Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրազանգվածը այնուամենայնիվ «բեզռազմեռ» չէ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 07,2016 12:18

Մի հին, բայց լավ անեկդոտ կա: Ճարպիկ մեկը ցանկանում է գյումրեցի մի նպարավաճառի գլխին «օյին խաղալ», մտնում է խանութ, թե՝

-Ապ ջան, ինձ մետրուկես սմետան տուր:

Նպարավաճառը դեմքի անվրդով արտահայտությամբ զննում է գնորդին, վերցնում թթվասերի տարան, բացում, կաթնամթերքն ուղիղ գծով լցնում վաճառասեղանին, ապա դիմում կատակասերին.

-Չափե, մետրուկես կտրե, տար…

Դժվար է միանգամից ասել թե ինչու, բայց Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հայրենի մի շարք հին ու նաեւ նորակազմ ընդդիմադիր ուժերի պահվածքն այդ անեկդոտային իրավիճակն է հիշեցնում: Ասենք, լավ էլ պարզ է, թե ինչու է հիշեցնում: Նրանք ցանկանում էին եւ դեռ ցանկանում են «օյին խաղալ», բայց, դատելով ամենից, «կատակն» ուղիղ գծով շրջվելու է հենց իրենց դեմ: Եվ ոչ միայն Գյումրիում, այլեւ Վանաձորում:

Ավելի պարզ: Ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում բավական մեծ է «բողոքական ընտրազանգվածը»: Համենայն դեպս վերջին համապետական ընտրությունների ու նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները դա են վկայում: Եվ հենց այդ հանգամանքն ու բնակչության տրամադրությունները նկատի ունենալով՝ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ կկարողանան ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում հաջողություն գրանցել:

Նկատենք, որ նման ակնկալիքներն ամենեւին էլ անհիմն կամ չափազանցված չեն: Իսկապես, եթե ընդդիմադիր ուժերը կարողանային ճիշտ գործել եւ իրենց դրսեւորել որպես քաղաքական ուժեր, այլ ոչ թե բախտի բերմամբ թե պատահմամբ քաղաքականության մեջ հայտնված անհատներ, ապա հաջողության հասնելու շոշափելի հնարավորություն ունեին:

Ընդունում ենք՝ ամեն ինչ հոկտեմբերի 2-ին կորոշվի, եւ այդ առումով անցյալով մեր արտահայտությունը գուցե կոռեկտ չթվա: Բայց հարցն այն է, որ մի էական սխալ այդ ընդդիմադիր ուժերն արդեն թույլ են տվել:

Բոլորին էլ հասկանալի է, որ հաջողության հասնելու հնարավորություն Գյումրիում ու Վանաձորում ընդդիմադիրները կունենային, եթե հաջողվեր միավորվել կամ գոնե 3-4 ուժեր ընդգրկող նախընտրական դաշինք կազմել: Մինչդեռ նման բան, ինչպես արդեն օրերս նշել էինք, տեղի չունեցավ:

Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդ ընդդիմադիր ուժերը, որոնք բոլորն էլ առանձին-առանձին են ներգրավվել ընտրապայքարի մեջ, ուզեն թե չուզեն, մրցակիցներ են: Դա էլ նշանակում է, որ նրանք մեկը մյուսից «ձայն տանելու» անհրաժեշտության առաջ են կանգնած:

Ինչ էլ ասվի, ընտրազանգվածը, առավել եւս՝ բողոքական տրամադրված ընտրազանգվածը, «բեզռազմեռ» չէ, ու այնպես չէ, որ ամեն մեկն իր մետրուկեսը չափի, կտրի ու տանի:

Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին համախմբված ուժերով մասնակցելու փորձը, ամեն դեպքում, արդեն ձախողված է, ինչի վերաբերյալ օրերս ներկայացրել էինք մեր դիտարկումներն ու հատուկ այս ընտրությունների առթիվ համանուն հեռուստաընկերության բազայի վրա ստեղծված ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչների բացատրությունները:

Երեկ էլ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ բանակցել են ու պատրաստ են եղել այլ ուժի էլ սատարել, բայց դաշինքը իրենց մեղքով չէ, որ չի կայացել:

 Ս. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930