Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Այս անգամ Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ

Հունվար 27,2016 13:59

«Պետք է արձանագրել, որ հիմնականում սոցիալիստական խումբը հայկական տեսակետի կողմնակիցն էր»,- հունվարի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, կարեւոր հանգամանք է, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ քրիստոնեադեմոկրատներ խումբը մեծ մասամբ հայկական տեսակետին հակառակ է քվեարկել. «Սա կարեւոր է, քանի որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են Հայաստանի Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը, նշանակում է, որ բավարար աշխատանք պետք է տանեն: Ընդունում ենք, որ ԵԽԽՎ-ում խմբերը խմբեր են ընդամենը, այսինքն՝ կուսակցական խմբակցություններ են այն իմաստով, որ ինչ-որ կարգապահություն ակնկալելի է, բայց ինչ-որ տեղ տակավին աշխատանք տանելու տեղ կա, դա պարզ է»:

Կիրո Մանոյանը կարեւոր է համարում, որ Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը քվեարկեց հայկական կողմին ի նպաստ: Նա ընդգծեց, որ Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակները երկու բանաձեւերի դեպքում էլ Հայաստանին դեմ քվեարկեցին. «Պարզ է, որ մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բավականին ակտիվ աշխատանք էր տարել, ասել, որ բավարար է, չեմ կարող, որովհետեւ երկրորդի դեպքում առնվազն չհասանք ցանկալի արդյունքին: Պարզ է, որ այս անգամ մեր դիվանագիտությունը բավականին աշխույժ աշխատել էր այս ուղղությամբ, եւ դրան պետք է վերագրել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ խրախուսում են, որպեսզի նման բանաձեւեր չորդեգրվեն»:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդհանուր մոտեցումն էր փորձել հավասարակշռություն հաստատել, բայց արդյունքում ընդունվեց «անհեթեթ» բանաձեւ, որն ունի հակասական բովանդակություն. «Երբ Ադրբեջանը տեսնի, որ հաջողության է հասնում, միշտ էլ պիտի շարունակի: Այս անգամ կարծում եմ՝ մեծ ապտակ ստացավ, ճիշտ է, բավականին մոտ քվեների թվով, բայց մերժվեց այդ բանաձեւը: Եվ այստեղ Ադրբեջանի համար մտածելու հարց կա, թեեւ կարող են չմտածել, ասել մյուս անգամ մի քիչ ավելի կվճարենք մի քանիսին, մի քիչ ավել խավիար կկերցնենք: Մեզ համար պարզ է, որ մենք իսկապես պետք է նայենք, թե մեր աշխատելաոճը ինչ պետք է լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031