Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է, որ ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի բացթողումը

Ապրիլ 18,2016 21:01

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

Անդրադառնալով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և հույս հայտնեց, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930