Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում տեղի ունեցավ  ոգեկոչման արարողություն

Ապրիլ 24,2016 17:33

Մեծ Եղեռնի 101 ամյակի կապակցությամբ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և բոլոր բնակավայրերում տեղի ունեցան սրբադասված անմեղ նահատակների և մինչ օրս թուրքի ձեռքով մարտիրոսված հայորդիների հիշատակի և ոգեկոչման արարողություններ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում արդեն 11 տարի է, ինչ կանգուն է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված հուշակոթող-խաչքարը, որի մոտ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ոգեկոչման արարողություն:

Մինչ այդ Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջն. դպրոցի սաները ելույթ ունեցան Վահան Զատիկյանի կիսանդրու մոտ: Դատապարտելով 101 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը՝ աշակերտները խոսեցին նաև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին, մեծարեցին հայ զինվորին, որն անառիկ պահեց հայրենի սահմանը, անդրադարձան օտար քաղաքական գործիչներին, ովքեր բարձր են գնահատել հայ զինվորի սխրանքը:

Մեծ Եղեռնին նվիրված հուշակոթողի մոտ շարքով կանգնած էին ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի Գորիսի մասնաճյուղի պատանի երկրապահները՝ բերձորցի դպրոցականների հետ, ձեռքներին պահած Հայոց երկու երկրների եռագույնները և ԵԿՄ դրոշը:DSCN1511DSCN1644

Շրջվարչակազմի ղեկավարը, ուժային և այլ կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները, ուսուցիչները, դպրոցականները, Բերձորի և հարևան բնակավայրերի բնակիչները, համայնքների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշակոթողի մետ, հարգեցին նահատակների հիշատակը:

Այնուհետև ելույթ ունեցան Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի աշակերտները՝ ոգեկոչումն սկսելով «Դլե յաման» երգով: Ընթերցեցին հայ մեծերի ստեղծագործությունները՝ նվիրված ցեղասպանությանը: Դատապարտումի և ոգեկաչման խոսք ասացին ուսուցիչները:

Արարողությունից հետո ներկաները բազում մոմեր վառեցին եկեղեցու ներսում՝ ի հիշատակ միլիոնավոր նահատակների և ի զորություն հայ զինվորի, որն այսօր անառիկ է պահում հայրենի տան սահմանը, արժանի հակահարված տալիս թշնամու ոտնձգություններին, տեր է մեր հայրենիքին, պաշտպան մեր երեխաներին ու մայրերին:

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կազմակերպմամբ դպրոցականները վառվող մոմերով խորհրդանշական 1915 թիվը գրեցին եկեղեցու ներսում՝ Սուրբ խորանի տակ: Հայտարարեցին, որ հիշում են, պահանջատեր են և տերն են Արցախ աշխարհի, ազատագրված Քաշաթաղի և պատրաստ են դառնալու հայրենիքի զինվորը: Նույն աշակերտներից շատերի հայրերն ու եղբայրներն այս պահին Արցախի սահմանի ողջ երկանքով ժամկետային զինծառայողների հետ մեր անդորրն են հսկում:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930