Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան Ծառատունկ ծրագիրը» տնկեց իր 5 միլիոներորդ ծառը՝ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

Մայիս 05,2016 16:55

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն («Հայաստան Ծառատունկ ծրագիր») այս գարուն կարեւոր իրադարձություն նշեց՝ տնկելով Հայաստանը կանաչեցնող հինգ միլիոներորդ ծառը: 2016 թ. գարնանը Հայաստանի եւ Արցախի 125 տեղամասերում տնկվեցին լրացուցիչ 68,607 ծառեր, որոնք 1994 թվականից ի վեր տնկված ծառերի քանակը հասցրին 5,021,249 –ի:

«Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը՝ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի մասնակցությամբ, խորհրդանշական 5 միլիոներորդ ծառը տնկեցին ապրիլի 22-ին, երբ ամբողջ աշխարը տոնում էր Երկրի օրը:

«Կարինի մեր տնկարանում դեսպան Միլսի հետ պատիվ ունեցանք տնկելու մեր 5 միլիոներորդ ծառը», – նշում է «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը: «Ընտրել էինք տերեւավոր արծաթափայլ կեչի՝ խորհրդանշելու եւ՛ այս կարեւոր հանգրվանը, եւ՛ այն համագործակցությունը, որ ձգվում է մինչեւ «Էյ Թի Փի»-ի առաքելության մեծագույն ջատագով Հարի Գիլմորի օրեր: Գիլմորը Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն էր»:

Այս գարունը չափազանց ակտիվ էր նաեւ համայնքային ծառատունկերի տեսանկյունից: «Էյ Թի Փի»-ն Հայաստանի բոլոր մարզերի 100 տեսամասերում, այդ թվում՝ Արցախի Մարտունու շրջանում, տնկեց 30,765 ծառ: Տնկված ծառերի մոտ 4000-ը «Էյ Թի Փի»-ն ձեռք էր բերել Փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ից մեկնարկած Տնամերձ տնկարանների ծրագրի շահառուներից։ Մի քանի հազար պտղատու ծառ էլ տրամադրվել է Սյունիքի Եղվարդ եւ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կամիր Աղբյուրի գյուղերի ընտանիքներին:

«Էյ Թի Փի»-ի գարնանային ծառատունկերին միացան Այբ դպրոցի, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Դեպի Հայք» հիմնադրամի, «Իմփաքթ Հաբ Երեւանի», «Երկիր և մշակույթ» կազմակերպության, Երեւանի «Ռոտարի ակումբի», «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի կամավորներ:

«Գարունն այս տարի բավական վաղ սկսվեց եւ մենք ստիպված էինք ծառատունկը շատ արագ սկսել, քանի դեռ տնկիները չէին արթնացել», – պարզաբանում է «Էյ Թի Փի»-ի երեւանյան գրասենյակի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը: «Եղանակի կտրուկ փոփոխությունը մեզ անակնկալի բերեց, բայց մենք կարող ենք հպարտորեն նշել, որ այն չխանգարեց մեր աշխատանքներին եւ մենք պատվով դուրս եկանք իրավիճակից», – նշում է նա:

Միայն այս գարնանը «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման աշխատանքների համար ժամանակավոր աշխատանքով են ապահովվել 50 գյուղաբնակներ, որոնց օգնությամբ Լոռու Կողես համայնքում հիմնվող անտառում տնկվել է լրացուցիչ 37,842 ծառ: «Էյ Թի Փի»-ի կողմից ստեղծված այս անտառն արդեն ունի 90,000 ծառ: «Էյ Թի Փի»-ի անտառագետն ու մյուս աշխատակիցները շարունակաբար տարբեր փորձարկումներ են իրականացնում՝ ծառերն առավել արդյունավետ մեթոդներով աճեցնելու եւ կպչողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ինչպես միշտ, տնկված ծառերի մի մասն աճեցվել են «Էյ Թի Փի»-ի՝ Կարին եւ Խաչփար գյուղերում գտնվող տնկարաններում, իսկ մյուս մասը՝ Մարգահովտի Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: «Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանում այժմ իրականացվում են նաեւ «Ամրացրու՛ արմատներդ» խորագրով հանրային այցերը, որոնք բացում են մեր տնկարանի դռները հյուրերի առջեւ եւ հորդորում միանալ «կանաչ շարժմանը»: Կարինի հերթական «Կանաչ այցերը» նախատեսված են մայիսի 30-ին եւ հունիսի 5-ին:

«Էյ Թի Փի»-ն ընդլայնում է նաեւ տնկարանային գործունեությունը՝ Չիվա գյուղում հիմնելով իր 4-րդ տնկարանը, որը նոր ծառերով կապահովի Հայաստանի հարավային տարածաշրջանները: Վայոց ձորի այս տեղանքն ընդունված է համարել Հայաստանի գինու մայրաքաղաք եւ տեղակայված է պատմական Մետաքսե ճանապարհի վրա՝ դառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենացանկալի ուղղություններից մեկը: Հարեւանությամբ գտնվող Արենիի քարանձավներում հայտնաբերվել են աշխարհի հնագույն գինիների արտադրության բազմաթիվ վկայություններ:

««Էյ Թի Փի»-ն ճանաչված է իր տնկած ծառերով, մինչդեռ, մենք ձգտում ենք, որպեսզի մարդիկ, մեր մասին մտածելիս, միայն տնկված ծառերն ու անտառները չհիշեն: «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության դասընթացները սովորեցնում են ջուր խնայել, վերամշակել աղբը, դիմակայել կլիմայի փոփոխությանը: Հենց սրանք են այն գիտելիքները, որի կարիքն ունի մարդը՝ մեր մոլորակի համար հոգ տանելու եւ այն ավելի կանաչ ու ապահով դարձնելու համար: Մենք տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցում՝ աղբահավաքներ, համաժողովներ եւ ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու նպատակով: Ահա սա՛ է 21-րդ դարի «Էյ Թի Փի»-ն», – ընդգծում է Քասարջյանը:

1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկեր իրականացնող խոշորագույն հասարակական կազմակերպությունն է եւ գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարաններ, երկու բնապահպանական կրթության կենտրոններ եւ կանաչապատել է Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերի 1000-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում, կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ տրամադրել է կենսական անհրաժեշտության միջոցներ հազարավոր գյուղաբնակների: Մանրամասների համար կարող եք այցելել www.armeniatree.org:

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031