Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում պարգևների արժանացած Գուրգեն Մելիքյանի համար մեծ պարգև է հերոսածին մայրերի կողմից տրված հուշամեդալը

Սեպտեմբեր 30,2026 15:21 Share

Արդեն 30 տարվա պատմություն ունեցող «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ), բացի իր հիմնական առաքելությունից՝ աջակցել արցախցի բազմազավակ ընտանիքներին, իրականացրել ու շարունակում է նաև աջակցություններ այլ կառույցների, անհատների։ Քանի կար Արցախը, հիմնադրամը հիմնականում այնտեղ էր կատարում աջակցման ծրագրերը՝ հագուստով, սնունդով, կենցաղային տեխնիկաներով, խոշոր եղջերավոր անասունների հատկացումով, ֆինանսապես (առողջական խնդիրներ, ուսանողական վարձավճար և այլ նպատակներով) և այլ։

Բացի այդ, հիմնադրամը, հիմնադիր ու գործադիր տնօրեն, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ, պրոֆեսոր, Արցախի ՊԲ գնդապետ Գուրգեն Մելիքյանի կազմակերպմամբ, կատարում էր մեկ այլ ոչ պակաս կարևոր նախաձեռնություն՝ ծառատունկ՝ տարին 4 և ավելի անգամ։ Այդ ընթացքում, միայն Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում ու հարակից տարածքներում տնկվել էին հարյուրավոր ծառեր, ստեղծվել էին պուրակներ, ծառուղիներ՝ նվիրված Արցախյան գոյամարտի հերոսներին՝ Դուշման Վարդան, Թաթուլ Կրպեյան, Մոնթ Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, մշակույթի գործիչներին՝ Ստեփան Ալաջաջյան, ուրիշներ, հիմնադրամի հովանավորներին, ԵՊՀ-ին և այլն։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված կործանարար պատերազմից հետո էլ, երբ թշնամու տիրապետության տակ էր անցել Արցախի մեծ մասը, սակայն բաց էր Բերձորի միջանցքը, Գ․ Մելիքյանը շարունակում էր նյութական աջակցությունն արդեն Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Բերդաձորի, Լիսագորի բնակիչներին, Ստեփանակերտի Քերոլան և Ջորջ Նաջարյանների անվան «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնին, Ասկերանի, Մարտունու շրջանների որոշ գյուղերի բնակիչներին, դպրոցներին և այլոց։

Արցախի շրջափակումից ու բռնի հայաթափումից հետո հիմնադրամը շարունակում է աջակցությունն արդեն ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում։

«Արփեն» կենտրոնը հիմնադրվել է 1995 թվականին՝ Քերոլան և Ջորջ Նաջարյանների կողմից։ Նրանք այսօր էլ շարունակում են իրենց օգնությունը ԳՄՔԲԸՀ-ի հետ։ Առ այսօր, կենտրոնի աջակցությամբ, ավելի քան 33 650 երեխայի մայրեր են օժանդակություն ստացել կենտրոնից։

ԳՄՔԲԸՀ-ն համագործակցում է նաև ռազմահայրենասիրական, մարզակրթամշակութային, ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ․ հաճախ նաև աջակցություն է ցուցաբերում։

2026 թ․ նման կառույցներից «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Սևանա լճի ափին՝ Շողակաթ գյուղի մոտակա ափամերձ «Լոռի-Սևան» և «Խաղաղություն» հանգստյան տներում մի քանի անգամ կազմակերպեց Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հերոսածին մայրերի հանգիստ։ Սննդի հարցում «Վահագն»-ին աջակցեց ԳՄՔԲԸՀ-ն։

Սեպտեմբերի 29-ին «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարո Կարապետյանը, ՀԿ ներկայացուցիչներ Վազգեն Սիսիլյանը, Նորայր Միրզոյանը և «Հրադադար՝ մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղավնի Ղուկասյանն այցելեցին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ և հանդիպեցին Գուրգեն Մելիքյանին և նրա ղեկավարությամբ գործող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Եղավ քննարկում հետագա համագործակցության նպատակով։

Այնուհետև «Հրադադար՝ մարդկային կորստի ցավ» ՀԿ-ի նախագահ, հերոսածին մայր Աղավնի Ղուկասյանն իր ղեկավարած կառույցի կողմից հուշամեդալով պարգևատրեց ԳՄՔԲԸՀ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Գ․ Մելիքյանին, հոգաբարձուների խորհրդի անդամներ ու հովանավորներ, լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանին ու Թոնի Կահվեին։ Վերջիններս արժանացան նաև շնորհակալագրի՝ «Սպիտակ» կամավոր ազատամարտիկների միության ղեկավար Հայկ Եղիազարյանի անունից։

Գուրգեն Մելիքյանին սպասվում էր ևս մեկ անակնկալ․ «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարո Կարապետյանն իր հետ բերել էր նաև «Իշխանի շղթան», որը փոխանցումով ժամանակավոր կրելու իրավունք ունեն հայրենիքին մշակութային, մարզական, ռազմական և այլ կարևոր ծառայություն մատուցած անձինք։

Այս անգամ «Իշխանի շղթան» տրվեց Գ․ Մելիքյանին։ Նույն շղթան արդեն կրելու պատիվ ունեցողներս՝ Վ․ Սիսիլյան, Ն․ Միրզոյան, ռեժիսոր Սամվել Թադևոսյան և տողերիս հեղինակը, միմյանց փոխանցելով, շղթան հանձնեցինք Գ․ Մելիքյանին։

ԳՄՔԲԸՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, անդամներ՝ պրոֆեսորներ Մարատ Գրիգորյանը, Սամվել Մուրադյանը, նկարիչ Շմավոն Շմավոնյանը, կարևորեցին հանդիպումը, շնորհավորեցին Գ․ Մելիքյանին, Բ․ Նազարյանին, Թոնի Կահվեին՝ պարգևների առթիվ։

Որոշվեց համագործակցությունը դարձնել հաճախակի։

Բ․ Նազարյանն ու Թոնի Կահվեն ասացին՝ ամենամեծ պարգևներն այսօր ստացան և հայտնեցին շնորհակալություն։

Բազում պարգևների արժանացած Գ․ Մելիքյանի համար նույնպես մեծ պարգև է հերոսածին մայրերի կողմից տրված հուշամեդալը, որի տուփին նկարված թիթեռը խորհրդանշում է Անմահության ճամփան բռնած մեր Հերոսներին, անհայտ կորածներին։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930