Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Թինաթին Խիդաշելիին. ցավոք, համագործակցությունը միջազգային հարթակներում դեռեւս չի հաջողվում

Փետրվար 02,2016 16:38

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով նախարարի այցը խորհրդարան, հույս է հայտնել, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ խորհրդարանները մեծ ներուժ ունեն ներքին եւ արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում եւ կարող են միջամտել ու նպաստել երկու երկրների կնճռոտ խնդիրների լուծմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ թեեւ երկու երկրների խորհրդարանականների հարաբերությունները բարեկամական են, սակայն, ցավոք, համագործակցությունը միջազգային հարթակներում դեռեւս չի հաջողվում:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում եւ կարծիք հայտնել, որ Վրաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունները ռազմաարդյունաբերական ոլորտում չեն խանգարի հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացմանն այդ բնագավառում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Վրաստանի որոշակի հավասարակշռված դիրքորոշմանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ռազմավարական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փորձում է հավասարակշռված կողմնորոշում ունենալ Հարավային Օսեթիայի հարցում: Գալուստ Սահակյանը կարեւորել է Վրաստանի հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումները եւ նշել, որ ՀՀ խորհրդարանը կնպաստի նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել վրացի գործընկերոջ ողջույնները: Տիկին Խիդաշելին շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի անցկացման առնչությամբ. նույն դժվարին ճանապարհն անցել է նաեւ Վրաստանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են երկու երկրների քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության զարգացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29