Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կա դիերի անարգանք, խոշտանգում՝ Մինսկի խմբին չի թույլատրվում առաջարկություններ անել, արգելված է». Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 13,2016 15:23

18 հայ զինծառայողների մարմիները վերադարձվել են խոշտանգված: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով քննարկման ժամանակ հարցին, թե ինչպիսին է պետական արձագանքը դրան՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանն ասաց, որ Քննչական կոմիտեն այս օրերին փորձաքննություն է անցկացնում. «Դիակների նկատմամբ անարգանքի մասին ենք խոսում, բայց չի բացառվում, որ խոշտանգումների փաստ արձանագրվի, պարզվի, որ մարդը դեռ ողջ է եղել եւ նրա նկատմամբ խոշտանգում է եղել: Ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքից ելնելով՝ խոշտանգումների հանրայնացման հետ կապված կան սահմանափակումներ, բայց կան փաստահավաք առաքելություններ եւ նրանց կողմից այս ուղղությամբ համապատասխան քայլեր կիրականացվեն»: ՊՆ պաշտոնյան վստահեցրեց, որ խոշտանգման փաստերն առկա են:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ ոչ մի պետություն դեռ այսպես ցուցադրական չի հակադրել իրեն քաղաքակիրթ աշխարհին, որքան Ադրբեջանը: Սա հասարակ խախտում չէ, սա հակադրում է: Ըստ տիկին Ալավերդյանի, իսլամական պետությունը հրապարակայնորեն չի ճանաչում որեւէ մի նորմ, որը որդեգրված է քաղաքակիրթ աշխարհում: Մենք չպետք է բավարարվենք զուտ այն բանաձեւերով, որ ընդամենը հայտարարվի, թե Ադրբեջանը խախտել է կամ կոպիտ է խախտել միջազգային նորմերը. «Մենք պետք է դուրս գանք այդ բանաձեւերից, քաղաքական բնույթ կրող, տնտեսական բնույթ կրող պատժամիջոցների պետք է ենթարկել»:

Լարիսա Ալավերդյանը քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Ասում են՝ հարցի լուծումը սա է, պետք է հայկական ԶՈՒ-ն դուրս գա տարածքից: Իրենց թվում է մենք չգիտենք, որ իրականում կա տեղեկատվական ուղեցույց, որտեղ պարզ նշված են այն սկզբունքները, որոնցով իրենք պետք է ղեկավարվեն: Սկզբունքների մեջ նշված է՝ որեւէ առաջարկություն չի կարող տեղի ունենալ՝ անտեսումով այնպիսի հանցագործություններ, ինչպիսին են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունը, ռազմական հանցագործությունները եւ մարդու իրավունքների ծանրագույն ոտնահարումները: Եթե առաջին 3-ի համար մեզ պետք են ապացույցներ, որ դա որակվի միջազգային հանրության կողմից, ապա մարդու իրավունքների ծանրագույն  խախտումներ առկա են: Հիմա պետք է հստակ իմաց տան համանախագահներին, որ իրենց առաջարկությունները արգելված են, չի՛ թույլատրվում նման առաջարկներ անել այսօրվա վիճակում»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի խոսքերով՝ կարեւոր գործառույթ ունի փաստահավաք խումբը: Գոնե մեկ անգամ պետք է հետեւողական լինենք եւ գործը մինչեւ վերջ տանենք. «Մենք միշտ ասում ենք՝ պետք է դիմենք, անենք, բայց արդյունք չենք ստանում: Դիերի անարգանքների եւ խոշտանգումների հետ կապված պետք է տրվի փաստացի ապացույցներ: Եթե հաստատվի, որ եղել է խոշտանգում, այնուհետեւ մահ, մենք կարող ենք հղում կատարել ոչ միայն Ժնեւի կոնվենցիաներին, արձանագրությանը, այլ նաեւ այլ կոնվենցիաների»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական հարյուրավոր դիմումներ ներկայացվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930