Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասում ես՝ քաղաքական դաշտի լավ տղեն եմ, բայց 40 հոգի ես հավաքում՝ նպաստում ես, որ իշխանությունը մնա»

Փետրվար 25,2016 16:30

Ռուբեն Հակոբյանը՝ ընդդիմության սխալների
եւ իր քաղաքական ճակատագրի մասին

«Սահմանադրական փոփոխություններ են եղել, որոնք արմատապես փոխում են պետական կառավարման փիլիսոփայությունը: Ընդդիմությունը պետք է խաղա քաղաքագիտական կանոններով, ոչ թե անի այն, ինչ այսօր է անում՝ առավոտից երեկո ականջահաճո ձեւակերպումներ է օգտագործում, որ պետք է համախմբվենք, բայց հետո տեսնում ես, որ ամեն մեկն ուզում է, որ իր շուրջը համախմբվեն»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում համախմբման կոչի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ մատնանշելով ընդդիմության սխալները:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փոշիացնում է իր ձայները՝ հօգուտ իշխանության. «Մենք գիտենք ժողովրդի վերաբերմունքն իշխանության նկատմամբ, բայց նաեւ գիտենք, թե ընդդիմությանն ինչպես են ընդունում: Սխալ է կարծել, որ եթե մարդիկ իշխանությանը չեն ընդունում, ուրեմն ընդդիմությանն են ընդունում: Երբ մենք ամեն օր 20 հոգանոց հանրահավաք ենք անում, անուղղակիորեն օգնում ենք, որ իշխանությունը այլընտրանք չունենա: Դա հիասթափեցնում է ժողովրդին ընդդիմադիր դաշտի նկատմամբ: Պետք է ոչ թե ցանկություններով անես, այլ հաշվի առնես՝ իմ ռեսուրսն ինչի է ընդունակ: Եթե շատ բարձր նշաձող ես դնում, օր ու ժամ ես նշում, ուզում ես արմատական երեւալ եւ ժողովրդի էմոցիաների հետ ես խաղում, որ ես քաղաքական դաշտի լավ տղեն եմ, բայց ընդամենը 40 հոգի ես կարողանում հավաքել, դու անուղղակիորեն նպաստում ես, որ իշխանությունը մնա»:

Մենք ճշտեցինք՝ երբ ասացիք, որ ամեն մեկն ուզում է իր շուրջը համախմբվեն, Դուք Հրանտ Բագրատյանի վերջին հայտարարությո՞ւնը նկատի ունեք՝ ընդդիմության կոալիցիա ստեղծելու մասին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «2013-ից հիշեք, բոլորը 2013-ի նախագահական ընտրություններին ասում էին՝ օր առաջ պետք է ազատվել իշխանություններից, բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվեց, նրանք, ովքեր ասում էին դա, դարձան հիմնական քննադատը: Միայն ամբիցիաները չեն խանգարում, չկա ընդհանուր հարթություն, որտեղ գաղափարական համընկնումներով կարող են համախմբվել ընդդիմադիրները»:

Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց այն մասին, որ ժամանակից շուտ մարդիկ ընտրությունների են պատրաստվում, Դուք պատրաստվո՞ւմ եք եւ ինչ-որ բան Ձեր ապագայի համար մտածե՞լ եք, ո՞ւր եք գնալու, ո՞ր թիմի կազմում եք մտնելու, մենա՞կ եք գործելու՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ ընտրությունների ավարտի օրն արդեն իսկ սկսվում է նախընտրական փուլի պատրաստվելը՝ մի քիչ դանդաղ ռիթմով. «Ինչ վերաբերում է իմ քաղաքական ճակատագրին, անկեղծ ասում եմ՝ չեմ որոշել, թե ինչ կանեմ: Պառլամենտում ես կշարունակեմ իմ օրենսդրական եւ քաղաքական գործունեությունը: Ինձ թվում է՝ այս նստաշրջանը շատ ակտիվ բանավեճերով կանցնի, որովհետեւ քաղաքական դաշտի համար կենսական նշանակության օրենքներ են քննարկվելու՝ Ընտրական օրենսգիրքը»:

Մեր հարցին՝ ՀՅԴ չե՞ք վերադառնալու, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց կարճ եւ կտրուկ՝ «Ոչ»:

Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում է ապագա Հայաստանի մասին, որ ունենալու ենք իրավական պետություն: Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչն էր խանգարում, որ նախորդ տարիներին դա արվեր, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Աշխարհը եռացող կաթսայի է նման: Մեր պետությունն այսօր քաղաքակրթական մի խաչմերուկում է հայտնվել, որ վաղն արդեն կարող է ստիպված լինել, պարտադրված լինել մասնակցել որոշ վտանգավոր գործողությունների: Այսօր ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հաշվի նստեն դրա հետ եւ ռեսուրսները համախմբեն: Ես կուզենամ, որ ռեալ քայլեր արվեն՝ ռեսուրսները մեկտեղելու համար, որովհետեւ օղակված ենք ամենավտանգավոր մարտահրավերներով: Իր ելույթում դա կար, այլ հարց է՝ դա կմնա ելո՞ւյթ, թե՞ չէ: Դա էլ ժամանակը ցույց կտա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29