Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կանայք ավելի բավարարված են սեռական հարաբերությունների որակով ու քանակով, քան տղամարդիկ. հետազոտություն

Դեկտեմբեր 08,2016 13:19

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2016-ին իրականացրած «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները մտահոգիչ են:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փորձագետները նշեցին, որ նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում, երբ կանանց դեմ բռնությունների վերաբերյալ ստացվում են նաև տղամարդկանց պատասխանները, նաև իրենց իսկ նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Նշենք, որ հարցումն «արժեցել է» 40.000 ԱՄՆ դոլար:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ հետազոտությունը բացահայտել է մտահոգիչ իրավիճակ բռնության առումով: Դրականն այն է, որ հարցվողների մեծ մասը կարծում է, որ համապատասխան պրոֆեսիոնալ որակավորում ունեցող կինն ու տղամարդը կարող են հավասարապես լավ աշխատել. «Դրական է այն, որ հարցվողների 56 տոկոսից ավելին գտել են, որ ընդունելի ու անհրաժեշտ է, որ կանայք մասնակցություն ունենան քաղաքականության մեջ: Հարցվողների 90 տոկոսը մերժել է այն պնդումը, որ ֆիզիկական պատժի կարող է ենթարկել կնոջը սեռական հարաբերության չհամաձայնելու համար»:

Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը հայտնեց, որ նման հետազոտություն իրականացվում է ողջ աշխարհում: Հայաստանում հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի ՀՀ ողջ տարածքում, եղել է մեկ հիմնական հարցաթերթ և հատուկ հարցաթերթեր միայն կանանց ու միայն տղամարդկանց համար:

Փորձագետ Ջինա Սարգիզովան փաստեց, որ ՀՀ-ում տարիներ շարունակ նման հարցերի վերաբերյալ միայն կանանց տեսակետից էին պատասխաններ տրվում, իսկ այժմ լսելի է դառնում նաև տղամարդկանց տեսակետը:

Վերլուծելով արդյունքները՝ փորձագետը հայտարարեց, որ կանանց ու տղամարդկանց մեծ տոկոսը հայտարարում է, որ այսօր կանանց տեսնում է քաղաքականության մեջ: Սակայն միևնույն ժամանակ փաստեց, որ ցավոք, մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, որոշումների կայացման մակարդակում ունենք մոտ 90 տոկոս տղամարդկանց ներկայացվածություն. «Հարցման մասնակիցներն արձանագրել են, որ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ապահովմանն ուղղված օրենք կա, բայց ոչ մի պետական կառույցում ու դատարանում դեռ այս օրենքի կիրառմամբ վարույթ տեղի չի ունեցել»: Ըստ փորձագետի՝ հետազոտության արդյունքները գրեթե համապատասխանում են իրականությունը. «Հարցվածների 45.9 տոկոսը ենթարկվել է հոգեբանական բռնության, 21 տոկոսը ֆիզիկական: Ինձ մտահոգող փաստն այն է, տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է խոստովանել, որ ենթարկում է կանաց բռնության, քան այն կանայք, որոնք հայտարարել են, որ բռնության են ենթարկվել: Սա նշանակում է, որ այսօր տղամարդն արդեն պատրաստ է խոսել այն մասին, որ բռնության է ենթարկում, երկրորդը եզրահանգումը, որ մտահոգիչ է, այն է, որ միգուցե սա արդեն իր համար մոտենում է նորմին: Սեռական բռնության ենթարկվելու մասին հարցերը ինքնուրույն լրացվող հարցաթերթի մեջ են ընդգրկված եղել, ինչի արդյունքում տղամարդկանց 12 տոկոսը փաստել է, որ սեռական բռնության է ենթարկել իր զուգընկերներին»:

Նշենք, որ տղամարդկանց բռնության ենթարկված լինելու մասին ևս հարցեր են տրվել: Փորձագետը նկատեց. «Բռնության երևույթը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, որոնք ընկերների կողմից, բանակում կամ ընտանիքում են ենթարկվել բռնության: Ճիշտ է՝ այս դեպքում միայն հոգեբանական բռնության մասին է խոսքը»:

Հարցաթերթիկում հարցեր են եղել նաև սեռական կյանքից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ: Համաձայն արդյունքների՝ տղամարդկանց 86.8 տոկոսը գոհ է իր սեռական հարաբերությունների ինչպես որակից, այնպես էլ քանակից: Կանայք ավելի բարձր ցուցանիշ են արձանագրել:

Ջինա Սարգիզովան մտահոգություն հայտնեց, որ ըստ հարցման արդյունքների՝ տղամարդկանց գերիշխող մեծամասնությունն իր դերն ընտանիքում դիտում է որպես մատակարարի՝ սնունդ և գումար մատակարարողի:

Հարցման ընթացքում տղամարդկանց վերարտադրողական առողջությանը ևս անդրադարձ է կատարվել: Ջինա Սարգիզովան նշեց. «Տղամարդկանց 95 տոկոսից ավելին իր վերարտադրողական առողջությունը լավ ու գերազանց է գնահատել, այնինչ 36 տոկոսը միայն վերջին տարիներին դիմել է հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ, հարցվողների վեց տոկոսն ունեն քրոնիկ հիվանդություններ և դիմել է առաջին օգնության: Այնուամենայնիվ, առաջին հարցին տրվել է նման պատասխան: Սա մեզ համար առնականության պատկերացումների հիմնական ցուցիչ է, որ տղամարդը չի կարող իրեն վատ զգալ ու չի կարող տկար լինել»:

Պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդրով հղում կատարելով հարցման արդյունքներին՝ փորձագետը փաստեց, որ հենց կանայք են հայտարարում, թե լավ կլիներ, որ առաջնեկը տղա լիներ, իսկ այս հարցով կանանց հիմնավորումները մտահոգիչ են. «Կանայք հիմնավորում են, որ այդպիսով կգոհացնեն ընտանիքի անդամներին, կլինեն սիրված հարս, ամուսնուն շրջապատում ավելի բարձր դիրք կապահովեն: Սա նշանակում է, որ արդեն մեզ՝ կանանց, չեն էլ ստիպում, մենք ինքներս փորձում ենք նման որոշում կայացնել մեր ընտանիքի անդամներին հաճույք պատճառելու համար»:

Ամփոփելով Ջինա Սարգիզովան փաստեց, որ Հայաստանը գենդերային հավասարության ապահովման առումով, իհարկե, շատ լավ դիրքերում չէ, բայց լավ դիրքում է, ու այն, որ հարցվածների 56 տոկոսից ավելին տեսնում է կանանց ու տղամարդկանց նույն հնարավորություններն ու մասնակցությունը քաղաքականության մեջ, սա նշանակում է, որ մենք այլևս չենք ուզում անտեսել այն ներուժը, որ ունենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031