Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ էսկալացիայի, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը» (Տեսանյութ)

Մայիս 05,2016 16:35

«Սա ուղերձ է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին լսարանի համար՝ ելնելով այն իրավիճակից, որը ստեղծվել է ապրիլին»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ուղերձ է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նախա­­գծի վերաբերյալ եզրակացությանն այսօր կառավարության տրված հավանությունը հատկապես, որ ՀՀ նախագահի մամլո քարտուղարն էլ ասել է, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահից:

Մինասյանի ներկայացմամբ՝ այդ նախագիծը կառավարությունում հայտնվելով, ներքաղաքական դիտարկումներից ելնելով, արտաքին լսարանին եւ Ադրբեջանին ցույց է տրվում, որ եթե ինքը վերսկսի ռազմական գործողությունները, բացի ռազմական, մարդկային, տեխնիկական, նյութական կորուստներից, ինքը նաեւ քաղաքական գին պիտի վճարի, որի մեջ մտնում է ԼՂՀ ճանաչումը. «Եվ այս գործընթացը, որը տարբերվում է նախորդներից, դրա արտացոլումն է: Այն որակապես այլ մակարդակով է քննարկվում, բայց դեռ դա չի նշանակում, որ դա ընդունվելու է: Հակառակը, եթե Ադրբեջանը չգնա լայնամասշտաբ գործողությունների, ինչ-որ միջանկյալ լուծումներ կգտնվեն»:

Քաղաքագետն ասաց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելով, միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ազդակ է տրվում, որ Հայաստանն ավելի լուրջ է դիտարկում այս հանգամանքը. «Եվ եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ էսկալացիայի, ապա Հայաստանի Հանրապետությունը կճանաչի ԼՂՀ անկախությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր այն դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, եւ դա վաղուց պիտի աներ, պարոն Մինասյանն ասաց, Հայաստանը չի ճանաչի, եթե Ադրբեջանը չվերսկսի ռազմական գործողությունները. «Որովհետեւ բոլորին հասկանալի է՝ եթե ճանաչես, Ադրբեջանը ստիպված է լինելու սկսել պատերազմը: Մենք չենք ուզում պատերազմ սկսել, եւ չենք ուզում ստեղծել մի իրավիճակ, որ Ադրբեջանը գնա պատերազմի»:

Քաղաքագետը նկատեց, որ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից, ի վերջո, ինքնանպատակ չէ, միակողմանի ճանաչումը չի լուծում արցախյան հիմնահարցը. «Եթե այդպես հեշտ լիներ, ապա վաղուց կճանաչեր: Ինքը սեփական գին ունի հայկական կողմի համար, իսկ սեփական գինը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի տապալումը եւ պատերազմի սկիզբը, մենք դա չենք ուզում»:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ապրիլյան իրադարձություններից հետո 1994 թվականից սկսած Լեռնային Ղարաբաղի ներկայիս «ստատուս քվոն» նպատակահարմար է, թե՞ այլ գործընթաց է պետք, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունները, եւ այն, որ Ադրբեջանն անվստահելի է, եւ ցանկացած պահի կարող է հրադադարի պայմանագիրը խախտել, լայնամասշտաբ ռազմական գործողությունների գնալ, Մինասյանն ասաց.«Ստատուս քվոն» դա այն իրավիճակն է, Լեռնային Ղարաբաղի այն սահմաններն են, որ պահպանվել են 1994 թվականից, չճանաչված կարգավիճակով գոյատեւում են, եւ կա բանակցային գործընթացի շարունակություն: Իսկ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ուժով վերահսկել, եթե այս «Ստատուս քվոյի» մասին է խոսքը, ապա ես որեւէ փոփոխություն որակապես չեմ տեսնում: 100 մետր այս կողմ, 100 մետր՝ այն կողմ, իրավիճակ չի փոխում: Մի բան ինչ-որ փոխվել է «Ստատուս քվոյում», Հայաստանի համար պարզապես ավելի պայթունավտանգ է, եւ իրավական փաստաթղթերը, որ կային, այս պահին էլ գործում են»:

Մինասյանի դիտարկմամբ՝ ««Ստատուս քվոն» այս պահին ոչ միայն Ադրբեջանը չի կարող փոխել, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը չեն ուզում, կամ ի վիճակի չեն փոխել, կամ վախենում են, որ դա կարող է բերել ավելի լուրջ հետեւանքների:

Ըստ քաղաքագետի, կարեւոր է, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե ոչ անկախությունը, ապա քաղաքական իրավիճակը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031