Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության շրջանի ճարտարապետությունը`լուսանկարներում

Սեպտեմբեր 20,2016 19:30

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքաշինական ձեռքբերումներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են վերջին 25 տարիների ընթացքում ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառում մեր ունեցած ձեռքբերումներն ու նվաճումները:

Թանգարանի տնօրեն, ճարտարապետ Անուշ Տեր Մինասյանը ողջունելով մասնակիցներին և հյուրերին, շեշտել է, որ ներկայացված ցուցահանդեսը հայ ճարտարապետության մի նոր փուլի՝ Անկախ Հայաստանի քառորդդարյա շրջանի ամփոփումն է, ուր լուսանկարները՝ (շուրջ 112 վահանակ, ինչպես նաև՝ 4 մանրակերտ)  փաստում և փաստագրում են  ոլորտի զարգացումն ու առաջընթացը՝ խորհրդանշելով հայրենիքի վերածնունդն ու բացահայտելով մեր ճարտարապետների ստեղծագործական մտքի կարողությունները:

Անկախության 25 ամյակի և անցած շրջանում մասնագիտական հաջողությունների առթիվ շնորհավորանքի խոսքեր են ասել նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը, այլք:

Արմեն Ղուլարյան. ՀՀ քաղաքաշինության փոխնախարար

«Ուրախ եմ, որ վերջին 25 տարիների ընթացքում մեր ճարտարապետները կարողացել են ստեղծել հանրային նշանակության այնպիսի կառույցներ, որոնք նույնպես մեր ուսուցիչներից ժառանգածի կողքին դարեր շարունակ կմնան ու օրինակ կդառնան հաջորդ սերունդների համար»:

Տիգրան Բարսեղյան, Երևանի գլխավոր ճարտարապետ

-Պիտի հաշվետու լինենք միմյանց հանդեպ, հասկանանք՝ ինչ ուղղությամբ ենք գնալու, ինչ բացթողումներ ունենք, պիտի կարողանանք սահուն կերպով իրականացնել սերնդափոխությունը, անենք ավելին, քան արել ենք և երախտապարտ լինենք մեր ուսուցիչներին: Մենք պատասխանատու ենք ժամանակի առաջ:

Մկրտիչ Մինասյան, ՃՄ նախագահ

-Այսօրվա ցուցահանդեսը պատասխանում է այն հարցին, թե որքանով է մեզ հաջողվել չկորցնել և պահպանել ազգային կերպը: Լավագույն որակները միշտ էլ ունեցել ենք, երբ կարողացել ենք համադրել ազգայինը և ժամանակակիցը:

Հավելենք, որ ցուցահանդեսի հանձնակատար, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ ներկայացված աշխատանքները կներառվեն «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» խորագիրը կրող գիրք-ալբոմի մեջ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930