Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Այստեղ, հաստատ, ահաբեկչություն չկա, բժիշկները պատանդ չէին»

Օգոստոս 01,2016 21:40

Երեկ ազգային անվտանգության ծառայությունը «Սասնա ծռեր» խմբի հանձնման եւ պարեկապահակային ծառայության գնդի տարածքն ազատելու առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել էր՝  «հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: Ձերբակալվել են 20 ահաբեկիչներ»:

Մինչ այս ԱԱԾ-ն ՊՊԾ գնդի տարածք թռուցիկներ էր տարածել, որտեղ մասնավորապես «Սասնա ծռերի» անդամներին իրազեկել է, որ իրենց պահանջներից հրաժարվելու, կամ կամովին պատանդներին ազատ արձակած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Երեկ զինված խումբը կամովին հանձնվեց, հանձնեց զենք-զինամթերքը, զավթած շենք-շինությունները:

Հաշվի առնելով ԱԱԾ-ի այս հայտարարությունները, արդյոք «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ հնարավո՞ր է ավելի մեղմ պատիժ, եթե նրանք կամովին են հանձնվել:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական դատավարության օրենսգրքով ԱԱԾ-ն ընդամենը հետաքննության մարմին է, եւ առանձին քրեաիրավական որակում տալու իրավունք եւ լիազորություններ չունի:

«ԱԱԾ-ի բոլոր հայտարարությունները հանրային գործունեության մի հատված է: ԱԱԾ-ն մեղադրող մարմին չէ, քննիչն է կազմում մեղադրանքը: Հետաքննական մարմնի հայտարարությունները՝ քրեական օրենսգրքի կիրառման մասին, անտեղի են եւ ոչ մի իրավաբանական հետեւանք չեն կարող ունենալ: Իրենց տված ցանկացած որակում եւ մեկնաբանություն պարտադիր ուժ չունեն ոչ նախաքննության մարմնի, ոչ էլ դատախազության համար»,-ասաց իրավաբանը:

Նրա ներկայացմամբ՝ թե ի՞նչ մեղադրանք կառաջադրվի կոնկրետ տղաների դեպքում, խրախուսական նորմերը, պատանդների, շենք-շինության զավթելու դեպքում, որքանով կկիրառվեն,  վերապահումներ կան, եթե փաստացի կատարածը չունի այլ հանցագործություն: Իրավաբանը մի փոքր հեգնանքով ասաց՝ «Հիմա հարց է՝ ասենք մեկին ապտակ է տվել, այդ դեպքում շենքի գրավելու հոդվածը մնո՞ւմ է, թե՝ ոչ»:

Ըստ Աթանեսյանի, խոսքը, հավանաբար այն մասին է, որ շենք-շինությունների մասով պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից, բայց կարող են դատապարտվել, եթե արել են մեկ այլ հանցանք.«Բայց դեռ վաղ է այս մասին խոսել, գործը դեռ դատարան պետք է գնա, մեղադրանք առաջադրվի, որից հետո նոր կարող ենք խոսել»:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք, ինչպես իրավապահ մարմիններն են հայտարարել՝ բուժաշխատողներին պատանդ պահելն, արդեն ահաբեկչական տարրեր է  պարունակում, պարոն Աթանեսյանն ասաց. «Պատանդն այն անձն է, որին զրկում են ազատությունից եւ ներկայացնում են պահանջներ: Բուժաշխատողներին, ասենք թե, պատանդ են վերցրել, ասենք թե, իրենց կամքին հակառակ են պահել: Բայց ի՞նչ պահանջ են ներկայացրել, պահանջ, որպես այդպիսին եղել է այն, որ ասել են՝ բժիշկ ուղարկեք, որովհետեւ հիվանդ ունենք, ծայրահեղ անհրաժեշտություն է եղել, բժիշկ են կանչել, բժիշկներն էլ եկել են: Ես այստեղ տեսնում եմ բժիշկներին ապօրինի պահելու նման ինչ- որ մի բան, այլ ոչ թե պատանդ: Պատանդներ կարող էին Օսիպյանն ու Եղիազարյանը  լինել, նրանք բարձրաստիճան ոստիկաններ են, բայց նրանք էլ պատանդ չէին, զենք են դրել ձեռքներն՝ ասել են՝ կրակեք ձեր մահացած ընկերոջ պատվին: Այսինքն, այս դեպքում էլ հարց է, պատանդի ձեռքը զենք չեն տա»:

Արդյոք ահաբեկչության տարրեր կա՞ն, նկատի ունենալով նաեւ, որ կամովին հանձնվել են, իսկ ԱԱԾ-ն նրանց ահաբեկիչ է որակել, մեր այս հարցին, իրավաբանը պատասխանեց.«ՀՀ քրեական օրենսգրքով այստեղ ահաբեկչություն չկա: ԱԱԾ-ն ներկայացրեց վերջնագիր, ասաց՝ հանձնվեք, կկիրառենք այսինչ խրախուսական նորմերը, հետո եղավ վերջնագիրը՝ մինչեւ ժամը  17.00-ն կհանձնվեք, կանենք: Եթե ժամը 17.00- ից հետո էլ բժիշկներին պահեին, ինչ-որ տեղ կնմանվեր պատանդ վերցնելուն, բայց մինչ հանձնվելը  գնդի տարածքում, նրանց մոտ բժիշկ չի եղել: Այսինքն, քաղաքացիական անձ չկար, միայն խմբի անդամներն էին, եւ սա հաստատ ահաբեկչություն չէ»:

Ոստիկան Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության պնդմամբ՝ դիպուկահարի կողմից սպանվելու հանգամանքն արդյոք ավելի չի՞ բարդացնելու, կամ կոշտացնելու «Սասնա ծռեր» խմբի անդաների նկատմամբ հոդվածների կիրառումը, հաշվի առնելով, որ ոստիկանության տվյալներով, կրակն արձակվել է գնդի տարածքից («Սասնա ծռերը» վստահեցրել է, որ իրենք կրակ չեն արձակել), մեր այս հարցին իրավաբանը պատասխանեց. «Իրավիճակը բարդ է առանց 2-րդ ոստիկանի մահվան: Ինչ վերաբերում է բուն փաստին՝ հստակ նշելով հետագիծն ու մնացածը, շատ կասկածելի է: Իհարկե, նման հետագիծ հնարավոր է, բայց նախ դրա համար լուրջ փորձաքննություն պետք է կատարվի, գտնվի զենքը, որից կրակել են: Արդյոք այդ զենքով հնարավո՞ր է 300-400 մետր հեռավորության վրա անել դա: Գուցե, շատ լավ դիպուկահարը կարողանար անել, բայց որտե՞ղ է գտնվել ոստիկանը, գնդակը որտե՞ղ է կպել: Ես առավել քան համոզված եմ, որ չեն արել: Պետք է մանեկեն նստացնեին, կրակոցներ անեին, եղանակը պետք է հաշվի առնվի: Դեպքից մի ժամ հետո հետագծով լուսանկարները տարածելը, ես համարում եմ ոստիկանության կողմից էմոցիոնալ քայլ, եթե այդպես է, ուրեմն իրավաբանության հետ կապ չունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031