռնակաբերդի, Սարդարապատի հուշահամալիրները (ցուցակը կարելի է պատրաստել) ոչ մի ազգային, համազգային, վերազգային, պետական ու համապետական կարիքների համար չօտարվեն: Ի՜նչ նրբորեն է գտնված բառը: Չքանդվեն, պարոնայք, չքանդվեն: Օրենք, որը հնարավոր չլինի բեկանել ոչ մի սահմանադրական ու վերսահմանադրական, ոչ մի միջազգային ու տրանսնացիոնալ դատարաններում: Եթե սա դժվար կլինի, ուրեմն լյուստրացիայի մասին օրենք: Միայն ու միայն: Եվ ոչ մի դեմագոգիա:

Իսկ Բրիտանական թագավորական ճարտարապետական ինստիտուտի անդամ, մեծահայտնի հայ ճարտարապետի ճարտարապետական գրասենյակը շահել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի գլխավոր մահմեդական թանգարանի՝ «Հավատքի թանգարանի» ստեղծման միջազգային մրցույթը:

Հերն էլ անիծած, թե չեն քանդում Երևանը:

Կարևորը, որ սփյուռքի նախարարուհին բազմաթիվ սելֆիներ ունի մեծահայտնի հայ ճարտարապետների հետ, որոնք եկել են Երևան՝ հայ ճարտարապետների համահայկական, համազգային համաժողովներին, ճոխ դահլիճներում լսել են մեր անկուշտ անգետների «լոլոները» հայրենիքի, հայրենասիրության, հայրենապաշտության մասին ու…գլխիկոր հեռացել:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. vincomed says:

    Հարգելի պարոն Մանուկյան. Շնորհակալռւթյռւն հոդվածի համար. Հիանալի վերլուծում է. Լրիվ համազայն եմ զեր ամեն խոսքի հետ. Ցավ է պատձառում , երբ տեսնում ես թե ինչպես մեր ժողովուրդին հասցրեցին այս անտարբերության մակարդակի. Սիթե Բաղրամյանի պոռտկումը բեմադրություն եր.Ուր կորան այդ երտասարդները.

    • Ով որայա says:

      ձեր համար Բաղրամյանի երիտասարդությունը զորագունդ ա, պետք է մի տեղից մեկ այլ ռազմաճակատ ուղարկեն՞… որ դուք էլ «դիվանային» եզրակացություններ անեք

  2. Հարություն Հարությունյան says:

    Հարգելի Արայիկ, անչափ շնորհակալություն հոդվածի համար: Ձեր ամեն մի խոսքը իմ սրտին մոտ է : Ծնվել ու մեծացել եմ Երևանի կենտրոնում:

  3. Kostya says:

    Այսպես անվերջ կարող ենք գրել, ասել ու բողոքել, բայց ճիշտ է ասում հեղինակ Արայիկ Մանուկյանը. բոլոր հայտնի և ակտիվ կոլեկտիվները ժողովրդի հետ միասին պետք է ոտքի կանգնեն ու պայքարեն այս անօրենությունների դեմ։

  4. Մագա says:

    ԲԱՑԵՔ
    Վազգեն Սարգսյան, Խորենացի եւ Դեղատան փողոցներով պարփակված տարածքի
    ՎԱՐԱԳՈՒՅՐԸ
    Երեւանի Շահումյան հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան, Խորենացի եւ Դեղատան փողոցներով պարփակված տարածքում կային հուշարձան երեք շենքեր, որոնց հեղինակը Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն էր: Դրանցից մեկում ժամանակին գործել է Թիֆլիսի բանկի մասնաճյուղը, երկրորդը եղել է գյուղատնտեսական բանկ, երրորդն էլ, ըստ որոշ տեղեկությունների, այդ գյուղբանկի աշխատակիցների բնակելի շենքը:
    Այդտեղ տեղակայված շենքերը երեքն էլ ընդգրկված են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Ինչպես են պահպանվում այս հուշարձանները, անհայտ է: Հայտնի է միայն, որ նշված երեք շենքերն իրենց հարակից տարածքներով գնել է «Ամերիա» բանկը, որն արդեն մի քանի տարի կապույտ վարագույրի հետևում կառուցում է իր երազած բանկը:
    Ինչ, ինչպես՝ ոչ ոք չգիտի:
    Դավադրությունը նյութվում է կապույտ վարագույրի հետևում:
    <>նախաձեռնությունը հանդես է եկել Երևանի քաղաքապետարանին ուղղված՝ <> առաջարկությամբ:
    Դե, համարձակություն ունեք,գրեք այս մասին, թե չէ..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031