Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին

Հունիս 22,2016 15:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և հանդիպման պատեհ առիթով ևս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ և ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը` նպաստելով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Հայ-արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, Նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի և Արգենտինայի բանկային համակարգերի միջև սերտ համագործակցության ծավալմանը:

Զրուցակիցները մեծապես կարևորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Կառլոս Մելքոնյանը ՀՀ Նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ-արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների և ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

ՀՀ Նախագահը և Արգենտինայի Ազգային բանկի նախագահը Հայաստան-Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը: Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի Ազգային բանկը:

Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար  ոչ միայն կարևոր է մասնագիտական և արարողակարգային տեսանկյունից, այլև անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում:

Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք և հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930