Լրահոս
Օրվա լրահոսը

«Էությամբ ես մշակութասեր եմ»

Հուլիս 08,2016 13:30

ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան՝
հայ-արգենտինյան կապերի ու մշակութային փոխգործակցության մասին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան)  նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան ու մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ արգենտինյան տանգոյի երաժշտության եւ պարերի երեկո՝ նվիրված Արգենտինայի ազգային օրվան, մասնակցությամբ արգենտինացի երաժիշտներ՝ բանդոնեոնահար Կառլոս Բուռնոյի, դաշնակահար Ալդո Սարալեգիի: Պարային համարները ներկայացրին ինչպես հայաստանցի պարողներ, այնպես էլ Ավստրալիայից հրավիրված Արիաննա Կառիլին: Հուլիսի 7-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ հանրահայտ ակորդեոնահար Ռաուլ Բարբոզան հանդես կգա իր տրիոյի հետ: Երեկոն նվիրվում է Արգենտինայի անկախության 200-ամյակին:

Արգենտինական տանգոյի եւ ընդհանրապես երաժշտության առիթով «Առավոտի» հետ զրույցում մեր արվեստագետներից շատերը հիշեցին «երկաթյա վարագույրի» տարիները: Փաստորեն, առաջին անգամ Հայաստանում արգենտինական երաժշտության հետ շփումը կայացել է 1970-ականների սկզբներին՝ աշխարհահռչակ երգչուհի Լոլիտա Թորեսի միջոցով: Անվանի արվեստագետը մտերիմ էր արգենտինահայ բանաստեղծ Ալիսիա Կիրակոսյանի եւ դաշնակահարուհի Ալիսա Թերզյանի հետ: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ ունի հրաշալի երգաշար բանաստեղծի ստեղծագործություններով՝ Վահագն Դավթյանի թարգմանությամբ, իսկ Ալիսիա Կիրակոսյանը միակ բանաստեղծուհին է, որի մեկ գիրքը ձեւավորել է Պիկասոն:

Օրերս «Առավոտը» հանդիպեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ, որը այս պաշտոնում է 2015թ. գարնանից:
Դեսպանը նշեց, որ հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարեւորվում է համագործակցությունը, ինչն ուրույն դեր ունի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Հավելեց, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն: Դեսպանը հիշեցրեց 2012թ. Երեւան կատարած այցելության ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից Երեւանի՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողության մասին: Նշեց իր երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Արգենտինայում անցկացված միջոցառումները: Մեր զրուցակիցը փաստեց Բուենոս Այրեսում ցեղասպանության թանգարանի հիմնումը, հատկապես շեշտեց արգենտինահայերի ակտիվ մասնակցության մասին:

Ի դեպ, մեր հայրենակիցները պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, Արգենտինայում հիմնել են «Սարտարապատ» պարբերականը, գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, մշակութային այլ հաստատություններ եւս:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Արգենտինան հռչակված է իր տանգոյով, Գոնզալո Ուրրիոլաբեիտիան պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ Հայաստանը ավելին է, քան իր բրենդները՝ կոնյակը կամ Խաչատրյանը: Նույնն էլ Արգենտինան»: Անդրադառնալով նշանավոր երաժիշտ Ռաուլ Բարբոզայի տրիոյի կայանալիք համերգին, մեր զրուցակիցն ասաց, որ այս անգամ ներկայացվելու է արգենտինական ֆոլկը, ինչը գալիս է հենց ժողովրդի սրտից, միաձուլված դասական երաժշտության հետ: Հետաքրքրությանը, թե առաջիկա մշակութային ծրագրերում ոլորտի ո՞ր ճյուղերը կներկայանան հայաստանցի արվեստասերին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դեռեւս պաշտոնական բացումը չի կայացել դեսպանատան մշակութային կենտրոնի, բայց մեկ-երկու միջոցառում անցկացվել է: Միտված ենք համագործակցել հայաստանյան տարբեր կազմակերպությունների հետ, միջոցառումներից հետո անցկացնել քննարկումներ, հրավիրել կլոր սեղաններ, սեմինարներ: Շուտով կգործի նաեւ կինոսրահը, որտեղ ավելի հաճախ կցուցադրվեն արգենտինյան պատմական թեմաներով, մեր մշակույթը ներկայացնող ճանաչողական եւ իհարկե՝ խաղարկային ֆիլմեր»:

Դիտարկմանը՝ Արգենտինան հայտնի է իր կինոարտադրությամբ, հնարավո՞ր է պարոն դեսպանը միջնորդ հանդիսանա, ասենք՝ հայ-արգենտինյան համատեղ ֆիլմի, մեր զրուցակիցը նշեց, որ իսկապես Արգենտինան Լատինական Ամերիկայում կինոարտադրության ոլորտում թիվ 1 երկիրն է, իրենց ֆիլմերը 2 անգամ արժանացել են «Օսկարի», Կաննի եւ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնիների, շեշտեց, որ միայն Բուենոս Այրեսում գործում է շուրջ 300 կինոթատրոն, հետո էլ պատասխանեց. «Դեսպանատունն, իհարկե, կարող է միջնորդի դեր ստանձնել, սակայն այս հարցում մեծ կապող օղակ կարող է հանդիսանալ հենց սփյուռքը»: Իսկ թե մշակութային ոլորտից անձամբ դեսպանը ո՞ր ճյուղին է նախընտրություն տալիս, Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց. «Անձամբ ես իմ էությամբ մշակութասեր եմ՝ թատրոն, գեղանկարչություն, կինո… մի խոսքով՝ հետեւում եմ աշխարհում ընթացող մշակութային անցուդարձին, բայց պետք է նշեմ, որ 10 տարի դաշնամուրի դասեր եմ վերցրել եւ տիրապետում եմ իմպրովիզացիոն արվեստին, կինս էլ կիթառահար է…»: Ռեպլիկին՝ գուցե մի օր դեսպանին տեսնենք ռոյալի առաջ, դիվանագետը հակիրճ պատասխանեց՝ չի բացառվում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031