Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծուհի Մետաքսեին անվանում էին «Ազատամարտիկների Տիրամայր»

Ապրիլ 14,2016 13:30
metaqse

Ինչպես հիմա են շատերը տարբեր տիպի օգնություն հավաքում եւ ուղարկում Արցախ` զինվորներին, այնպես էլ 90-ականներին, որտեղ ավելի դժվար էր` մեր պետականությունը նոր էր կազմավորվում, բանակ դեռ չունեինք, իսկ կռվողները կամավորներ էին: Նրանցից շատերը հենց աշխատանքի տեղից կամ միտինգից մեկնում էին ճակատ։ Ոչ սննդամթերք ունեին, ոչ տաք շոր։ Դարձյալ անդրադառնալով Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքի պատմություններին՝ ներկայացնում ենք եւս մեկ պատմություն, որը պատմում է բանաստեղծուհի Մետաքսեի մասին:

«Ճակատից մի քանիսը, երբ Երեւան են գալիս, հանդիպում են Մետաքսեին, նրանցից մեկը ցույց է տալիս ոտքի մատները, որ ցրտից սեւացել էին եւ ասում է. «Եթե մի բան չանեք, մեր ազատամարտիկներից շատերը ցրտից հաշմանդամ կդառնան»:

Բանաստեղծուհին երազի մեջ անընդհատ տեսնում է ցրտից սեւացած ձեռքի, ոտքի մատներ։ Ապա «աներեւույթ ինչ-որ մեկն արթնացնում է», թե` այժմ որոշիր ինչ ես անում։ Բանաստեղծուհին, առանց Գրողների միության նախագահին զգուշացնելու, միտինգում հայտարարություն է անում, որ ժողովուրդը տաք հագուստներ բերի Գրողների միություն։ Հաջորդ օրն իսկ Գրողների տանն արդեն հարյուրավոր մայրեր կային, իրենց հետ բերել էին տաք գուլպաներ, հագուստներ, սննդամթերք, որոնք Մետաքսեն ուղարկում է ճակատ։ Այդպես, ամեն օր…

Մետաքսեի հայտարարությունն արձագանք է գտնում ողջ Հայաստանով մեկ, հասնում անգամ արտերկիր։

Մեր քահանաներից տեր Շահեն է մոտենում բանաստեղծուհուն եւ ասում.

֊Ես շատ եմ ուզում ազատամարտին օգնել, բայց, ցավոք, բացի իմ աղոթքներից, այլ բանով չեմ կարող եւ մեկ էլ այսքան դրամ ունեմ եւ տալիս է 100 ռուբլի։ Այս դրամն առիթ է դառնում, որ բանաստեղծուհին դրամ եւս հավաքի` դրանով օգնելով նախ վիրավորներին։ Հարազատ մորից ավելի` ամենքին էր ջանում հասնել։ Գիշեր-ցերեկ, ողջ պատերազմի ընթացքում։ Ուստի, ամենեւին պատահական չէր, որ օրեր անց բանաստեղծուհուն սկսեցին անվանել «Ազատամարտիկների Տիրամայր»։

Յուրաքանչյուր օգնություն բերողի բանաստեղծուհին ստացական էր տալիս` վերջում «Աստված ձեզ օգնական»,- մխիթարիչ, աղոթք-խոսքով։

Իսկ քահանայի օրհնյալ սիրով տված գումարը Մետաքսեի մայրական ձեռքի տակ մեծանում, հասնում է մեկ միլիոնի։ Եվ բանաստեղծուհին այդ գումարը հանձնում է նոր կազմավորվող պետությանը… բանակի հոգսերն արդեն պետականորեն հոգալու համար։

Եվ Վազգեն Սարգսյանը խիստ զգացված այդ ամենից` բանաստեղծուհուն շնորհակալություն է հայտնում՝ ասելով.

–Մետաքսե, ինքդ էլ անհնար է, որ կարողանաս պատկերացնել, թե քո գործերով որքան օգուտ տվեցիր մեր պետությանը։

Անհնար է առանց հուզմունքի կարդալ Մետաքսեի բանաստեղծություններն ուղղված նահատակներին.

«Ձեզ համար տաք գուլպաներ եմ պահել»։

Եվ իր խոսքն ավարտում «Հիսուսի խաչի լույսով»։

Լույս, որ թող տարածվի ողջ Հայաստանի ու Արցախի վրա։ Ամե՛ն։

Հեղինակը վերջում նշում է. «Կենդանի գործերն իրենք իրենց մասին ավելի շատ են խոսում, քան շատ ու շատ բառեր»։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930