Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ շոկ է ապրել մեր տնտեսությունը անցած ամիս. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 24,2016 10:41

Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.3 տոկոսով:

Դատելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներից, ՏԱՑ-ի այսպիսի անկման վրա մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսությունում արձանագրված ցուցանիշները։ Ըստ այդմ, անցած տարվա հուլիսի համեմատ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նվազել են մոտ 4 տոկոսով։ Ինչն է այսպիսի նվազման պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Տարերային աղետների մասին՝ համատարած ու անողոք կարկուտների կամ երաշտի մասին տեղեկություն չի եղել։ Հակառակը, անընդհատ հայտարարվում է ցանքատարածությունների, գյուղմթերքների արտադրության ու արտահանման աճի, ԵՏՄ շուկան գրավելու մասին։ Էս ի՞նչ պատահեց հանկարծ։

Եվ ուրեմն, չենք սխալվում, երբ պնդում ենք, որ հուլիսին արձանագրված աննախադեպ անկումը անակնկալ է եւ հանելուկ։ Մյուս կողմից, սակայն, անակնկալն ու հանելուկը իրականում ոչ թե գրանցված անկումն է, այլ մինչ այդ գրանցվող աճերը։ Բոլորս ենք զգում, որ մեր տնտեսությունում ուղղակի աղետալի վիճակ է: Եվ հանելուկն այն էր, թե ինչպես էր Ստեփան Մնացականյանի գլխավորած ազգային վիճակագրական ծառայությանը հաջողվում անընդմեջ աճեր ցույց տալ։ Թերեւս հենց այստեղ էլ պետք է փնտրել հանելուկի բանալին։ Պատահական չէ, որ անկումը արձանագրվում է անմիջապես առաջին կիսամյակի ավարտից հետո։ Պատկերավոր ասած, ԱՎԾ-ն ցուցանիշ նկարելու իր ամբողջ ռեսուրսը այս տարի դրել էր ընդամենը մեկ կիսամյակում պլպլան ցուցանիշներ ստանալու վրա, իսկ երկրորդ կիսամյակը սկսվելուն պես էլ չի կարողացել նկարել։ Պատկերավոր ասած՝ ներկը պրծել է։

Մեկ շաբաթից ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի հուլիսյան ցուցանիշների ավելի մանրամասն բացվածքը եւ գուցե դրանից պարզ դառնա, թե ինչ շոկ է ապրել մեր տնտեսությունը անցած ամիս, որի մասին մեր պաշտոնյաներից եւ ոչ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031