Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը եւ ընտրությունները. «Ազգ»

Հուլիս 09,2016 11:16
lrutyun

Հիմա ընտրություններին մոտ այս ժամանակի մեջ ի՞նչ անդրադարձ կունենա ղարաբաղյան հիմնախնդիրը իշխող , եւ ինչու չէ` կարգավորման ընթացքից անտեղյակ մյուս ուժերի վրա` լավ բան սպասել պետք չէ: Նախ որ իրազեկման պակասի պատճառով ով ինչ ուզի-շրջանառում է` հող են տալիս եւ այլն, ապա եւ` տարածք հանձնելու մասին ակտիվացած խոսակցությունները ջրի երես են հանում դիմակայության ռեսուրս, որն ամենեւին էլ քաղաքական ուժերինը չէ, քաղաքական ուժերը հիմա այս հարցում համարյա բոլորն էլ կրավորական կեցվածք են ընդունել (Սեֆիլյանը գիտեք որտեղ է):

Ո՞վ է պատասխանատու Արցախի վերաբերյալ որոշումների համար Հայաստանում: Դատելով իշխանական շատ շերտերի` ղարաբաղյան խնդրի հետ կապված անտեղյակությունից` երկու-երեք մարդ: Իսկ մի՞թե երկու- երեք մարդ կարող են որոշել մի խնդիր, որ վերաբերում է ողջ ժողովրդին: Իհարկե ոչ: Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի` խախտե՞լ միջազգային խորհրդապահությունը եւ տեղյակ պահել սեփական հանրությանը ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների մասին, ինչպես հարեւան երկրում արեցին (իհարկե` ոչ ողջ ճշմարտությունը, այլ Ալիեւի համար բարենպաստ ափսեով), թե՞ շարունակել սնել ենթադրությունները, այդպիսով ցախ գցելով դիմակայության այն կրակին, որը ոչ միայն տարածք հանձնելու դեմ կլինի, այլեւ` ընտրությունների գնացող իշխանությունների դեմ առհասարակ, որոնք լռել ու ոչինչ չեն ասում ղարաբաղյան գործընթացի մասին:

Այս պահին լռել են շատերը` Կովկասի ինստիտուտ կա, զանազան վերլուծական կենտրոններ, ինչ- որ մարդիկ, որոնք տարբեր առիթներով իրենք իրենց անվանում են անկախ փորձագետ, բայց այսպիսի պահերին, երբ հրահանգ չկա խոսելու, նրանց «անկախության» գինը պարզ է դառնում: Ո՞վ պետք է հստակություն մտցնի` արդյոք օտար երկրների պաշտոնյաները, որպեսզի զանազան ապակողմնորոշող հայտարարությունները հունից չհանեն մարդկանց, որ պատահական արտահոսքերից չանենք մեր եզրակացությունները, որ չմտածենք` եթե անգամ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն է ասում, թե Պետրոս Առաջինից հետո բան չի փոխվել` ռուսական քաղաքականությունն այն է, որ փոքր ազգերի կոնֆլիկտները վառ մնան, քառօրյա պատերազմն էլ Պուտինի արածն է` ուրեմն բանը բանից անցել է: Չնայած մյուս կողմից էլ լավ է, քանի որ իրերն իրենց անուններով կոչելով, հիվանդությունները ճիշտ ախտորոշելով` միգուցե բուժման ավելի նպատակային դեղամիջոց կարելի լինի ընտրել:

Այս ամբողջ համապատկերում հստակություն չբերեց նաեւ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, ու հազիվ թե կարելի է ինչ-որ բան ակնկալել առաջիկայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ ֆրանսիական հանդիպումից, որքան էլ Օբաման ու Պուտինը հեռախոսազրույց ունենան` ղարաբաղյան կարգավորման ջանքերն ակտիվացնելու մասին:

Մի բան է միայն առայժմ շատ հստակ` Հայաստանում կգտնվեն ոչ քիչ թվով մարդիկ, որոնք պարզապես տարածք հանձնելու որեւէ ռեալ վտանգ զգալու պարագայում կկազմակերպեն դիմադրությունը (այո, դա միշտ պատերազմով է հղի), ու պետք չէ հռետորական հարց տալ, թե` որ ունեցած մեր զենքն էն չի, ո՞նց ենք դիմակայելու թշնամուն. եթե ավազակը մտնում է տունդ, եւ այնտեղ քո երեխաներն են, նրանց պաշտպանելու համար դու կօգտագործես ինչ ընկնի ձեռքդ, դիցուք` գրտնակ: Այնպես որ` դա լուրջ խոսակցություն չէ, որն, ի դեպ, լավ էլ կազմակերպվում է սոցիալական ցանցերում:

Հենրիխ Մխիթարյանից սովորելու բան ունենք. կիսապաշտպան լինելով` նա գրավում է թշնամու դարպասը: Մեր երկրի պաշտպանները լինելով` մենք բանակցություններում հարձակողական դիրք պետք է գրավենք: Մի բան հստակ է` եթե որեւէ մեկին թվում է, որ տարածքների վերադարձի կամ Հայաստանն ու Արցախը կապող իբր «հատուկ կարգավիճակով» միջանցքի մասին խոսելով` կբթացնեն ժողովրդի զգոնությունը, ու մի օր էլ նա կհամաձայնի ինչ- որ միջանկյալ առաջարկների, սխալվում են, քանի որ երեխան էլ գիտի` տարածքները Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխիքն են, ու միշտ կգտնվեն բավարար թվով մարդիկ, որոնք կկազմակերպեն տարածքների վերադարձ պարտադրողների դեմ դիմակայությունը:

Իսկ թե ինչպես պետք է այս ականով իշխող կուսակցությունն ու առհասարակ լռող մեր քաղաքական դաշտը գնա ընտրությունների, սա այն հարցն է, որին արդեն սեպտեմբերին պետք է պատասխան տրվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031