Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Օսկանյանն են Ղարաբաղը դուրս թողել բանակցային սեղանից. Զուրաբյանը փաստեր է բերում

Ապրիլ 14,2016 17:49

«Այդտեղ վիճելու բան չկա, թե ով է թողել Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միշտ էլ ունեցել են երկկողմ հանդիպումներ՝ անկախ նրանից, թե ոնց է գնացել Մինսկի խմբի համանախագահության բանակցային գործընթացը: Այդ հանդիպումները կրել են օժանդակ բնույթ: Ասել, թե գիտեք ինչ, 97 թվ-ից սկսած հանդիպումներ են եղել, Ղարաբաղը չի մասնակցել այդ հանդիպումներին, կներեք, դա ոչ մի քննադատության չի դիմանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես հակադարձեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գնահատականներին, թե Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է մնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Zurabyan_Harutyunyan-3

Ըստ Լեւոն Զուրաբյանի, շատ պարզ չափանիշ կա պարզելու, թե ինչու եւ ում մեղքով է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային սեղանից. «Շատ ֆորմալ, ստուգվող չափանիշ է: 1994-ից սկսած, երբ որոշվեց, որ Ղարաբաղը նույնպես լիարժեք բանակցող կողմ է, դրանից սկսած՝ բոլոր պաշտոնական առաջարկությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ուղարկվել են 3 մայրաքաղաք՝ Բաքու, Երեւան, Ստեփանակերտ եւ ուղարկվել են նախագահներին: Դա եղել է ե՛ւ 97-ի փուլային տարբերակը, եղել է 97-ի փաթեթային տարբերակը եւ դա եղել է 1998-ին ընդհանուր պետության տարբերակը, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ չկար եւ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի օրոք, 98-ին դեռ պաշտոնական առաջարկություններն ուղարկում էին 3 մայրաքաղաք, այսինքն, պաշտոնական փաստաթղթերով ապացուցված է, որ 98-ին դեռ Ղարաբաղի հետ վարվում էին՝ որպես պաշտոնապես բանակցող կողմ: Սա ինչ-որ մեկը կարող է հերքե՞լ, Վարդան Օսկանյանը սա կարող է հերքե՞լ: Գնացեք հարցրեք՝ պարո՛ն Օսկանյան, 1998-ին ընդհանուր պետության առաջարկն ուղարկվե՞լ է 3 բանակցող կողմերին: Պարզ հարց է եւ պատասխանը այո-ն է»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ ԼՂՀ-ն բանակցային սեղանից դուրս է մնացել քի-վեսթյան բանակցությունների ժամանակ. «Քիվեսթյան գործընթացներից հետո ընդհանրապես պաշտոնական առաջարկ չի տրվել Ղարաբաղին: Տրվել է միայն ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Մինսկի խմբի համանախագահները, խախտելով մինչ այդ ընդունված ընթացակարգը, առաջարկները սկսել են ուղարկել միայն Բաքու ու Երեւան՝ շրջանցելով Ստեփանակերտը»:

Մեր դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանի ասածն այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ալիեւի երկկողմ հանդիպումները քայլ առ քայլ նպաստել են դրան՝ Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Գիտեք ինչ, դա արդեն ծիծաղելի փաստարկ է: Եթե հանդիպումները այդ նպաստել են, ինչո՞ւ էին 98-ին դեռ պաշտոնական առաջարկներն ուղարկում Ստեփանակերտ, ուրեմն չեն նպաստել: Ուրեմն դա գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել: Թաքցնում են իրենք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ հենց քիվեսթյան գործընթացի պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային սեղանից: Ա՛յ դա ազդեց: Եթե պետք լինի՝ հետո ավելի մեծ փակագծեր կբացենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930