Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանը վստահ է, որ ՌԴ-ի զենքով են կրակում (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 12:10 Share

«Միայն ուժեղ հակահարվածը կարող է հետ մղել հակառակորդին: Մեր վրա միայն պետք է հույսներս դնենք, բա ո՞ւմ վրա դնենք: Կարո՞ղ ա դաշնակիցներ ունենք, որոնք կարող է մտնեն մարտական գործողությունների մեջ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով շփման գծում ստեղծված իրավիճակը, այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Մեր զարմանքին՝ ռազմավարական գործընկեր չունե՞նք, բա մեր գործընկեր ՌԴ-ն ի՞նչ եղավ՝ նա պատասխանեց. «Խոսքը Արցախի մասին է: Ռազմական գործողությունները տեղի են ունենում Արցախի հանրապետության սահմանի երկայնքով»:

Մեր հարցին՝ ՀԱՊԿ-ի արձագանքը, որ մեր պայմանագիրը միայն ՀՀ տարածքում է գործում, ձեռերը լվանալ չի՞ նշանակում՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Չէի ասի ձեռքերը լվանալ է, որովհետեւ իրապես պայմանագիրն այդպես է կնքված»:

Մեր դիտարկմանը, որ լուրեր տարածվեցին՝ Ադրբեջանը «Սմերչ» զինատեսակ է օգտագործել՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, պատերազմը սկսված է, եւ զենքերի տեսակի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Նրանք օգտագործելու են բոլոր այն զինատեսակները, որոնք իրենց տրամադրության տակ կան»:

Մենք ճշտեցինք՝ այդ թվում ՌԴ-ից վերջերս գնված զե՞նքը՝ նա պատասխանեց. «Բա ամբողջ աշխարհի բանակներն են ռուսական զենքերով զինված, մենակ Ադրբեջանի բանա՞կն զինված»:

Մեր հարցին՝ այդ դեպքում չի՞ ստացվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զինեց մեր հակառակորդին, այսինքն, մի բան, որն արդարացնում էին այն ժամանակ իշխանությունները՝ ասելով, թե ՌԴ-ն պայմանագիր ունի, Ադրբեջանը այդ զենքով ՀՀ-ի վրա չի կրակի՝ նա պատասխանեց. «Գիտեք, ձեր հարցադրումները փոխեք: Հիմա ռազմական ժամանակաշրջանում այդպիսի պրիմիտիվ հարցեր չեն տալիս: Ասում եք՝ զենքեր են օգտագործում, բա պատերազմի ժամանակ տանելու են նկուղներում թաքցնե՞ն: Կալաշնիկով ավտոմատները, որ իրենք ունեցել են, մնացած զինատեսակները, ես գտնում եմ, որ կրակելու են, այսօր էլ կրակում են: Հիմա թե իշխանությունները ի՞նչ էին ասում, էդ արդեն հարցրեք իշխանություններից: Չի կարող պատահի որեւիցե երկիր ունենա զինատեսակ եւ պատերազմի ժամանակ չօգտագործի»:

Հարցին՝ բա այն ժամանակ, երբ ՌԴ-ն վաճառում էր այդ զենքը, չէ՞իք մտածում բողոքի նոտա հղել՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Լսիր, սիրելիս, ես ոչ զենք եմ գնել, որ մտածեմ, ոչ էլ ծախել եմ»:

Ըստ ՀՀԿ պատգամավորի, իշխանությունները չէին արդարացնում զենքի վաճառքը, ասում էին՝ այդ երկիրն ունի իր հետաքրքրությունները, ինքը գիտի՝ կծախի, թե չի ծախի:

Մեր հարցին՝ Ձեր գնահատմամբ, դա ռազմավարական գործընկերո՞ջ քայլ էր՝ նա պատասխանեց. «Հիմա ԱՄՆ-ն երբ զենք է վաճառում որեւիցե երկրի, հաշվի՞ է առնում իր գործընկերներն են, իհարկե, հաշվի չի առնում: Հիմա դրա ժամանակը չի, ձեր հարցադրումները ժամանակավրեպ են, այսօր պատերազմական վիճակ է: Մեր եղբայրները, մեր քույրերը այնտեղ են, ես ավելի շատ մտածում եմ այդ մասին, ձեր հարցերի մասին ընդհանրապես չեմ մտածում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930