Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետ որդուն էլ պաշտոն չի՞ տալու». Ավետիք Իշխանյան

Մայիս 13,2016 00:21 Share

Թե ինչու այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  հիշելով երկրի առջեւ ծառացած խնդիրները, կոշտ հայտարարություն արեց, հանձնարարություններ տվեց մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ ծախսերն ու գործուղումները կրճատելու մասին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 2 բացատրություն ունի: Տարբերակներից մեկն այն է, որ իրավիճակային հերթական հայտարարությունն է՝ ապրիլյան դեպքերից հետո հասարակական պահանջից ելնելով եւ երկրորդ տարբերակը՝ նախընտրական տարի է:

Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ «Կարելի է շատ թերահավատորեն մոտենալ այդպիսի հայտարարություններին, որովհետեւ շատ են եղել նմանատիպ հայտարարություններ, բայց ամեն ինչ մնացել է նույն տեղում: Հնարավոր է նաեւ, որ իսկապես հասարակական պահանջը հաշվի առնելով՝ գիտակցել են, թե ինչ է կատարվում եւ ազնիվ մղումներով որոշել են կառավարման համակարգը փոփոխել: Ես շատ կուզենայի հավատալ դրան եւ սխալված լինեի, բայց այդ տարբերակին թերահավատորեն եմ մոտենում: Անհրաժեշտ է իսկապես իրավիճակը փոխել, կա պատասխանատվության հարց, ի վերջո ինչ-որ մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի: Խրատ եղա՞ն արդյոք ապրիլյան դեպքերը: Ես հակված եմ չհավատալ դրան, որովհետեւ կարելի էր այդ հայտարարությունը չանել, բայց մենք գործունեությամբ տեսնեինք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում: Ճիշտ կլիներ նախ լսեինք վարչապետի կողմից, որ ինքն էլ է սխալվել, որ այդքան գումարներ է ծախսել գործուղումների համար՝ առանձին օդանավ վարձելով: Մեծ ազնվություն կլիներ, որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդունելով իրենց սխալները, իրենք հրաժարական տային: Այսինքն, մենք տեսնեինք գործողություններ, ոչ թե հայտարարություններ»:

Ավետիք Իշխանյանը հարցնում է Հովիկ Աբրահամյանին՝ «Արդյո՞ք այդ հայտարարությունը նշանակում է, որ իր որդին, որը Արտաշատի քաղաքապետ է, Արտաշատում այլեւս այդպիսի դեպքեր չեն լինելու՝ ազգականներին պաշտոններ տալու եւ այլն: Թող մի հատ ներկայացներ, թե որ պաշտոնյաների զավակները ինչ պաշտոններ են գրավում համակարգում ու ասեին, որ դրան պետք է վերջ դրվի: Ես սրան չեմ հավատում, որովհետեւ համակարգ, որը կառուցված է կոռուպցիայի վրա՝ ազգականներով, եթե իսկապես ինչ-որ մեկը, մասնավորապես, վարչապետը, եթե փորձի պայքարել դրա դեմ, այդ ամբողջ համակարգը կընդվզի եւ նա պարզապես դուրս կգա: Ես շատ կուզենամ սխալված լինեմ: Եթե նրա ասածները ինչ-որ չափով թեկուզ կատարվեն, ես պատրաստ եմ ներողություն խնդրել իմ ասածների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031