Թուրքիայի Վան քաղաքում Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների և տեղի զբոսաշրջային ոլորտի պատասխանատուների միջև հանդիպում է կազմակերպվել։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել Հայաստանի և Վանի միջև զբոսաշրջային համագործակցությունը և նոր շուկաներ ներգրավել՝ նվազեցնելով քաղաքի կախվածությունն իրանական զբոսաշրջային շուկայից։
Վանի զբոսաշրջիկների միության (VANTUDER) նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը B2B ձևաչափով քննարկել են համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Վանի զբոսաշրջային ներուժը հայկական շուկայում ներկայացնելու ուղիները։
Վանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ Էնգին Փիշքինի խոսքով՝ հայկական գործակալությունների ներկայացուցիչները քաղաքում կմնան 4 օր։ Նախաձեռնության նպատակներից մեկն էլ հայ այցելուների՝ Վանում գտնվելու տևողությունը երկարացնելն է։ Նրա փոխանցմամբ՝ ներկայումս հայ զբոսաշրջիկները քաղաքում սովորաբար անցկացնում են ընդամենը 12 ժամ։
Փիշքինը նշել է, որ ծրագրի շրջանակում հայկական գործակալություններին ծանոթացնում են Վանի զբոսաշրջային հնարավորություններին, տեսարժան վայրերին և ոլորտի ներկայացուցիչներին։ Նա նաև ընդգծել է զբոսաշրջության դերը հայ-թուրքական հասարակական և մշակութային կապերի զարգացման գործում։
Կարդացեք նաև
«Վանից՝ Տուշպայից, փորձում ենք հույսի կամուրջ դառնալ դեպի Էրեբունի։ Զբոսաշրջության գեղեցկությունն այն է, որ այն միավորում է մարդկանց, մշակույթներն ու արվեստը՝ անկախ լեզվից, կրոնից և ազգային պատկանելությունից»,- ասել է Փիշքինը։
Վանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ Մուրաթ Բեյազն իր հերթին ընդգծել է, որ քաղաքը պետք է ընդլայնի զբոսաշրջային շուկաները և չսահմանափակվի միայն Իրանից այցելուների ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունեցող շուկա է։
Բեյազը նշել է, որ հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանից զբոսաշրջիկներ ներգրավելով։ Վանի ներկայացուցիչները ցանկանում են կապեր հաստատել նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում բնակվող հայերի հետ։
Վանի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչ Էբրու Եշիլաղաչն էլ կարևորել է նոր ուղղությունների ներգրավումը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ փոխադարձ զբոսաշրջային այցելությունների զարգացման կարևոր ուղղություն։ Նրա խոսքով՝ համագործակցության հնարավորությունները կարելի է ընդլայնել նաև Վրաստանի հետ։
Աղբյուր՝ Ermeni Haber/Van Haber



















































