Լրահոս
Օրվա լրահոսը

Տյառնընդառաջի նկատմամբ հետաքրքրությունն աճել է

Փետրվար 10,2016 15:50

«Տյառնընդառաջը և’ հոգևոր, և’ ծիսական, և’ ազգային, մշակութային նշանակություն ունի: Տոնը սկսվում է փետրվար 13-ի երեկոյան և շարունակվում մինչև փետրվարի 14-ի երեկո: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ եկեղեցիների բակերում և տներում եկեղեցուց բերված կրակով վառվում են խարույկներ, և մարդիկ որոշ իղձեր ու նպատակներ են կապում այդ ավանդույթի հետ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

Քահանան հավելեց, որ տոնն ունի գեղեցիկ ավանդույթ. Սիմեոն անունով ծերունին ուխտ էր կապել Աստծո հետ, որ պիտի մարդ չճաշակեր այնքան ժամանակ, մինչև չտեսներ փրկչին: Այդպես էլ լինում է. տեսնում է Աստծուն և ասում, որ այժմ, երբ տեսավ նրան, կարող է իր հոգին տանել հետը: Այստեղից էլ բխում է տոնի անվանումը՝ Տյառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

«Ավանդական տոների վերածնունդ» հ/կ-ի նախագահ և «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի տոնացույցը նշելու է Տյառնդառաջն իր ավանդական երգ ու պարով և ավանդույթներով: Նա մանրամասնեց. «Մեր կենտրոնն այժմ գտնվում է Բյուրականում, և հենց այնտեղ էլ նշելու ենք, քանի որ բնությանը մոտ լինելով՝ ավելի լավ ես հասկանում տոնի խորհուրդն ու նշանակությունը»:

Տեր Պարթևը նկատեց, որ տարեցտարի տոնի նկատմամբ և դեպի եկեղեցի հետաքրքրության աճ է նկատվում: Նա դա կապում է գիտակցական զարգացման հետ. «Մարդիկ գալիս են, մասնակցում են տոնին և հասկանում դրա նշանակությունն ու խորհուրդը: Հստակ գիտեն` ինչի համար են գալիս, որն է տոնի իմաստն ու նշանակությունը»:

Ազգագրագետը նշեց, որ մեր եկեղեցին տարբերվում է մյուս եկեղեցիներից հիմնականում նրանով, որ ժողովրդական տոները մեծ մասամբ պահպանել են հենց եկեղեցու շուրջ, ու ազգագրական շատ նյութեր պահպանել են հենց քահանաները: Նա փաստեց նաև, որ, իհարկե, տոնն ունի նախաքրիստոնեական ակունքներ, գալիս է հեթանոսական ժամանակներից, բայց հայ եկեղեցին, պահպանելով այս ավանդույթները, տոնում է Տյառընդառաջը:

Այս առիթով Տեր Պարթևը նշեց. «Կրակը , ճիշտ է, գալիս է հին ժամանակներից, բայց դա կռապաշտության հետ կապ չունի: Քրիստոնեություն ընդունելով մենք հասկացանք, որ ոչ թե նյութը պետք է դարձնել Աստված, այլ նյութը պետք է ծառայեցնել Աստծուն հավատալիքը ներկայացնելու համար: Կրակի վրայով թռչելը պարզապես ազգային գեղեցիկ սովորույթ է, որ եկեղեցին չի վերացրել, այլ պահպանել է: Կրակն այս դեպքում միջոց է խոսքն ու իղձերը Աստծուն հասցնելու համար»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29