Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքար. Իրենք իրենց դե՞մ են պայքարելու

Հունիս 06,2016 15:26

Կոռուպցիայի դեմ պայքարի «կամքի» դրսևորումները միտված են հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելուն

Ապրիլյան պատերազմը երկրում նոր իրավիճակ է ստեղծել, պատերազմը լակմուսի թղթի նման վեր հանեց երկրում առկա խնդիրները, որոնց լուծման համար վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է «ոչ ստանդարտ լուծումներ», այդ թվում պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, հավաստիացնելով, որ «կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը»:

Կառավարության նոր քայլերի ու դրանց արժանահավատության մասին զրուցել ենք քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի հետ։

-Տիկին Հովհաննիսյան կոռուպցիայի դեմ պայքարի գործընթաց է նախաձեռնել կառավարությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արժանահավատ այդ պայքարը։

Ընդհանրապես, նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ արվում են։ Եվ դա արվում է հիմնականում այն ժամանակ, երբ երկիրը կանգնում է կամ ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական մարտահրավերի առջև։ Առաջինը, եթե հիշում եք, հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում տեղի ունեցավ, մարտի մեկից հետո, անմիջապես, երբ հայտարարեց, թե անխնա պայքար է մղելու կոռուպցիայի դեմ։ Դա լեգիտիմության պակասը լրացնելու ձև է, որը ուղեկցվում է մանր չինովնիկների ձերբակալություններով, որոնք երաշխիք են դառնում լեգիտիմության բացը փակելու հնարավորությունների արանքում։ Այս օրերին ևս ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համակարգն ամբողջովին փլուզվում է, և դա միջոց է փոքրիկ՝ լեգիտիմության բացը լրացնելու։ Ես կարծում եմ, որ այս անգամ ևս նույն մեթոդները կկիրառվեն համակարգում ոչ այնքան կարևոր յուրայիններին, անձանց զոհաբերելու։ Մենք արդեն իսկ տեսնում ենք այդ գործընթացները օրինակ՝ պաշտպանության համակարգում, հնարավոր է նախկին գործեր բացվեն բնապահպանության ոլորտում։ Բայց համակարգի գերխնդիրը 2017 թվականին վերարտադրվելն է։ Այսինքն՝ բոլոր «կամքի» դրսևորումները միտված են հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելուն, կայուն դիրքեր զբաղեցնելուն։

-Այսինքն՝ պայքարի իմիտացիա է։

Գիտեք, իրավիճակը շատ լուրջ է, երկիրը կորցնելու մակարդակի լուրջ է։ Իրենք հո գիտեն, որ երկիրը կորցնեն, որտե՞ղ են պաշտոնավարելու։ Բացի նրանից, որ իմիտացիա է, պետք է նաև ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ համակարգը պահպանվի։ Իրենք իհարկե, ուզում են, որ պահպանվի։ Համակարգը ինքնապաշտպանության համար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Բայց ես շատ կասկածում եմ, որ փոփոխություն անելու համար են քայլեր ձեռնարկելու։ Այլ ուղղակի համակարգի պահպանության համար։ Միջին կարգի չինովնիկների կզոհաբերեն, որ իրենց ավելի մեծ պլաններն իրականանան։

-Տիկին Հովհաննիսյան, դուք որպես քաղաքացիական ակտիվիստ, հասարակական գործիչ, ի՞նչ եք կարծում  որոնք են այն հիմնական ցուցիչները, որ  պետք է արտահայտեն կոռուպցիայի դեմ  իրական պայքարը, ինչ պետք է արվի, որ հավատաք, որ իսկապես պայքար է գնում կոռուպցիայի դեմ։

Նախ հիմնական խնդիրներից մեկը մենաշնորհների դեմ պայքարն է։ Այսինքն՝ հավասար պայմանների ստեղծումը շուկայում, չէ՞ որ մենք հայտարարել են ազատ շուկայական հարաբերությունների մասին։ Հավասար մրցակցության կանոնը պետք է պահպանվի։ Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությունից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ օրինակ՝ շաքարավազի մենաշնորհը պետք է կարգավորել օրենքով։ Ուղղակի զարմանալի է, որ կարելի է օրենքով թույլ տալ, որ միայն մեկը կարողանա շաքարավազ ներկրել։

-Բայց մյուս կողմից էլ վարչապետը հայտարարեց, որ առաջնային ապրանքների՝ շաքարավազ, բանան, բենզին ևն, մենաշնորհ չկա Հայաստանում։

Հենց դա եմ ասում՝ դա գողական միջանձնային պայմանավորվածություններ են, որի գարանտներից մեկը հենց նույն Հովիկ Աբրահամյանն է։

-Այսինքն՝ «ձուկը գլխից բռնելու» կամքը չկա՞։

Այո, իրենք իրենց դեմ պայքարը ո՞նց են տեսնում, ո՞նց են պատկերացնում այդ պայքարը, եթե իրենք իրենց դեմ գարանտ են, իրենք իրենց ֆիզիկական գոյությամբ գարանտ են հանդիսանում այդ քրեական հարաբերությունների։ Եվ միաժամանակ, ունենք այնպիսի իրավապահ համակարգ, որը պաշտպանում է հենց իրենց անվտանգությունը։ Իրավապահ համակարգը ևս իրենց պաշտպանն է։ Օրինակ, երբ Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքի ալիք էր, ամբողջ իրավապահ համակարգը պաշտպանում էր նրա օբյեկտները։

-Դուք, նաև որպես «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, բազմիցս էիք անդրադառնում պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին։ Ձեզ չէին լսում, հաճախ անգամ դավաճան էին որակում, սակայն այդ փաստն ակնհայտ  դարձավ ու շատ խոսվեց ապրիլյան պատերազմից հետո։ Օրինակ, օրերս հայտարարվեց գեներալ-գնդապետներ են կալանավորվել, չնայած ՊՆ խոսնակն արդեն իսկ ասել է, որ  այդ կալանավորումները կապ չունեն ապրիլյան իրադարձությունների հետ։ Ինչ կարծիքի եք՞

Խոսնակին պետք է հարցնել, թե ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում եղավ այդ ամենը, երբ տարիներ շարունակ բարձրաձայնվում էր այդ մասին, բարձրաձայնվում էին ապօրինությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ ցույց էին տրվում կոնկրետ անձինք, ովքեր հարստանում են անհայտ միջոցներից։ Ինչո՞ւ մինչ այժմ նմանատիպ հայտարարությունները իրենց ծառայող բլոգերների ու տարբեր տիպի՝ իրենց ազգի պաշտպան հռչակած անձանց միջոցով լռեցվում էին և կոնկրետ «Բանակն իրականում» նախաձեռնությունը համարվում էր ազգի դավաճան, ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնող։ Հիմա ո՞վ է ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցրել, որ հնարավորություն է տվել խախտել կոնկրետ Ղարաբաղի սահմանները։ Ո՞վ։ Բազմիցս, բազմիցս բարձրաձայնվել են այս խնդիրները ու անտեսվել են։ Երբեք չեղան ադեկվատ քայլեր հենց Պաշտպանության նախարարության կողմից։ Բայց եղան որոշակի շարժումներ միայն ադրբեջանական արտաքին ներգործությունից հետո։ Այն էլ բազմաթիվ երիտասարդների կյանքի գնով։ Այն էլ բացահայտվեց, որ այդ հերոսները ամենակեղեքված ու աղքատ խավի ներկայացուցիչներն են։

-Ինչո՞ւ հրապարակայնորեն չեն ուզում ընդունել, որ թերացել են, ի՞նչ է դա նշանակում։.

Դա անպատասխանատվություն է հանրության առջև։ Այն հանրության, որը իրենց ֆինանսավորում է և որի անվտանգության պաշտպանը պետք է լինեն իրենք և այն հանրության, որի անվտանգությունը խախտում են սեփական շահից ելնելով։

-Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում այս պայքարի հանգուցալուծումը։  

Կախված է նրանից, թե որքանով հանրությունը ակտիվ կլինի։ Եթե լինի պասիվ ու հանդուրժող, սպասի, թե ինչ կանի կառավարությունն իր նիստերով, կլինի այն, ինչ միշտ եղել է։ Հանրությունը պետք է լինի ակտիվ, պարտադրող որոշումների կայացման պարագայում և չլինի պասիվ, որովհետև նրանք սարսափելի պաշտպանված են։ Նույն ոստիկանական համակարգը պաշտպանում է այն անձանց, ովքեր հանրության կողմից հռչակված են որպես հակահերոսներ։ Եվ այդ հակահերոսների երկարակեցությունը կախված է հանրության կամքից։ Ես ցավոք, հիմա չեմ տեսնում որևէ կայուն շարժում, ինչ-որ ապատտիկ վիճակ է, պատերազմի հարվածից նաև ուշքի չեկած վիճակ է։ Միգուցե մի օր ներքին լարվածությունը կպայթի, բայց փաստն այն է, որ այս պահին քաղաքական շրջանակներում չկա պատասխանատվության կանչելու, ենթարկելու հնարավոր մեխանիզմների մշակման կամքը։ Դրան նպաստում է նաև 2017-ին սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, որին պատրաստվում են բոլոր քաղաքական ուժերը։ Խայտառակ իրավիճակ է ստեղծվել, որի ելքերը միայն հանրային լուրջ, մտածված ու չկրկնվող քայլերի մեջ են, որովհետև եթե կրկնես նախկին փորձերը, գնաս փողոցում գոռաս, իրենց պաշտպանը ոստիկանությունն է՝ կգա, կճնշի ու… ցտեսություն։

-Մի տեսակ հուսահատված եք խոսում՝ հաշվի առնելով այն, որ նախկինում ակտիվ քաղաքացիական շարժումների մասնակիցն եք եղել։

Չէ, հուսահատված չէ, պատկերացրեք, որովհետև ճեղքվել է, այնուամենայնիվ, բացվել է  ինչ-որ հնարավորություն, բայց միևնույն ժամանակ այդ հնարավորությունը որքանո՞վ կարող է օգտագործել հանրությունը, որը տարիներ շարունակ թուլացված է։

-Բայց լոկալ հատվածներում կարծես հաջողություններ լինում են, օրինակ՝ գառնեցիների պարագայում հաջողություն ունեցավ հանրությունը։

Այո, որովհետև լեգիտիմ էր։ Ցանկացած հանրություն, որը խոսում է ինչ-որ բանի անունից, պետք է լինի լեգիտիմ։ Այս պատերազմի արդյունքում ևս ի ցույց դրվեց այն, որ հանրային խմբերը ևս լեգիտիմ չեն, արժեքների կրող չեն և խնդրի վերաբերյալ բարձրաձայն խոսելու և իր մեջքի հետևից հանրություն ունենալու լեգիտիմություն չունեն։ Դա էլ մյուս խնդիրն է, որն էլ բացահայտվեց։ Ոչ միայն պետական, այլ նաև հանրային կառույցների լեգիտիմությունն է կասկածի տակ դրվել։ Ի՞նչ խմբի անունից ես դու խոսում։ Նույնն այդ կոռուպցիայի դեմ պայքարի կառույցների մասին է խոսքը. անկախ նրանից, թե ինչ աստիճանի զեկույցներ են հրապարակել, նույնն է՝ լեգիտիմություն ունենալ, նշանակում է մեջքի հետևում ունենալ հանրություն, որը լինի այդ արժեքների կրողը և հանուն այդ արժեքների պայքարի գնացող։ Այդ արժեքների հարցը շատ կարևոր է, որը չի դրվում կամ էլ խաթարվել է շահերի բախումից։ Արժեհամակարգային մեծ կոլապս է իրականում և ինքնիշխանության զգացողության բացակայություն։

-Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ էլ կա։

Այո, կա, եղել է և  կլինի (քմծիծաղ է տալիս)։ Կա, որտեղ չկան մասնագիտացված այն կարևորագույն կառույցների ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մասնակցել են կամ արել են այդ գործը։ Հիմա ի՞նչ որ խորհուրդ է ձևավորվել,  ցույց տան, որ իրենք իրենց դեմ պայքարո՞ւմ են։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը

: Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930