Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «դրսի» օրինակով մենք էլ չունենք պետական կարգավիճակով փողային անսամբլ

Մայիս 19,2016 16:00

Հայաստանյան երաժշտական կյանքում հաճախ չեն կազմակերպվում փողային տարբեր կազմերի անսամբլների համերգներ: Մասնագետները դա բացատրում են պետական կարգավիճակի բացակայությամբ, նաեւ փաստում, որ հեշտ գործ չէ, ասենք, կոնսերվատորիայի ուսանողներից կամ տարբեր նվագախմբերից հրավիրել երաժիշտների, կազմել նման անսամբլներ, ընտրել ծրագիր, կատարել մշակումներ կամ փոխադրումներ:

Վերջին շրջանում կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային-կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Գալստյանի (լուսանկարում) նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ քանիցս հանդիպել ենք փողային տարբեր կազմերի անսամբլների ելույթների: Փաստենք, որ նա երաժշտասերներին հայտնի է իր կամերային-գործիքային ստեղծագործություններից մինչեւ սիմֆոնիկ նվագախմբի համար մեծակտավ երկերի հեղինակ: Արվեստագետի նախաձեռնությամբ Երեւանում, մարզերում, ինչպես նաեւ Մոսկվայում վերջին տարիներին ներկայացվել է հայ հեղինակների շուրջ 6 տասնյակ ստեղծագործություն եւ փոխադրություններ հենց կամերային- փողային անսամբլների տարբեր կազմերի համար:
Տարիներ առաջ էլ կոմպոզիտորը Մոսկվայի տարբեր նվագախմբերի երաժիշտներից կազմեց «Արցախ» փողային կվինտետը, ծրագրում ընդգրկելով Ա. Բաբաջանյանի, Կ. Պետրոսյանի, Գ. Հովունցի, Ա. Բոյամյանի, Սադոյանի, Վարդազարյանի երկերից մինչեւ Բիզե, Չայկովսկի: Կվինտետը համերգներով ելույթ ունեցավ Մոսկվայում, Սոչիում, Սուխումում, Երեւանում եւ հայաստանյան մարզերում:

Յուրի Գալստյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Փողային եւ կամերային երաժշտության հերթական երեկոն կայացավ մայիսի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Համերգը սկսվեց Եկմալյանի «Սուրբ-սուրբ»-ով՝ փողային կվինտետի մեկնաբանությամբ: Այնուհետեւ հնչեցին Վարդազարյանի «Հումորեսկը», Շաքարյանի «Տարանտելան», Հարությունյանի «Կվինտետ ժողովրդական թեմաներով» երկերը, ինչպես նաեւ Մոցարտի, Բիզեի, Լիգետիի ստեղծագործությունների փոխադրումները: Նշենք, որ փողային կվինտետի երաժիշտները որոշ գործերում հանդես եկան նաեւ հայկական ժողովրդական նվագարաններով:

Երկրորդ բաժնում առանձնացնենք Արմեն Բոյամյանի կվարտետը՝ նվիրված 1918թ. Զեյթունի ճակատամարտի մասնակից իր պապի հիշատակին: Իսկ Էդ. Սադոյանի «Բիդստրուպի ծաղրանկարները» ստեղծագործությունը՝ գրված մնջախաղի եւ կամերային նվագախմբի համար, հայտնություն էր: 8 համարից բաղկացած այս ստեղծագործության վերջին երկու մասերում հեղինակը կերպարի միջոցով ներկայացնում է մի պետության կամ վերջինիս գերագույն գլխավոր հրամանատարին, ով զինվորների արյան, կյանքի գնով այնքան է հղփանում, հարստանում ու գիրանում, որ ստեղծագործության ավարտին ռումբի նման պարզապես պայթում է: Այս երկի կատարմանը մասնակցեցին նաեւ Մնջախաղի պետական թատրոնի դերասանները: Համերգին մասնակից երաժիշտների գերակշիռ մասը կոնսերվատորիայի ուսանողներն էին, այդ թվում ֆլեյտահար Գեւորգ Քեշիշյանը՝ Լիբանանից: Որոշ գործերի կատարման համար հրավիրված էին նաեւ այլ երաժիշտներ՝ վոկալիստներ, կիթառահար, ջութակահար, ալտահար, թավջութակահար:
Համերգի ավարտին «Առավոտի» հնչեցրած հարցին, թե ինչո՞ւ մեզանում եվրոպական երկրների կամ Ռուսաստանի օրինակով չունենք գոնե մեկ փողային գործիքներից կազմված անսամբլ, Յուրի Գալստյանը պատասխանեց՝ անդրադառնալով փողային կվինտետին, որի կազմում են ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, հոբոյահար Լիլիթ Մարգարյանը, կլարնետահար Արսեն Զաքարյանը, ֆագոտահար Անդրանիկ Դավթյանը, գալարափողահար Գարեգին Ղազարյանը: Նշեց, որ ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, որը ծնունդով Մոսկվայից է, ուսանել է Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, ապա աշխատել Մոսկվայի պետական փողային նվագախմբում, այլեւս ապրում եւ ստեղծագործում է Արցախում: Հենց նա է փոխադրել կվինտետի համար Եկմալյանի «Սուրբ-սուրբը»:

Հավելեց նաեւ, որ յուրօրինակ այս համերգին աջակցել է Երեւանի կոնսերվատորիան, ընդ որում՝ մի քանի տարի առաջ մշակույթի նախարարը ողջունել էր կամերային-փողային տարբեր կազմերի անսամբլների ելույթները:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031