Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած վարչապետ ստանում է նախկին կառավարման հետեւանքները»

Սեպտեմբեր 10,2016 15:00

Վազգեն Մանուկյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

Երեկ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, նոր վարչապետը «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է:

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տալով իր պաշտոնին՝ երեկ կառավարության նիստին նշեց իր կառավարման օրոք կատարած դրական քայլերը եւ արձանագրած արդյունքները: «Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը: Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝ Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվից ՏՏ ոլորտում հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը: Չնայած 2015-ին արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3% տնտեսական աճ: 2015-ին կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8% աճ»,- այս եւ մի շարք այլ փոփոխություններ եւ նախաձեռնություններ իր վարչապետությունից երեկ ներկայացրեց Աբրահամյանը:

Սակայն նախկին վարչապետը լռեց իր կառավարության օրոք արձանագրված բացասական արդյունքների մասին: Աբրահամյանը չասաց, որ իր 2,5 տարվա պաշտոնավարման ընթացքում ՀՀ արտաքին պարտքն աճել է մոտ կես միլիարդ դոլարով, նա չխոսեց, որ չկարողացավ ապահովել 2015-ի պետբյուջեով նախատեսված 4.1% տնտեսական աճը, այն կազմեց ընդամենը 3%, իսկ 2014-ին տնտեսական աճը կազմել է 3.4%: Արդարության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանից առաջ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարում էլ տնտեսական աճը բարձր չէր: Սարգսյանի՝ 2013-ին վարչապետության ժամանակ ՀՀ տնտեսական աճը կազմում էր 3.5%, իսկ 2012-ին՝ 7.2%:
Աբրահամյանի ղեկավարման տարիներին, պետք է նշել, որ աղքատությունը նվազել է 4%-ով, գյուղատնտեսությունն աճել է 9%ով, սակայն սրան զուգահեռ 19 հազար մարդ դարձել է գործազուրկ, պետական բյուջեի պակասուրդն աճել է 170 միլիարդ դրամով:
Աբրահամյանը երեկ անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով որ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: «Մասնավորապես, արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության եւ խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը»,- ասել է վարչապետը:

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման մասին «Առավոտ»-ի հետ զրույցում խուսափեց կտրուկ գնահատականներ տալ: «Հայաստանում քրոնիկական հիվանդություններ են, եւ այդ հիվանդությունները չեն բուժվել, հիմա դա իր ուժերի մեջ էր, թե ոչ՝ ես դժվարանում եմ ասել, բայց ինքը արդեն գնաց, պետք է նայել ապագային»,- այսպիսի կարծիք հայտնեց Մանուկյանը:

Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման տարիներին արձանագրված դրական եւ բացասական արդյունքներին էլ Մանուկյանը խուսափեց գնահատական տալ. «Չեմ ուզում գնահատական տալ, բայց պետք է ասեմ՝ ցանկացած վարչապետի ժամանակ ինքը ստանում է արդյունքները ոչ միայն իր ղեկավարման ընթացքում, մանավանդ որ կարճատեւ է, այլ նաեւ նախկին կառավարման ձեւերի հետեւանքներն են գալիս: Հիմա նոր վարչապետը եթե գա, միգուցե նոր քայլեր անի, միգուցե իր վարչապետության օրոք այդ դրական քայլերի արդյունքներն այնքան չերեւան, որքան 5-10 տարի հետո: Վարչապետների աշխատանքը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ այնպես չէ, որ մի բան արեց՝ պետք է միանգամից արդյունքը երեւա: Դրա համար ցանկացած վարչապետի աշխատանքը գնահատելը շատ դժվար է, պետք տեսնել՝ իրենից հետո ինչ արդյունքներ են եղել, երբ ինքն արդեն չկա»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930