Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի բժիշկները վիրավոր զինծառայողների մասին՝ «Հետքեր կմնան». (Տեսանյութ)

Մայիս 06,2016 20:00

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը եւ վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկենն այցելել են վիրավոր զինծառայողներին, ծանոթացել են նրանց բժշկական պատմությանը: Այսօր առողջապահության նախարարությունում նրանք լրագրողներին ներկայացրեցին որոշ մանրամասներ:

Պարոն Շվարցի խոսքերով՝ ամենածանր դեպքերը «Էրեբունի» բժշկական կենտրոնի  ինտեսիվ ստացիոնարում պառկած վիրավոր զինծառայողներն են: Նրանց, ինչպես ասաց պարոն Շվարցը, մինչ այժմ տրամադրվել է այնպիսի բուժօգնություն, ինչը հնարավոր էր.«Ես, որպես պլաստիկ վիրաբույժ, նույնը կանեի Գերմանիայում: «Էրեբունիի» իմ գործընկերները մեզ են տրամադրել բոլոր փաստաթղթերը, նկարները,  հասկանալի է ծնողների անհանգստությունը, բայց ես գտնում եմ ուրիշ հնարավորություն չկար, ամեն ինչ արվել է լավագույն ձեւով, ավելին անելու այլ տարբերակ չկա»:

Մանրամասները տեսանյութում`

Վիրավոր զինծառայողների հետագա բուժման մասին էլ մասնագետն ասաց, որ այս պահին ոչ ոք ոչինչ չի կարող ասել, թե ինչ կլինի մեկ շաբաթ հետո. «Այս պահին հնարավոր չէ ասել՝ ինչպես կլինի ընթացքը, հետո ինչ կլինի: Սա այն դեպքն է,  որ չենք կարող շատ ճիշտ գնահատական տալ: Օրինակ՝ տղաներից մեկի մոտ կար դրական դինամիկա, ուսերը շարժելը, որը մեկ շաբաթ առաջ չկար, սա հուսադրող է»:

Վիրավոր զինծառայողների վնասվածքների ու դիագնոզի մասին բժիշկները հրաժարվեցին մանրամասնել, հիմնավորելով, որ դրա իրավունքը չունեն, դա բժշկական էթիկայից է բխում:

Aravot.am-ի հարցին՝ նշում եք, որ այս պահին նպատակահարմար չէ վիրավորներին տեղափոխել արտերկիր՝ բուժման համար, արդյոք հետագայում կարիք կլինի՞ տեղափոխել արտերկիր՝ վիրահատության, պարոն Շվարցն ասաց.«Ես ոչ մի առավելություն չեմ տեսնում այս պահին նրանց տեղափոխման մեջ: Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, եւ եթե ինչ-որ նոր բաներ առաջ կգան, նոր որոշումներ պետք է կայացնենք»:

Մեր հարցին էլ՝ ծանոթացել եք Հայաստանի հիվանդանոցների հագեցվածությանը, արդյոք դրանք բավարա՞ր են մեր վիրավոր զինվորականներին բավարար բուժսպասարկում տրամադրելու համար, Շվարցն ասաց, որ հայ բժիշկների մասնագիտական մակարդակը շատ բարձր է. «Ես հենց հիմա գալիս եմ ճառագայթային թերապիայի եւ այրվածքաբանութան ինստիտուտից, տպավորությունս դրական է»: Իսկ տեխնիկական հագեցվածության մասին էլ բժիշկն ասաց, որ բոլոր բուժգործիքները նույնը չեն, ինչ Գերմանիայում. «Բայց այն, ինչ կա, այս դեպքերի համար բավարար եմ համարում: Ընդհանուր հիվանդանոցային միջոցներն այս երկու տղաների դեպքում, այրվածքաբանության ինստիտուտում, բավարար է»:

Բժիշկները խուսափեցին նաեւ վիրավոր զինծառայողների անունները նշել, նրանք վստահեցրին, որ 2 շատ ծանր վիրավորումներ հիվանդներ «Էրեբունի» հիվանդանոցում են, 2 նույնպես ծանր վիրավորներ կան նաեւ Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչպե՞ս են գնահատում իրենց կողմից այցելած վիրավոր զինծառայողների առողջության հետագա վիճակը՝ հաշմանդամություն կլինի՞, թե՞ հնարավոր կլինի լիարժեք բուժել, պարոն Շվարցը կարճ պատասխանեց՝ «Հետքեր կմնան»:

Մանրամասները` տեսանյութում

Գերմանացի բժիշկ Քրիստիան Յաշկեն էլ մեզ հետ զրույցում էլ անդրադառնալով վիրավորված զինծառայողներից ոմանց մոտ ախտորոշված, այսպես ասած՝ 4-րդ ողի վնասվածքի լիարժեք բուժման հնարավորությանն՝ ասաց. «Այդ տիպի վիրահատությունից առաջ պետք է լավ մտածել: Նման տիպի վիրահատությունները նույնիսկ Գերմանիայում, հիմնականում, վտանգավոր են, քանի որ 4-րդ ողը ավելի մոտ է գլխուղեղին, եւ վիրահատությունից առաջ պետք է լավ կշռադատել: Իրեն հարգող ոչ մի բժիշկ չի կարող 100% երաշխիք տալ: Խոսքը այն մասին է՝ արդյոք բուժումը Հայաստանում ճիշտ է կատարվում, անկասկած, միանշանակ ուզում եմ հաստատել՝ այն, ինչ տեսել եմ, իմ հայ գործընկերներն ամեն ինչ ճիշտ են անում: Ինչ վերաբերում է նման վիրահատությունների գումարին, ապա ասեմ՝ իմ եւ Հայաստանի կառավարության մոտ առաջին տեղում գումարը չէ, մի մոռացեք, մենք նույնպես մարդիկ ենք, եւ մեզ համար գլխավոր նպատակը բոլոր պացիենտների համար լավագույն  արդյունքի հասնել է: 2 զինծառայողների ողնաշարի վնասվածքները շատ-շատ ծանր են, բոլորս գիտենք, բայց նույնիսկ գերմանացի բժիշկն Աստված չէ»:

Մանրամասները` տեսանյութում

Նշենք, որ գերմանացի բժիշկների այցը Հայաստան ամիսներ առաջ էր կազմակերպվել եւ պայմանավորվել, եւ ինչպես նշեցին նախարարությունից, պարզապես նրանց այցը համընկավ ապրիլյան մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողների բուժման հետ, եւ հիմա նրանց այցը կենտրոնացվել է զինծառայողների բուժման հնարավորությունների վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել