Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Արդարադատության համակարգը պետք է մատչելի լինի երեխաների համար»

Փետրվար 22,2016 13:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է երեխայի իրավունքների գործիքակազմը ներկայացնող ձեռնարկ, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:

«Կարեւոր է, երբ մտահոգ մարդկանց համար հնարավորություն է ստեղծվում ջանքերը համատեղելու: Նպատակը մեկն է՝ երեխաների համար մատչելի արդարադատության համակարգի ստեղծում: Սա ավելի լայն պետք է հասկանալ, քան պարզապես դատարան դիմելու իրավունքը»,-իր ելույթում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ քաղաքական իրավիճակն ու գործընթացները եւս ազդում են երեխաների իրավունքների պաշտպանության վրա:

Այս մասին Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Արփինե Հովհաննիսյանից: «Ցանկացած իրավիճակում քաղաքական մթնոլորտը նշանակություն ունի: Հայաստանում հիմա էլ երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում իրականացվող քաղաքականությունը նպաստող է: Տարբեր գերատեսչություններ իրենց գործունեության ընթացքում զբաղվում են այս խնդիրներով եւ մեծ նշանակություն են տալիս երեխայի իրավունքների պաշտպանությանը: Պատահական չէ, որ նախորդ տարի Արդարադատության նախարարությունը ստանձնեց համակարգողի դեր, ստեղծվեց նախարարությանը կից խորհուրդ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը մեջբերեց ՀՀ-ում Եվրամիության դեսպանի խոսքերը. «Մենք փոքր երեխաների փոքր իրավունքների հետ գործ չունենք,  իրականում մարդու իրավունքների հետ գործ ունենք: Արդարադատության նախարարությունը, որպես մարդու իրավունքների ազգային ռազմավարության համար պատասխանատու սուբյեկտ, իր վրա համակարգման գործառույթը վերցրեց եւ օրենսդրական քաղաքականության առումով ստանձնեց առաջատարի դեր»:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության աշխատանքի մասին մանրամասն՝ քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29