Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյան. «Ժիրոյի ջոկատը կրակ է ուզում»

Հունիս 17,2016 18:25

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության անդամները դիմում են Պաշտպանության նախարարությանը` իրենց նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

«Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նրանք զգուշացրին, որ եթե չլինի այդ աջակցությունը, իրենք ոտքի են հանելու ժողովրդին:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնության կամավորական գործընթացի համակարգող-անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են ազատագրել Թալիշը և մյուս կորցրած դիրքերը. «Այսօր Թալիշը գտնվում է հակառակորդի կրակի տակ: Մենք պատրաստ ենք ազատագրել Թալիշը, նաև այն բարձունքները, որոնք գտնվում են հակառակորդի ձեռքում, ինչը թույլ չի տալիս բնակչությանը վերադառնալ այդ տարածքներ»:

Պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանը միացել ու կամավորագրվել են  անգամ աղջիկները, սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, գիտնականներ: Պավլիկ Մանուկյանը նշեց. «Մենք այսօրվա դրությամբ զինտեխնիկա, տարբեր միջոցներ չունենք բացի հերոսական կամքից, մնացածի համար պետությունից ենք աջակցություն խնդրում: Բայց դեռ արձագանք չկա. անձամբ եմ խոսել պաշտպանության նախարարի հետ, բայց հրաժարվել է հանդիպումից` պատճառաբանելով զբաղվածությունը»:

Պավլիկ Մուրադյանը նշեց, որ իրենք 10-15 օրվա ընթացքում ակնկալում  են պատասխան:

Նա շեշտեց, թե մարտական գործողությունները վերցնում են իրենց վրա, բայց  ճակատային գծից հանելու են բոլոր այն տղաներին, որոնք սերունդ չեն տվել: Ազատամարտիկը հավելեց. «Մենք գնում ենք պատերազմը վերջացնելու, ոչ թե զինադադար բերելու»: Պավլիկ Մուրադյանը հիշեցրեց, թե երկու տարի է իրենք զգուշացնում են այս արհավիրքի մասին, բայց ոչ մի արձագանք. «Այսօր Ժիրոյի գումարտակը կրակ է խնդրում: Եթե դուք չհասնեք մեզ, մեկ է` կրակը թափվելու է, և Աստծո կրակն է թափվելու մեր ժողովրդի գլխի»:

Նշենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները Թալիշն ազատագրելու պլան են մշակել, որը երբեք չի օգտագործվել:

«Հետախույզ վետերանների միավորման» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը նշեց. «Պետական մարմիններն ակտիվ  գործողություններ չեն կատարում պաշտպանության համար. նրանք զբաղված են ընտրական և հարկային օրենսգրքի ընդունմամբ: Մենք մշակել ենք նոր մարտավարական ձև, որը երբևէ չի կիրառվել: Դա կարող ենք տրամադրել նաև պաշտպանության նախարարությանը, եթե համաձայնեն համագործակցել»:

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը վրդովված է «անպետք հող» արտահայտությունից. «Զինվորն ասում է` ո՞նց կարող եմ նստել այստեղ, ու վաղը գան իմ եղբորը, սպային մորթեն, հետո էլ ասեն անպետք հող: Ոչ ոք բարոյական իրավունք չունի ասելու` սա անպետք հող է»:

Նախաձեռնության անդամ Գագիկ Արծրունին արձանագրեց, որ կորցրած տարածքները հետ բերելու համար հնչող հուսադրող հայտարարությունները գործնականում չիրագործվեցին: Նա նաև նշեց, որ թե ինչ վտանգներ է պարունակում այդ հողերը Ադրբեջանին թողնելը. «Ադրբեջանի մոտ հավատ առաջացավ, որ ռազմական ճանապարհով կարող են տարածքներ վերցնել, մյուս կողմից սա ազդում է զինվորի հոգեբանության վրա: Եզակի դեպք է, երբ բանակն ու ժողովուրդը պատրաստ են, բայց երկրի ղեկավարությունը թույլ չի տալիս հողերն ազատագրելու համար գործողություններ իրականացնել»:

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930