Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գոհար» երգչախմբի երաժշտին նույնպես բերման էին ենթարկել

Հուլիս 18,2016 13:46

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ոստիկանները, վաղ առավոտյան այցելելով անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստների տները, նրանց հրավիրել էին ոստիկանություն:

Նրանցից մի քանիսին մինչև գիշեր պահել էին ոստիկանությունում, բանը հասել էր նրան, որ ակտիվիստները երեկ գիշեր մի պահ փակել էին ոստիկանության «Կումայրի» բաժնի փողոցը՝ պահանջելով վերջ դնել ապօրինի գործողություններին ու ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Նրանց բողոքից հետո վայրկյաններ անց ոստիկանությունից ազատ արձակեցին այս երկուսին:

Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանն, Aravot.am-ի հետ զրույցում, իր զարմանքը հայտնեց այս անձանց ոստիկանություն բերման ենթարկելու կապակցությամբ: «Չգիտեմ հպարտանա՞մ, թե՞ վիրավորվեմ. ով կյանքում գոնե մեկ անգամ ինձ բարև է տվել, սաղին ոստիկանություն են տարել, մի անգամ ինձ փողոցում հանդիպած մարդուն բռնել ու ոստիկանություն են տարել, զենք են ման եկել…Ականջիս կպավ, որ անգամ «Գոհար» երգչախմբի երաժիշտներից՝ կոնտրաբասիստ Խաչիկ Դանիելյանին էին տարել ոստիկանություն, առավոտվանից տարել են, գիշերը բաց թողել, ամենաերկարը իրեն են պահել: Ինձ համար անհասկանալի է, թե այս մարդուն ինչո՞ւ են տարել, ինչո՞ւ են այդքան պահել ու առհասարակ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն մեր գործողությունների հետ»,- ասաց Արամ Հակոբյանը:

Մեր հարցին, թե երաժիշտն էլ է ձեր համակի՞րը, Արամ Հակոբյանն ասաց. «Ոչ, նա քաղաքականության հետ բացարձակ կապ չունի, նորից եմ կրկնում՝ ով ինձ մի անգամ բարև է տվել, ոստիկանություն են տարել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031