Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական վոկալ դպրոցի հերթական հաղթանակը

Հուլիս 13,2016 14:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող երաժիշտների հաջողությունները միջազգային մրցույթներում տասնամյակների պատմություն ունի, տարբերությամբ, որ խորհրդային տարիներին մասնակցությունը նման մրցույթներին այնքան էլ հասանելի չէր՝ հասկանալի պատճառներով: Այդ բախտին էին արժանանում հատուկենտ ընտրյալներ: Հիմա, բնականաբար, պատկերը փոխվել է եւ կարելի է ասել՝ ցանկացած շնորհալի կամ տաղանդավոր ուսանող առանց որեւէ արգելքի կարող է գոնե իր համար ուժերը չափել երիտասարդ կատարողների տարբեր միջոցառումներում՝ լինի մրցույթ, թե փառատոն: Այսօր միջազգային մրցույթներն էլ սնկի նման աճել են: Հեղինակավոր մրցույթների կողքին անցկացվում են դեռեւս գոնե մեզ անհայտ բազմաթիվ միջոցառումներ, որոնց գնահատականը գուցե ժամանակը կտա: Նշենք, որ ի սկզբանե մեր կոնսերվատորիայից արտասահմանյան մրցույթների մասնակցության առաջատարը վոկալիստներն են, որոնք մշտապես բարձր են պահել հայկական վոկալ դպրոցի նշաձողը, իսկ վաղուց աշխարհի տարբեր թատրոններ սիրով հրավիրում են հայ օպերային երգիչներին:

Օրերս Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում 35-րդ անգամ անցկացվեց «Հանս Գաբոր Բելվեդեր» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթը, որին մասնակցում էր մեր կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող Ջուլիետա Ալեքսանյանը (պրոֆեսորներ Ռաֆիկ Հակոբյանցի եւ Սուսաննա Մարտիրոսյանի դասարան): Ի դեպ, այս մրցույթը Բելվեդեր թագավորական պալատում հիմնել է Վիեննայի CamerOpera-ի գեղարվեստական ղեկավար Հանս Գաբորը, որի մահից հետո մրցույթի ղեկավարման աշխատանքները ստանձնել է նրա դուստրը՝ երաժշտագետ Իզաբելլա Գաբորը: Մասնագետները կեսկատակ-կեսլուրջ նշում են, որ հիշյալ մրցույթը կարծես «բորսա» լինի, որտեղ մենեջերները «որսում» են՝ բաց չթողնելով եւ ոչ մի երիտասարդ կատարողի: Այս մրցույթում ժամանակին փայլել են հայաստանցի օպերային երգիչները, այդ թվում՝ Կարինե Բաբաջանյանը, որը ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, ավստրիաբնակ օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, Հյուսթոնի Grand opera-ի մեներգչուհի Մանե Գալոյանը:

received_1332495070098280

Երգչուհին՝ մրցույթին մասնակից օտարազգի երգիչների հետ:

Անդրադառնալով հիշյալ մրցույթին Ջուլիետա Ալեքսանյանի մասնակցությանը, տեղեկացնենք, որ երիտասարդ երգչուհին, որը այս տարվանից ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի երիտասարդական ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), արժանացել է միանգամից 3 հատուկ մրցանակի: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց դրանք. «Մեծ պոտենցիալով ամենաերիտասարդ կատարող», ավստրիացի բարերար Վերա Գրեգորի կողմից մոցարտյան արիայի կատարման համար (Պամինայի արիան «Կախարդական սրինգից» եւ Իռլանդիայի «Royal» ակադեմիայի պրոֆեսոր, ժյուրիի անդամ Ջեյն Քարթի կողմից գումարային մրցանակ:
Ինչպես ուսանող երգչուհին իրավունք ստացավ մասնակցելու մրցույթին հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Վերջին տարիներին շուրջ 50 երկրների, այդ թվում՝ Երեւանի կոնսերվատորիայում լսումներ է անցկացնում այդ մրցույթի ժյուրիի անդամներից մեկը: Գարնանը Սուսաննա Մարտիրոսյանի խորհրդով ես էլ մասնակցեցի եւ արդյունքը եղավ այն, ինչ որ եղավ»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին փուլում եղել են 89 մասնակիցներ, 2-րդում մնացել են 50-ը, իսկ եզրափակիչ անցել են 16-ը: Հետաքրքրությանը՝ ներկայացրե՞լ է արիա որեւէ հայ կոմպոզիտորի օպերայից, երգչուհու հավաստմամբ՝ մասնակիցները ժյուրիին ներկայացրել են 5 արիա, հանձնախումբն էլ 3 մրցութային փուլի համար ընտրել է մեկական արիա, իսկ դրանք պետք է լինեին ծանոթ հանձնախմբի անդամներին: «Կատարել եմ 3 ստեղծագործություն՝ տիկին Ֆորդի արիան Օտտո Նիկոլայի «Ուրախ կանայք Վինձորից», Պամինայի արիան Մոցարտի «Կախարդական սրինգ» եւ Ջուլիետի վալսը՝ Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերաներից»,- ասաց երիտասարդ արվեստագետը: Ռեպլիկին՝ հավանաբար եղել են առաջարկներ, Ջուլիետա Ալեքսանյանը նախ նշեց, որ ժյուրիին հատկապես գրավել է Պամինայի արիայի իր մեկնաբանությունը, հետո մանրամասնեց. «Պրոֆեսորիս՝ տիկին Մարտիրոսյանին հեռաձայնել է Հյուսթոնի Grand opera-ի երիտասարդական կազմի ղեկավար Դայանա Զոլան, հիացմունքն արտահայտել եւ նշել, թե հետագայում սիրով կաշխատի ինձ հետ: Պամինայի արիայի կատարումից հետո ինձ մոտեցավ Գերմանիայի Էրֆուրտի թատրոնից Գույ Մոնտավոն, հատկապես առանձնացրեց այդ արիայի կատարումը… Առաջարկներ եղել են, բայց ոչ պաշտոնական»:

Հետաքրքրությանը՝ հավանաբար ինքն էլ, եթե ոչ հիմա, կոնսերվատորիան ավարտելուց հետո կհայտնվի եվրոպաներում, Ջուլիետա Ալեքսանյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկություն ունեմ վերապատրաստվելու արեւմտյան թատրոններում, մանավանդ որ՝ շեղված եմ գերմանական թատրոնների վրա, ձայնիս ու հոգեվիճակիս ավելի շատ մոտ է մոցարտյան երաժշտությունը… Բայց, իհարկե, յուրաքանչյուր քայլ կհամաձայնեցնեմ պրոֆեսորիս եւ Ազգային օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավարի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ջուլիետա Ալեքսանյանը հարավաֆրիկյան մրցույթում:

 

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031