Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է պահպանել մեր ծեսերը, դիցաբանությունը, լեգենդներն ու երգերը. Նունե Սարգսյանը հանդիպել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ

Մայիս 05,2021 16:03

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը «Երևան, իմ սեր» հիմնադրամում հյուրընկալել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանին:

Հասմիկ Բաղրամյանն ավելի քան 20 տարի զբաղվում է հայկական ժողովրդական տոների, երգերի ու ծեսերի վերականգման աշխատանքներով, ինչպես նաև փորձում է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթն ու սովորույթները:

Նա տիկին Նունե Սարգսյանին պատմել է իր գործունեության մասին՝ նշելով, որ իր առաքելությունն է համարում վերագտնել այն ավանդույթները և ծեսերը, որոնք մոռացված են, և դրանք փոխանցել կրտսեր սերնդին: «Հայկական երգերի, պարերի, հեքիաթների, խաղերի միջոցով 3-14 տարեկան երեխաների մեջ սերմանում ենք սերը հայրենիքի, մեր ավանդույթների նկատմամբ, և այսօր նրանք ուր էլ գնան, ինչով էլ զբաղվեն, իրենց մեջ միշտ կունենան հայկականը, բարին և լուսավորը»,-ասել է Հասմիկ Բաղրամյանը:

Տիկին Նունե Սարգսյանը կարևորելով հայկական ավանդույթների պահպանումը և այն հաջորդ սերունդներին փոխանցելը, ողջունել է Հասմիկ Բաղրամյանի գործունեությունը:

«Կարևոր է, որ մեր ժողովրդի ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը մոռացության չմատնվեն ու փոխանցվեն կրտսեր սերնդին։ Իմանալով մեր ավանդույթները, դիցաբանությունը, հայ ժողովրդի պատմությունը, մենք պահպանում ենք մեր ինքնությունն ու յուրահատկությունը: Անցյալի մեր հարուստ ժառանգությունը կարևոր հիմք կլինի մեր փոքրիկների համար՝ կառուցելու իրենց լուսավոր ապագան»,-ասել է Նունե Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի կարգախոսը՝ «Վերականգնելով անցյալը՝ կառուցենք ապագան», նույնպես այս ուղերձն է կրում:

Նունե Սարգսյանը և Հասմիկ Բաղրամյանը շրջել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում, քննարկել ազգային ժառանգության պահպանմանն ու դրանք կրտսեր սերնդին փոխանցելու նպատակին ուղղված նոր ծրագրերի իրականացումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31